Առաջարկում եմ սահմանել իդիոտիզմի պետական հարկ.Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

2007 թվականին Վալոնիայի, որի բնակչությունը 3.5 միլիոն է, տեղական իշխանությունները գրիլի ապարատով գրիլ անելու համար սահմանել էին պետական տուրք, գտնելով, որ այն գլոբալ տաքացման լուրջ վտանգներից է։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակագը, մտածելով իր քաղաքացիների առողջության մասին, 2008 թվականին սահմանեց պետական հարկ՝ արեւայրուքի համար։ Այսուհետ, եթե ուզում եք սոլյարիներում արեւայրուք ստանալ եւ մեծացնել քաղցկեղով հիվանդանալու ձեր ռիսկը, լրացուցիչ պետական հարկ պիտի վճարեք։
Տիբեթական մի հարկատեսակ էլ հատուկ հարկ էր սահմանում մեծ քիթ ունեցողների համար, ովքեր շատ ավելի են թթվածին կլանում, քան փոքրաքթերը։
Բայց այն հարկատեսակը, որը ես հիմա առաջարկելու եմ, կարծում եմ, նույնքան ակտուալ է, որքան օդի աղտոտման եւ օզոնային շերտի վնասման հարկատեսակը։
Առաջարկում եմ սահմանել իդիոտիզմի հարկ եւ ցանկացած դեպքում, երբ պետական որեւէ պաշտոնյա իդիոտ հայտարարություն կանի, ինչը կտիրաժավորվի մեդիայով եւ սոցիալական ցանցերով եւ ինչն ուղղակի վտանգ կներկայացնի հանրային հավաքական մտքի բռնաբարման տեսքով, սահմանել իդիոտիզմի հարկ։
Ի վերջո, մենք պատասխանատու ենք մեր ու մեր երեխաների մտքի «օզոնային շերտի» պահպանման համար, որը չպիտի պարբերաբար աղտոտվի արտաքին միջավայր ահա նման արտանետումներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով