«Փաշինյանն ու իր թիմը 2,5 տարի մեթոդաբար քանդել են հայ-ռուսական հարաբերությունները». Արթուր Վանեցյանի հարցազրույցը «Լուրերի դաշնային գործակալությանը»

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Լուրերի դաշնային գործակալությանը»` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը, այնտեղ ստեղծված իրավիճակն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Վանեցյանը նշել է.«Տեսեք, 2,5 տարի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեթոդաբար քանդել են հայ-ռուսական հարաբերությունները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն ռազմավարական գործընկերներ են եղել: Փաշինյանի թիմի իշխանության գալով՝ այս հարաբերություններն օրեցօր վատթարացել են: Հակառուսական հայացքներ ունեցող մարդիկ հայտնվել են կառավարությունում: Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում էր, որ ինքը կառուցել է ժողովրդավարություն, հեղափոխություն է իրականացրել, որ իրեն ոչ ոք չի հրամայել, քանի որ ինքն ամբողջ աշխարհի առաջնորդն է: Բայց իրականում մենք եկանք այս պատերազմին: Ուզում եմ նշել, որ մենք դրան եկանք, քանի որ Նիկոլ Փաշինյանը իրական աշխատանքի փոխարեն ինչ-որ պոպուլիստական հայտարարություններ էր անում` դուրս գալով  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացից»,-ասել է Վանեցյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ մինչև վերջին իրադարձությունները տեղի ունեցող բանակցություններին, քաղաքական գործիչը ասել է.«Ես նրան հրապարակավ հարցրել եմ, հարց եմ տվել. «Բացահայտեք գաղտնիքը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ի՞նչ փաստաթղթի կամ ի՞նչ թեմայի շուրջ եք բանակցում»: Նա խորհրդարանում ցինիկաբար պատասխանել է.«Ինչ-որ մեկն ինձ հարցնում է, թե ինչի շուրջ եմ ես պայմանավորվում ադրբեջանական կողմի հետ: Ինչի շուրջ ցանկանում եմ, դրա շուրջ էլ պայմանավորվում եմ»: Եվ ահա տեսանք ինչի մասին էր նա պայմանավորվում, պայմանավորվում էր մեր պատմական հողերը հանձնելու մասին: Ամենավատ երազում անգամ տեսնել չէինք կարող, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել այնպես, ինչպես լուծվեց»,-նշել է Վանեցյանը:

Այնուհետև նա նել է, որ Հայաստանի անվտանգությունը նման պայմաններում իրական վտանգի տակ է:

«Հայաստանի անվտանգությունն այժմ իրական սպառնալիքի տակ է, քանի որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության պատճառով հայկական զինված ուժերը մեծ կորուստներ ունեն: Նաև, անցած 2,5 տարվա ընթացքում Հայաստանում փոխվել է հատուկ ծառայությունների 5 ղեկավար: Փաշինյանի կողմից վարչապետի աթոռին անցկացրած ամեն րոպեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը»,-ասել է Վանեցյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով