Երբ դու անգործության ես մատնված…«Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.«Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը հիմնականում տեղափոխվել է դիվանագիտական հարթություն, սակայն մինչև այժմ Հայաստանը արտաքին գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի խնդիր ունի։ Դրանով է մասնավորաբար պայմանավորված, որ Ադրբեջանը շարունակում է լկտիաբար ոչնչացնել հայկական մշակութային արժեքները, սակայն միջազգային հանրությունը լուռ է։ Իսկ այն դեպքերում, երբ որևէ արձագանք կա, օրինակ՝ Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին Եվրախորհրդարանի բանաձևը, ապա դա ավելի շատ ընդդիմության կողմից ներդրված ջանքերի արդյունք է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի դրանից, միջազգային հանրությունը և մասնավորապես Արևմուտքը, որն իբր հանդես է գալիս ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, իրականում աչք է փակում ոչ միայն այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում բացարձակ բռնապետություն է տիրում, կոպիտ կերպով խախտվում են մարդու իրավունքները, այլև որ այդ երկիրը բացահայտ ռազմական հանցագործություններ է իրականացնում հայության նկատմամբ և նախագահի մակարդակով հրապարակայնորեն էթնիկ ատելություն սերմանում։ Բայց քիչ է, որ միջազգային հանրությունը աչք է փակում Ադրբեջանի գործողությունների վրա, միևնույն ժամանակ Բաքվի հետ համագործակցության տարբեր նախագծեր են իրականացվում։ Օրինակ՝ ԵՄ-ն մեծապես շահագրգռված է միայն նրանում, որ Ադրբեջանն ավելացնի դեպի Եվրոպա գազի ու նավթի արտահանումը և ամեն կերպ սիրաշահում է Ալիևին։

Նույնիսկ քննարկվում է թուրքմենական գազը Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցնելու հարցը։ Միևնույն ժամանակ, չկա որևէ խոսք Թուրքիայի գործողությունների դատապարտման մասին, քանի որ այդ երկիրն անմիջական ներգրավվածություն է ունեցել Արցախի դեմ ագրեսիայի հրահրման ու վարձկան ահաբեկիչների հավաքագրման գործում։ Եվ այդ է պատճառը, որ Անկարան հիմա ավելի ցցուն ու ավելի ընդլայնված համագործակցություն է սկսել Ադրբեջանի հետ՝ միաժամանակ բացահայտ ցույց տալով, որ ինքն է հաղթանակի հիմնական շահառուն։ Եվ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ նախագահ Էրդողանից սկսած, արդեն պարբերական դարձած Ադրբեջան այցելության շրջանակներում անպայման հատուկ այցելում են Շուշի և Արցախից օկուպացված այլ տարածքներ ու առիթ գտնում շեշտելու իրենց աջակցության կարևորությունը։

Տեսանելի է, որ Անկարան Արցախյան պատերազմից հետո էականորեն ամրացրել է իր դիրքերն Ադրբեջանում, և այդ երկրում թուրքական չափանիշներ են ներդրվում՝ ռազմական ոլորտից սկսած, կրթական բնագավառով վերջացրած։ Սակայն Թուրքիայի գերնպատակը Ադրբեջանն ամբողջովին իրենից կախվածության մեջ գցելն ու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է։ Թվում էր, թե Թուրքիայի նմանատիպ ակտիվության արդյունքում պետք է, որ լարվեն Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները։ Բայց այս ամենով հանդերձ, Բաքվին հաջողվում է մյուս կողմից էլ պահպանել Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունները։ Անգամ Ռուսաստանի հետ նոր պայմանագրեր են կնքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ՝ վերջերս Ադրբեջանը և Ռուսաստանը անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին։ Ավելին՝ Բաքուն ակտիվ աշխատում է նաև Միջին Ասիայի երկրների հետ, և համագործակցության համար իրավապայմանագրային դաշտ է ստեղծվում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ թյուրքալեզու պետությունների կազմակերպության շրջանակներում։ Օրերս էլ Ադրբեջանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր և ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Իսկ Հայաստանը գործող իշխանությունների ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով նույնիսկ ի վիճակի չէ ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման հասնել և ավելի խոր անվտանգային համագործակցության բազա ստեղծել, ուր մնաց, որ կարողանա այլ կենտրոնների հետ աշխատել։ Եթե բարձր մակարդակի հանդիպումներ էլ տեղի են ունենում, ապա ստորագրվում են քիչ կարևորություն ունեցող և մեծ հաշվով ոչինչ չտվող, ձևական համաձայնագրեր, ինչի արդյունքում նույնիսկ հարցականի տակ են դրվում այդ այցելությունների նպատակահարմարությունը։

Օրինակ՝ այդպես էլ հարցական մնաց, թե ինչքանով էր կարևոր պատերազմից դեռևս ուշքի չեկած երկրի համար Փաշինյանի՝ Կատար կատարած այցելությունը, որը մեծ հաշվով ոչինչ չտվեց։ Իշխանությունները պետության հաշվին շարունակում են առանց համապատասխան օրակարգային հագեցածության այցելություններ ունենալ ու քամուն տալ հարկատուների վճարած գումարները։ Պետական պաշտոնյաների գործուղումներն արդեն նմանվում են ավելի շատ տուրիստական այցելությունների։

Նույն տրամաբանությունն է գործում նաև դեսպանների նշանակումների հարցում։ Փաշինյանն իր քաղաքական թիմակիցներից շատերին դեսպաններ է նշանակել՝ ոչինչ չանելու և հարկատուներիս հաշվին պարզապես փափուկ բարձերի վրա «հանգստանալու» համար: Մի խոսքով, իշխանություններն ուղղակի վայելում են իրենց պաշտոնները՝ բացարձակ անգործություն դրսևորելով նաև արտաքին «դաշտում», ինչից արագորեն օգտվում են հակառակորդները…»

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով