ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ ԼԻԱՐԺԵՔ ԱՆԳՈՐԾՈւԹՅՈւՆ ԵՎ… ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ

Որքան հասկանում եմ Հայաստանի Հանրապետությունը՝ պետություն է, որն ունի կառավարություն և նախարարություններ ու նախարարներ, որոնց միակ իմաստը ոչ թե պարգևավճարներ ստանալը պետք է լիներ, այլ նաև համապատասխանությունը նախարարության պաշտոնական գործառույթներին։
Ուզում եմ բոլորիդ մի շոկային նորություն հայտնել՝ «Հայաստանի Հանրապետությունում կա Աշխատանքի և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ նախարարություն որը նույնիսկ ունի նախարար՝ Զարուհի Բաթոյան վերնագրով»։ Պատկերացնու՞մ եք, կա նախարարություն, իսկ մենք արդեն երկու ամիս է, որոշական սոցիալական հարցեր ենք լուծում բացառապես սեփական միջոցներով, բացառապես ժողովրդական կոորդինացիայով, բացառապես հիմնվելով անձնական նախաձեռնողականության և հայրենասիրական մղումների վրա։
Տիկնայք և Պարոնայք, մեկդ այս տիկնոջ ձայնը լսած կա՞ վերջին երկու ամսում։ Պատերազմ… Փախստականներ Արցախից, որոնց պետք էր տեղավորել, կերակրել… Արցախում մնացած բնակչությանը որոշակի սոցիալական օգնություն հասցնել… Այժմ կրկին անտուն ընտանիքներ, որոնց տները, մեկ գրչի հարվածով Զարուհի Բաթոյանի ղեկավարը հանձնեց ադրբեջանցիներին… Այդ մարդկանց և իրենց կենցաղի տեղափոխումը Հայաստան… 7000-ից ավելի վիրավորներ, որոնցից շատերը կմնան սահմանափակ կարողություններով… Մի խոսքով մի սար գործ և նախարարության լիարժեք անգործություն։
Ու՞մ վրա են հույսը դրել այս անմեղսունակները՝ վարչապետի պաշտոնակատարն ու նախարարը։ Մարդկանց ինքնագիտակցությա՞ն… Իրական Հայի՞, ով իր գործերը թողած զբաղվում է իրենց գործառույթներով… Թոշակառուների՞, ովքեր իրենց թոշակները փոխանցում են Հիմնադրամների և սոված մնում մեկ ամբողջ ամիս…
Հատուկ ուզում եմ նշել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, այս տարվա փետրվար ամսվա դրությամբ, 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 ՀՀ դրամ՝ մոտ 31 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար: Բաթոյանը 2019-ին մինչև մայիս ամիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 ՀՀ դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբեր ամսին՝ 5 166 699 ՀՀ դրամ պարգևավճար: Նախարարի աշխատավարձը 2019-ի հունվարին եղել է 420 000 ՀՀ դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ ամսեկան 793 680 ՀՀ դրամ, իսկ 2019-ի դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 ՀՀ դրամ աշխատավարձ:
Եվ այսպես… 2019 թվականի դեկտեմբերին նախարար Զարուհի Բաթոյանի աշխատավարձն ու պարգևավճարը միասին կազմել են 7 763 821 ՀՀ դրամ՝ մոտ 16 000 ԱՄՆ դոլար: Միայն 2019 թվականի դեկտեմբեր ամսին, Կառլ… Ինչի՞ համար։ Ո՞ր գործառույթների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով