Թուրքերն ամեն բան հաշվարկել ու ծրագրել են այնպես, որ Հայաստանը կրկին մնա միայնակ:Այս մասին գրում է ՀՀԿ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Փաստ է, որ 2016թ. ապրիլյան պատերազից հետո, առանց Թուրքիայի՝ Ադրբեջանը կամ չէր սկսի, կամ էլ կձախողեր նոր պատերազմը։ ՌԴ-ն չկարողացավ զսպել Թուրքիային՝ Արցախին արտաքին ագրեսիայից պաշտպանելու իրավա-քաղաքական գործիքակազմի բացակայության պատճառով։ Իսկ վճռական պահին, ակնհայտ սխալ (կամ դավաճանական) ռազմա-քաղաքական հաշվարկներ արեցին Հայաստանի կապիտուլյանտները՝ հրաժարվելով պատերազմը հոկտեմբեր ամսին կանգնեցնելու Կրեմլի միջնորդական առաջակությունից։
2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին էլ Ռուսաստանն է մտնելու համապետական ընտրությունների փուլ և Աստված գիտե, թե ինչե՞ր կարող են տեղի ունենալ այդ ընթացքում։ Կախված իրադարձությունների զարգացումից, Ռուսաստանը կարող է որոշ ժամանակ զբաղված լինել իր ներքին խնդիրներով։ Այդ ընթացքում Արևմուտքը կկարողանա՞ (կամ կցանկանա՞) արդյոք կանխել Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ թուրք-ադրբեջանական նոր ռազմական ագրեսիան։ Թե՞ Հայաստանում հակառուսականության նոր ալիք բարձրացնելու հաշվարկով, կրկին միայնակ կթողնի Հայաստանին՝ մեղքը ռուսների վրա գցելու հաշվարկով։