Ճանաչեք Գոհարին, ես վստահ եմ, որ նա իր խոսքն ասելու է գիտության անծայրածիր աշխարհում.Արմեն Մուրադյան

Ճանաչեք Գոհարին, ես վստահ եմ, որ նա իր խոսքն ասելու է գիտության անծայրածիր աշխարհում․․․ Գոհարը Արցախից է․․․Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրռում է արել  ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

ԵՊԲՀ ասպիրանտ, արդեն նաև կրտսեր գիտաշխատող Գոհար Կարապետյանի կյանքը կտրուկ փոխվեց 2020 թվականի սեպտեմբերից՝ Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմի հետևանքով:
Նախքան պատերազմը, այդ ընթացքում և գրեթե պատերազմական վերջին օրերը (մինչև հիվանդանոցի տարհանումը) Գոհարն աշխատել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-լաբորանտ: Երիտասարդ մասնագետն օրուգիշեր՝ քիչ բացառություններով, անցկացրել է հիվանդանոցում: Լաբորատորիան, որտեղ աշխատել է Գոհարը, հիվանդանոցային այլ ծառայությունների հետ պատերազմական ժամանակահատվածում տեղակայվել է բունկերում: Պատերազմից հետո՝ ուսումը շարունակելու և աշխատանքով պայմանավորված նա այժմ տեղափոխվել է Երևան:
Գոհարն Արցախից է, ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը և ընդունվել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բժշկա-կենսաբանական ֆակուլտետ: «Ցավոք, համալսարանն ավարտելուց հետո նեղ մասնագիտական ընտրության շրջանակը լայն չէր: Ընդունվել եմ ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի լաբորատոր ախտորոշում մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա և զուգահեռ աշխատանքի անցա նաև Երևանի բժշկական կենտրոններից մեկում: Երեք ու կես տարի աշխատելուց հետո վերադարձա Արցախ: 2016 թ.-ին ընդունվեցի ասպիրանտուրա ԵՊԲՀ-ի կենսաքիմայի ամբիոն և, կարելի է ասել՝ բժշկական համալսարանն այդ ժամանակ ներկայացավ ողջ հմայքով»,-պատմում է ասպիրանտը:
Գոհար Կարապետյանն ընտրել է նեյրոգիտության ոլորտը, մասնավորապես այժմ աշխատում է Ալցհեյմերի հիվանդության դեպքում ոսկրածուծի հնարավոր փոխազդեցությունն ուղեղի վրա ուսումնասիրելով: Նրա խոսքով՝ ներկայիս նպատակները կապված են թեկնածուական թեզի հետ՝ աշխատել և ստանալ «պրոդուկտ», որը հույս ունի փոքրիկ ներդրում կլինի գիտական՝ մասնավորապես նեյորգիտության ոլորտի բազմաթիվ գաղտնիքների բացահայտման գործում:
Նա ընտրել է ոչ թե գիտնականի, այլ հետազոտողի ուղին:
«Գիտնականն այլ հասկացություն է, որին չեմ հանդգնում հավակնել: Հետազոտողի ուղին կապված է իմ հետաքրքրությամբ և սիրով՝ դեպի բժշկագիտությունը, դեպի մարդը: Օրինաչափ է, որ առեղծվածային մարդու ուսումնասիրությունները պետք է սկիզբ առնեն ուղեղից, այդ իսկ պատճառով սկսել եմ հենց ուղեղի հետազոտություններից՝ կենդանական մոդելներ օգտագործելով»,- մանրամասնում է համալսարանականը:
Անդրադառնալով գիտության թեմային՝ երիտասարդ հետազոտողը գտնում է, որ Հայաստանում գիտությունը հուսալի ձեռքերում է:
«Ունենք հրաշալի գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ, որոնց գիտական միտքը շատ ճկուն է, ովքեր ճիշտ հարցադրումներ են անում և գիտականորեն մոտենում դրանց լուծմանը: Կցանկանայի, որ հայրենիքում նրանց ստեղծագործելու պայմաններն ավելի բարենպաստ լինեն՝ ամբողջ ներուժը դրսևորելու համար»,- նկատում է Գոհարը:
Նրա դիտարկմամբ՝ գիտությունը պետք է զարգանա բոլոր ոլորտներում: Նա՝ որպես նեյրոգիտության լաբորատորիայի ասպիրանտ, շատ ոգևորված է ԵՊԲՀ-ում՝ առաջիկայում ուղեղի հետազոտության կենտրոն հիմնելու գաղափարով:
Այս քայլը հիանալի հիմք կլինի, որ ավելի շատ երիտասարդներ հետաքրքրվեն և զբաղվեն գիտությամբ, ինչպես նաև արդեն կայացած բժիշկներն իրենց պրակտիկ գործունեությունը համատեղեն գիտականի հետ, քանի որ այսօրվա աշխարհում լավ մասնագետ լինելու համար պետք է քայլել գիտության հետ համահունչ:
Ասպիրանտը ցանկանում է նպաստել ֆունդամենտալ գիտության զարգացմանը Հայաստանում և Արցախում: Նրա համար գիտությունը աշխարհաճանաչման և ինքնաճանաչման ճշգրիտ ուղի է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով