ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավարը հանդիպել է ՀՀ ճանապարհային ոլորտի պատասխանատուների և ճանապարհաշինարարների հետ

ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավարը հանդիպել է ՀՀ ճանապարհային ոլորտի պատասխանատուների և ճանապարհաշինարարների հետ:Այս  մասին  տեղեկացնում է  «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:
?Հոկտեմբերի 4-ից 6-ն աշխատանքային այցով Երևանում է գտնվում ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավար Բուրի Կարիմովը։
Նշենք, որ Հայաստանը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի հիմնադիրներից և անդամներից է։ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նպատակն է նպաստել ընդհանուր օգտագործման ավտոճանապարհային ցանցի զարգացմանն ու կատարելագործմանը, աջակցել ԱՊՀ անդամ երկրների ճանապարհաշինության ոլորտի կազմակերպությունների ներուժին, կադրերի պատրաստմանը։ Կազմակերպությունն աջակցում է նաև ԱՊՀ երկրների կառավարություններին ճանապարհային քաղաքականության մշակման, իրականացման հարցերում։
?ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավար Բուրի Կարիմովը Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ՝ քննարկելով ճանապարհաշինության ոլորտին առնչվող բազմավեկտոր հարցեր։
?Բուրի Կարիմովը, բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստան է ժամանել փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի հրավերով, որպեսզի իրականացնի խորհրդատվություն, գործուն աջակցություն ցուցաբերի ճանապարհաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների, աշխատանքային նոր մեթոդների ներդրման գործում։
?Պարոն Կարիմովը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մի շարք ավտոճանապարհներ, որտեղ կատարվել են նորոգման և անվտանգության բարելավման աշխատանքներ։ ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավարը այցելությունների ընթացքում, դիտարկելով իրականացված աշխատանքները, իր նկատառումներն ու խորհուրդներն է ներկայացրել ճանապարհաշինարարներին, տեխհսկողություն կատարող կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով