Ովքե՞ր կփոխարինեն Մարգարիտա Գրիգորյանին ու Պետրոս Ղազարյանին.«Հրապարակ»

«Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի աղմկոտ հրաժարականից հետո բուռն քննարկումներ են ընթանում, թե ով է նրան փոխարինելու այդ պաշտոնում։ Այս պահի դրությամբ տրվում է 2-3 անուն՝ «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Կառլեն Ասլանյանի, «1-ին լրատվականի» մեկնաբան Նվեր Մնացականյանի, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանի, լրատվական հաղորդումների տնօրենի ԺՊ Ռուբեն Շահինյանի, նաև՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանի նախկին խորհրդական, բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանի անունը։

Թեև դա արտառոց է, քանի որ Տիգրան Պասկևիչյանն իր 30 տարվա ընկեր Արա Շիրինյանից բաժանվեց բավականին վատ՝ վերջինիս մեղադրելով լճացման և Հանրայինը ռոբասերժական ճահճում պահելու մեջ և հրաժարական տալով խորհրդականի պաշտոնից։ Բայց մեր աղբյուրն ասում է, որ Տիգրան Պասկևիչյանի անունը քննարկվում է, և եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, որ Պասկևիչյանն է Մարգարիտայի իրավահաջորդը, ապա Արա Շիրինյանին ոչինչ չի մնա, քան աշխատել Տիգրանի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է Կառլեն Ասլանյանին, ապա ավելի հավանական է համարվում նրա՝ Հ1-ի լրատվական և վերլուծական հաղորդումների, քան Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը։ Նվեր Մնացականյանի մասով, առհասարակ, բացառում են, մեզ ասացին, որ նման լուրերը տարածում է կա՛մ հենց ինքը, կա՛մ իր ընկերները։

Տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարգսյանին, ճիշտ է, ոմանք անցողիկ ֆիգուր են համարում, սակայն հնարավոր է, որ եթե մարդ չգտնեն, հենց նա էլ ընտրվի։ Թեկնածուների թվում տալիս են նաև հեռուստալրագրող Վարդ Սիմոնյանի անունը, ով նույնպես հավակնում է գործադիր տնօրենի պաշտոնին։

Ինչ-որ մի շրջանակ շրջանառում է նաև ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի անունը, թեև անհասկանալի է, թե ինչու պետք է օրեցօր ընդլայնվող լիազորություններ ունեցող մարմնի ղեկավարը, որն արդեն շատ երիտասարդ չէ, գնա և իր անդարդ գլուխը դնի այդ հոգսի տակ, որքան էլ որ բարձր աշխատավարձը գայթակղիչ լինի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, նման մտավախություններ շատերն ունեն, այն էլ՝ այս խառը ժամանակներում։ Բայց նաև չի բացառվում, որ մրցույթին մասնակցեն մեծ թվով մարդիկ, և թեկնածուների ցանկից Նիկոլ Փաշինյանը կատարի իր ընտրությունը։

Նշենք, որ Հանրայինում պայթած սկանդալն ավելի խորքային պրոբլեմներ է առաջացրել։ Չի բացառվում,որ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաև Մարգարիտա Գրիգորյանի ֆինանսական գծով փոխտնօրեն Արարատ Հակոբյանն ու ԱԱԾ-ն ներկայացնող հաստիքային աշխատակից Կարեն Հակոբյանը։

Հանրայինի մամուլի քարտուղարը, սակայն, հերքեց 3 աշխատակցից բացի այլ անձանց դիմում գրելու տեղեկությունը՝ ասելով․ «Կարող եմ ասել, որ խորհրդի տված հայտարարություններից հետո, որ այլ մարդիկ ևս դիմում են գրել, որևէ տեղեկություն այս մասին չկա։ Շարունակում են իրենց աշխատանքը կատարել այս պահի դրությամբ»։

Ամեն դեպքում, մեր աղբյուրը վստահ է, որ կադրային մեծ մաքրում է սպասվում, և բացի Մարգարիտա Գրիգորյանից, Պետրոս Ղազարյանից ու Վարդան Հակոբյանից, սեղանին է ևս մի քանի հոգու դիմում, որոնց ուզում են անդրադառնալ մրցույթից հետո, երբ նոր տնօրենը կորոշի՝ պահո՞ւմ է, թե՞ ազատում նրանց աշխատանքից։

Գործադիր տնօրենի ԺՊ-ն կարող է 6 ամիս աշխատել, հետաքրքիր է՝ ե՞րբ կանցկացվի տնօրենի մրցույթը․ շատ արա՞գ, թե՞ մինչև 6 ամիս ընկած ժամանակահատվածում։ Կարծիքները կիսվում են, թեև ավելի գերակշռող է, որ մայիսի 14-ին արտակարգ դրության ավարտից հետո մրցույթը կհայտարարվի։

Իսկ մինչ այդ մաքրում են Մարգարիտա Գրիգորյանի թողած ինչ-որ «պոչեր», աուդիտ է անցկացվելու։ Հանրայինի մամուլի քարտուղար Տիգրան Դանիելյանը մեզ հայտնեց, որ տեղյակ չէ, թե երբ է լինելու մրցույթը, և խորհուրդ տվեց դիմել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ։

Խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը հարցին, թե երբ կկայանա մրցույթը, ասաց․ «Մտածում ենք՝ երևի մեկ շաբաթից, չգիտեմ, դեռ տենց չենք խոսել։ Մենք մտածում էինք, որ առաջիկայում, որովհետև հարց կա, թե ով է լինելու մրցութային հանձնաժողովում, մենք մտածում ենք՝ ինչ հանձնաժողով կազմենք, որ ընտրությունն արդար լինի»։

Հիշեցնենք․ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին բացի Հանրային խորհրդի անդամներից հրավիրվել էին նաև «դրսից անդամներ»՝ Երվանդ Երզնկյանը, Մարատ Օրդյանը։ Ստեփան Զաքարյանին հարցրինք՝ նորից ինչ-որ մարդիկ պե՞տք է հրավիրվեն։ «Մենք նախ պետք է մրցութային հանձնաժողով կազմենք, այդ հանձնաժողովը որոշի հաղթողին կամ հաղթողներին, նոր խորհուրդը հաղթողների միջից ընտրի և նշանակի տնօրեն»,- ասաց Զաքարյանը։

ՀԳ․ Ի դեպ, Հ1-ի լրատվական և վերլուծական հաղորդումների նախկին տնօրենի՝ Պետրոս Ղազարյանի փոխարեն նախատեսվում է կառավարության ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի թեկնածությունը, թեև մեզ հասած լուրերով՝ նա հակված է տեղափոխվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով