«Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  ասուլիսին անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետ համագործակցությանն Արցախում ընթացող մարտական գործողությունների շրջանակում, ասաց, որ միասին են իրականացնում կառավարման, մարտական ամբողջ գործընթացը:

«ՀՀ վարչապետի հետ կապի մեջ ենք ոչ թե 1-2 անգամ, այլ եթե կապ է լինում, ժամը մեկ առնվազն: ՀՀ իշխանությունները տեղեկացված են ամբողջ պրոցեսին` սկսած առաջնագծից մինչև ժողովրդի առօրյա, պրոբլեմներ, և չկա մի խնդիր, որ վայրկյանների ընթացում լուծում չստանա: Եվ այս համախմբվածությունը, որը կա, պետք է շարունակել, դա է լինելու մեր հաղթանակի գրավականը»,-նշեց ԱՀ ղեկավարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսելով հրադադարից, Արայիկ Հարությունյանն ասաց, որ եթե Թուրքիան և Ադրբեջանը չհարգեն Ռուսաստանի միջնորդությունը, միջազգային կառույցների հայտարարությունները և չգնան կրակի դադարեցման, առաջին հերթին հումանիտար խնդիրների համար, և հետո արդեն բանակցությունների, ապա դա ապացույց է, որ այս տարածաշրջանում ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական պայքար է, այլ թաքնված է շատ ավելի ծանր, մարդկությանը վտանգ սպառնացող խնդիրներ կամ ծրագրեր:

«Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը, ինչպես նաև միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: Այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքների, միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքները: Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»,- շեշտեց Արցախի նախագահը։

Հարությունյանի խոսքով՝ այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին, այդ երկրները պետք է ցուցակագրել, և այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցեն իրենց իշխանությունների վարքագիծը, որոնք պետք է պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով