Հանցագործություն կատարելով՝ հեշտ գումար վաստակելու և չբացահայտվելու մոլուցքը շատերին է ներգրավել համացանցային թմրավաճառության շղթայի մեջ․ Հովհաննես Համբարյան

Ծնողները պետք է ուշադիր լինեն երեխաների կողմից օգտագործվող բջջային հեռախոսների, դրանց պարունակության, սոցիալական ցանցերով վարվող նամակագրությունների նկատմամբ, մշտապես ստուգեն դրանց բովանդակությունը, և որևէ տարօրինակ բան հայտնաբերելու դեպքում դիմեն իրավապահ մարմիններին:  Iravaban.netի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում անչափահասների ծնողներին այս հորդորն է ուղղել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանի հետ է:

– Պարոն Համբարյան, մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունները մշտապես գտնվում են հանրության առավել զգոն ուշադրության կենտրոնում. այս պահին ինչպիսի՞ պատկեր ունենք հանրապետությունում՝ տվյալ ուղղություններով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Նախ ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել ինչպես առհասարակ «Ներկայացնում է քննիչը» խորագրով հարցազրույցների շարքը նախաձեռնելու և այդ կերպ քննիչի բարդ և պատասխանատու աշխատանքը լուսաբանելու, այնպես էլ՝ ինձ ևս նշված շարքի մասնակից դարձնելու համար: Հաշվի առնելով, որ մարդկանց թրաֆիքինգի և  անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների տուժողներ են դառնում խոցելի խմբում գտնվող անձինք և անչափահասները, ովքեր հիմնականում զրկված են լինում իրենց պաշտպանելու հնարավորությունից, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունները առնչվում են հանրության բոլոր շերտերին և կարող են չարիք դառնալ յուրաքանչյուր հայ ընտանիքի համար՝ ուստի, կարծում  եմ, որ հասարակության պահանջկոտ և խիստ վերաբերմունքը նշված հանցագործությունների քննության նկատմամբ բնական է, և ինքս էլ ուրախ եմ այդ հանգամանքով, քանի որ դա պարտավորեցնում է իրավապահ մարմիններին օրեցօր կատարելագործվել, ուսումնասիրել այլ պետություններում իրականացվող քննության և պայքարի փորձը, մշակել մեր իրականությանը և ժամանակի պահանջներին համապատասխանող նոր մեթոդիկաներ և կիրառել դրանք: Նշեմ, որ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների ամենօրյա հսկողության ներքո, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում քրեական գործերի լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության և հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման վրա, և ըստ իս՝ հենց այս ամենի արդյունքում էլ տվյալ ոլորտում ունենք բավականաչափ հաջողություններ, ինչն արձանագրվել է ոչ միայն մեր, այլ նաև օտարերկրյա գործընկերների կողմից:

– Վերջերս Դուք մամուլի ասուլիսի շրջանակներում ներկայացրեցիք թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն  ուղղված որոշակի երևույթներ. եթե փորձենք ընդհանրացնել այս ասպարեզում առկա երևույթները, ապա ընդհանուր գծերով ի՞նչ ասելիքներ կունենաք:

– ՔԿ-ի կողմից այդ ասուլիսի կազմակերպումը նպատակ ուներ ոչ այնքան լուսաբանելու մեր կողմից կատարված աշխատանքը, այլ՝ հանրությանն իրազեկելու ոլորտում տիրող իրավիճակի և յուրաքանչյուր քաղաքացուն սպառնացող հնարավոր վտանգի մասին: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ համացանցն այսօր դարձել է առօրյա իրականության հետ տարբեր «խողովակներով» փոխկապակցված մի հարթակ, որը ծառայում է ինչպես քաղաքական ու տնտեսական գործընթացներ իրականացնելու, այնպես էլ տարատեսակ հանցագործություններ կատարելու համար: Կենցաղային մակարդակում, համացանցային հանցագործությունները ասոցացվում են կիբեռհանցագործությունների հետ, սակայն դա արդեն այդպես չէ, ավելին՝ համացանցն այն լավագույն գործիքն ու միջոցն է, որը սահմաններ, ազգություն, դավանանք, պետություն չի ճանաչում և հանդիսանում է տրանսկոնտինենտալ հանցագործությունների զարգացման ու ընդլայնման լավագույն տարբերակ: Հենց այս ամենի հետևանքով էլ թմրամիջոցների ապօրինի իրացման մեծ մասը տեղափոխվեց համացանցային տիրույթ՝ այդպիսով դառնալով ավելի լատենտային, և ստեղծելով խնդիրներ՝ հանցագործներին բացահայտելու համար: Սակայն այդ ամենը մեզ ստիպեց մշակել բացահայտման նոր եղանակներ, ինչի համար կարևոր խթան հանդիսացավ այն, որ ՔԿ նախագահի հանձնարարությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննվող բազմածավալ, հնչեղություն ունեցող և քննության առումով բարդություն ներկայացնող քրեական գործերի, ինչպես նաև համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված բոլոր քրեական գործերի նախաքննությունը կենտրոնացվեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Այս ամենը, վստահաբար, տվել է իր դրական արդյունքները, ինչի մասին վկայում են նաև վերը նշված ասուլիսի ընթացքում ներկայացված տվյալները և հնչեցրած թվերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Վերջին շրջանում իրավապահ մարմինները հաճախ են հայտնում ապօրինի թմրաշրջանառության այնպիսի դեպքերի մասին, որոնք կատարվել են սոցցանցերի, օրինակ՝ Telegram-ի միջոցով։ Նման դեպքերը կանխելու համար ի՞նչ քայլեր են կատարվում։

– Քննչական կոմիտեի կողմից մշակված քննության նոր մեթոդիկայի շնորհիվ արդեն իսկ դադարեցվել են Telegram-ի միջոցով թմրամիջոցների վաճառքով զբաղվող ավելի քան 40 ալիքների աշխատանքներ, բացահայտվել է ալիքները կառավարող 5 կազմակերպված խումբ, 50-ից ավելի անձ ներգրավված է որպես մեղադրյալ, ավելի քան 30 անձ կալանավորվել է: Կարծում եմ՝ Telegram-ի միջոցով թմրամիջոցների շրջանառության այսիսի մեծ քանակի հիմքում ընկած է այն, որ վերը նշված անձինք ավելի քան 4-5 տարի ամենօրյա ռեժիմով իրականացրել են տարատեսակ թմրամիջոցների վաճառք, ստացել են ահռելի եկամուտներ, սակայն երբեք չեն հայտնաբերվել, ինչից էլ կարծել են, որ իրենք անբացահայտելի են:

Հանցագործություն կատարելով՝ հեշտ գումար վաստակելու և չբացահայտվելու մոլուցքը շատերին է ներգրավել համացանցային թմրավաճառության շղթայի մեջ և ամենացավալին այն է, որ դրանք հիմնականում դեռահասներ կամ երիտասարդներ են, ովքեր կործանում են ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հասակակիցների ճակատագրերը: Միայն այն, որ մեր բացահայտումներից հետո այլևս բոլոր տելեգրամյան թմրավաճառները հասկացել են, որ իրենք ևս բացահայտման վտանգի տակ են, ստիպել է շատերին արդեն իսկ դադարեցնել իրենց գործունեությունը, սակայն դեռևս կան բախտախնդիրներ, ովքեր շարունակում են իրենց գործը՝ չպատկերացնելով անգամ, որ ամենժամյա ռեժիմով իրենց վերաբերյալ ձեռք են բերվում նոր ապացույցներ և ներկայումս էլ արդեն իսկ կան մի քանի էջեր, որոնց կառավարիչների և նրանց ստեղծած կազմակերպված խմբում ներգրավված տասնյակ անձանց տվյալները հայտնի են նախաքննական մարմնին, ուստի, վստահաբար շատ շուտով նրանք ևս կհամոզվեն, որ իրենք անբացահայտելի չեն և ՔԿ-ն նշված հանցագործությունների դեմ պայքարում շարունակելու է մղել կոշտ և անողոք պայքար՝ օգտագործելով օրենքով իրեն տրված ողջ լիազորությունները և գործիքակազմը: Կանխարգելմանն ուղղված քայլերից էր նաև Ձեր կողմից հիշատակված մամլո ասուլիսը և հուսամ այն ծառայեց իր նպատակին:

– Փաստորեն, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները ևս դրսևորումներ ունեն մեր հասարակության շրջանում. ինչպիսի՞ հորդոր կամ կողմնորոշիչ խոսք կուղղեիք ծնողներին և հենց անչափահասներին:

– Առհասարակ մի տեսակ անհասկանալի է այն, որ մեր իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք հանդգնություն են ունենում ոտնձգություններ կատարել հայ մարդու ունեցած ամենաբարձր արժեքներից մեկի՝ երեխաների նկատմամբ: Նշված հանցագործությունների քննությունը՝ ինչպես մարդկային հուզական, այնպես էլ գործերի քննության մեթոդիկայի առումով շատ բարդ է և պատասսխանատու, քանզի շփվելով արդեն իսկ տուժած երեխայի հետ՝ պետք է անես ամեն բան, որպեսզի կարողանաս հիմնավորել կատարված հանցագործությունը՝ միաժամանակ ևս մեկ անգամ հոգեբանական վնաս չպատճառելով տուժած երեխային: Ստացվեց այնպես, որ այսօր մշտապես խոսում ենք համացանցի մասին, սակայն դա օրվա հրամայական է: Ներկայումս ունենք արձանագրված դեպքեր, երբ երեխաների նկատմամբ ոտնձգությունները կատարվում են համացանցում՝ նրանց հետ նամակագրություններ վարելու միջոցով, ուստի այստեղ ևս պետք է հորդորեմ և՛ ծնողներին, և՛ մեր սիրելի մանկավարժներին, որպեսզի ուշադիր լինեն երեխաների կողմից օգտագործվող բջջային հեռախոսների, դրանց պարունակության, սոցիալական ցանցերով վարվող նամակագրությունների նկատմամբ, մշտապես ստուգեն դրանց բովանդակությունը և որևէ տարօրինակ բան հայտնաբերելու դեպքում դիմեն իրավապահ մարմիններին:

– Անչափահասների՝ տարատեսակ հանցագործությունների զոհ դառնալու վտանգները նվազեցնելու համար արդյո՞ք ՔԿ-ն համագործակցում է դպրոցների հետ։ Ըստ Ձեզ՝ իրավապահ մարմինների ու դպրոցների համագործակցության անհրաժեշտություն կա՞ կլինի դա թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների հետ հանդիպումների տեսքով, իրազեկման բնույթ կրող որոշակի միջոցառումներով կամ այլ կերպ։

– Իրականում այդպիսի համագործակցության ձևաչափեր կան, սակայն վերջիններիս ծավալների ու աշխարհագրության ընդլայնման անհրաժեշտությունն արդեն իսկ մեծապես կարևորվում է, և այն ներառված է մեր գործունեության ռազմավարական ծրագրերում, որոնք կյանքի ենք կոչելու առաջիկայում:

 Հատկապես ամռան ամիսներին՝ արձակուրդային օրերին, խանութներում, շինհրապարակներում կամ այլ աշխատավայրերում կարող ենք հանդիպել աշխատող դպրոցականների։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, նրանց ծնողներին առավել շատ ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել աշխատանքի անցնելիս՝ թրաֆիքինգի կամ ոլորտին բնորոշ այլ հանցագործության զոհ չդառնալու համար։

– Առհասարակ անչափահաս երեխաներին որևէ աշխատանքում ներգրավելը ինքնին ողջունելի չէ, սակայն հաշվի առնելով մեր բնակչության շրջանում առկա որոշակի սովորույթները  և իրողությունները՝ լինում են այդպիսի դեպքեր:  Բացի քննչական կոմիտեից, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների վրա ևս դրված է պարտավորություն՝ իրականացնել մոնիթորինգներ երեխաների աշխատանքի ներգրավման վայրերում, ինչն իրականացվում է: Դրա մասին է խոսում այն, որ վերջին տարիներին երեխաներին աշխատանքային շահագործման ենթարկելու վերաբերյալ գործերն այնքան էլ շատ չեն: Մեր հարգարժան ծնողներին մշտապես խորհուրդ կտանք՝ երեխաների հետ կապված ամենատարբբեր հարցերում, բնականաբար, պահպանել առավելագույն զգոնություն:

– Ինչպիսի՞ մասնագիտական հմտություններ են պահանջվում Ձեր կողմից ղեկավարվող վարչության քննիչների համար՝ ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված:

– Ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այնպես էլ մեր վարչության քննիչների համար առաջնային պահանջները լավ մարդ և պրոֆեսիոնալ իրավաբան լինելն է, սակայն անչափ կարևոր է, որպեսզի այդ հատկանիշները չխանգարեն միմյանց: Կարևոր սկզբունք է նաև այն, որ բոլորը պետք է գիտակցեն, որ անում են մեկ ընդհանուր գործ և իրենց հետ համատեղ աշխատող անձանց ընկալեն որպես իրենց ընտանիքի անդամների, քանի որ երբեմն աշխատավայում անցկացրած ժամանակը ավելին է, քան անգամ ընտանիքին տրամադրածը, ուստի, ամեն օր աշխատանքի այցելելիս դու պետք է զգաս, որ քո տնից գնում ես աշխատավայր, որտեղ քեզ սպասում են քո ընտանիքի մյուս անդամները: Ընդունված տեսակետ կա նաև, որ իրավաբանությունը շատ դեպքերում պայքար է մարդու խղճի և արդարության միջև, ուստի պետք է կարողանալ ճշմարիտ հավասարակշռել այդ երկու կարևոր արժեքները և կստացվի ցանկալի արդյունք. ըստ իս, յուրաքանչյուր քննիչ պետք է կարողանա նախ լինել արդարության կողմնակից՝ միևնույն ժամանակ չկորցնելով մարդկային կարևոր հատկանիշները:

– Պարոն Համբարյան, Ձեր կարծիքով իրավաբանի մասնագիտությունն ինչպիսի՞ սկզբունքներ է պահանջում մարդուց:

– Նախ՝ սեր ընտրած մասնագիտության և աշխատանքի նկատմամբ, ապա՝ սկզբունքայնություն և աշխատասիրություն:

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով