Ելույթս ԵԽԽՎ լիագումար նիստում.Հայկ  Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ  Մամիջանյանը  ֆեյսբույան իր էջում տեսանյութ  է  հրապարակել՝ԵԽԽՎ լիագումար նիստից,որին կից  գրառում    արել.

Մեծարգո նախագահող, տիկնայք և պարոնայք,
Բոլորս գիտենք, որ եղել է քարի դար, ոսկե դարաշրջան և այլն։ Այժմ կարծում եմ մենք ապրում ենք եվրոպական արժեքների ռետինե դարում։ Այդ արժեքները ճկվում են, ծռվում քաղաքական գործիչների քմահաճույքով։ Եվ դա է վկայում երեկ տեղի ունեցած քննարկումը, որը վերաբերում էր ՄԻԵԴ որոշման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կառավարության արձագանքին։
Մի քանի փաստ ևս։
Եվրախորհրդարանը ընդունել է 4 փաստաթուղթ, որոնցում կարևորվում է գերիների անհապաղ վերադարձի պահանջը, սոցիալական բնույթի ահաբեկչության անթույլատրելիությունը, ինչպես օրինակ սաստիկ ձմռան պայմաններում Արցախի ժողովրդին թողնելն էր առանց գազամատակարարման և որտեղ հստակ մատնաշվում էր 44-օրյա պատերազմի իրական ագրեսորը, սակայն դա որևէ հետևանք չունեցավ ԵԽ անդամ երկրի համար:
Տիկին, դուք անվանեցիք իմ հայրենիքի մի մասը Ադրբեջանի պատմական տարածք։ Ձեր գործընկերներից մեկը Մելի Մեջլիսում արդեն հող է նախապատրաստում «միջանցքի» հետ կապված Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա հրահրելու համար։
եվ պարոն Հուսեյնով,
Մենք ռեվանշիստներ չենք, մենք հայրենասերներ ենք։
Ավելին, ոչ ոք չի խոսում այն մասին, որ ԵԽ անդամ պետությունը օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը և պարզապես հրաժարվում է դուրս գալ։
Առկա են նաև մի քանի այլ փաստեր, որոնք վերաբերում են իմ երկրի ներքաղաքական կյանքին։
Օրինակ, ոստիկանությունը Երևանում ԵՄ դեսպանատան շեմին դաժանաբար ծեծում է հավաքի խաղաղ մասնակիցներին և կիրառում լուսաձայնային նռնակներ։ Եվ «շեմին» բառը ես օգտագործում եմ ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով։
Լրագրողներին և Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին չի թույլատրվում մասնակցել ժողովրդավարության և խոսքի ազատության թեմայով անցկացվող քննարկմանը, որին ներկա էին նաև ԵՄ տեղական պաշտոնյաներ։
Այո’, դուք ճիշտ լսեցիք. լրագրողներին թույլ չի տրվել մասնակցել ժողովրդավարության և խոսքի ազատության թեմայով միջոցառմանը։
Օրեր առաջ իմ երկրում օրեցօր կառավարության կողմից կուտակվող ատելության խոսքը հասավ ողբերգական նշաձողի. քաղաքական հայացքների պատճառով սպանվեց երեք անձ:
Հրապարակվում է և լայն տարածում է ստանում ձայնագրություն, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի գործող և նախկին նախագահները քննարկում են, թե ինչպես են պատրաստվում «գործեր սարքել» ընդդիմադիր գործիչների վրա:
Այս ամբողջ արհավիրքի պատճառը պոպուլիստներն են և բռնապետերը։ Եվ չսխալվեք, պոպուլիստները շատ արագ են վերածվում բռնապետերի։ Սա քաղաքական համավարակ է։ Եվ մենք պետք է ամբողջ ներուժով պայքարենք դրա դեմ, ճիշտ ինչպես COVID-19 համավարակի դեպքում։
Տիկնայք և պարոնայք, ինձ սովորեցրել են, որ արժեքները պետք է քարի պես ամուր լինեն։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Եվրոպան աչք է փակելու ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Եվրոպան մոռացել է ինքնորոշման իրավունքի մասին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար պարզապես ապրելու իրավունք է:
Եվրոպան նախկինում եղել է քրիստոնեա-դեմոկրատական արժեքների դրոշակակիրը։ Նույնիսկ եթե այժմ դուք որոշել եք հրաժարվել այդ դրոշից, մենք հպարտությամբ կծածանենք այն, քանի որ դա այն խաչն է, որը մենք պիտի կրենք:
Շնորհակալություն։
ՀԳ
Խնդիր կար արագ փոփոխելու ելույթս, որպեսզի արձագանքեի ադրբեջանական պատվիրակության զառանցանքներին՝ ուստի քաղաքական բանտարկյալների, այս շաբաթվա սպանությունների և մի շարք այլ հակաժողովրդավարական փաստերի մասին շատ կարճ խոսեցի:
Այլ կերպ չէի կարող վարվել:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two × three =