Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որոնց թիվն անցնում է 2 հազարը, փակել են ճանապարհը. նրանք ասում են՝ «Մեր հայկական Շվեյցարիան մի վերածեք գժանոցի»

 

shamshyan.com-ի  փոխանցմամբ  այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես  տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի  բնակիչները՝ ահել, ջահել, մեր ու մանուկ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի խոշորացման մասին իրենց որոշումը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մենք դեմ ենք, որպեսզի մեր գյուղերը խոշորացված ցուցակի տակ ընկնեն ու միանան Սևանին: Մենք մեր գյուղապետերով ուս-ուսի տված ծաղկացրել ենք ու շարունակելու ենք  ծաղկացնել մեր գյուղերը ու իզուր չի, որ տուրիստներ են գալիս մեր գյուղեր ու ասում են՝ այ մարդ, «մինի Շվեյցարիայում» ասես լինենք, ճանապարհներն ասֆալտապատած, մայթերը կարգի բերված, ցանկացած փողոցում արտաքին լուսավորության հարցը լուծված, աղբահանությունը կատարվում է ժամանակին: Մարդիկ էն աստիճան են իրար վստահում, որ ասես կոմունիզմը դեռ էս գյուղից դուրս չի եկել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Չգիտես, որ մի ծակ պռոֆեսորի գլխով է անցել, որ նման  որոշում է կայացրել: Միևնույն է,  մինչև վերջ պայքարելու ենք,  որպեսզի  մեր գյուղերը մնան նախկինի նման, թե չէ ինչ է նշանակում՝ տեղեկանքի, հազար ու մի հարցի համար մենք պետք է մի քանի կիլոմետր անցնենք,  թե հասնենք Սևան:

Դա հարցի լուծում չի, մենք պահանջում ենք,  որպեսզի խնդիրը հրատապ լուծեն, հակառակ դեպքում՝ պատրաստ ենք գիշերն էլ ճանապարհը փակենք»:   Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  ճանապարհի փակման հետևանքով խցանումը  արդեն հասնում է  1- 1,5 կիլոմետրի: Այս պահին գյուղացիների հետ բանակցում են ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և ոստիկանության Սևանի բաժնի ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանը:

Տեղում ծառայություն են կատարում նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի   4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով