Պատասխանատուն կառավարությունն է, անչափ շատ եւ միշտ ինքնապարգեւատրվող կառավարությունը, Ազգային ժողովը

Օր առաջին՝ ինքնամեկուսացված
Առավոտյան անձրեւ եկավ, իմ այգում ծառերը կամաց-կամաց բողբոջում են։
Անելիք չկա, համացանցը ձգեց։Նայեցի՝ ինչ կա-չկա, պարզվեց բոլորը կորոնայի մասնագետ են, խորհուրդներ, հորդորներ, ահազանգեր։ Էկրանից՝ վարչապետի ժպտացող դեմքը՝ ինքն ու կինը բացասական պատասխան ունեն, կորոնան դեռ իրենց չի հասել , բայց ինքնամեկուսացվել են։Ոչ թե իրենց տանը, այլ՝ Սեւանի առանձնատանը։ Սեւանը մի տեսակ փորձաքար է, կարծեմ, երկու տարի առաջ ապրիլին դարձյալ մի քանի ժամով Սեւանում էին։
Խոսեցի որդուս հետ, այն քաղաքում, որտեղ ինքն է հիմա ապրում եւ սովորում, ահագին կորոնավիրուսված է։
Անհանգիստ եմ, խնդրեցի տնից դուրս չգա, ասաց, որ այդպես էլ անում է, քանի որ, նախ, իր համալսարանում դեռ արձակուրդային վիճակ է։Երկու ժամ հետո կրկին խոսեցինք, ասաց, որ համալսարանը մինչեւ ապրիլի 15-ը երկարաձգեց արձակուրդները։ Հնարավոր է, անցնեն առցանց ուսուցման։ Մի տեսակ լարված եմ։
Սենյակից-սենյակ եմ պտտվում, ոչ մի գիրք չեմ կարողանում բացել։
Լավ է, որ երեկ բորշ եփեցի, հիմա այդ հոգսը չունեմ։

Հեռուստացույցը չի փրկում, հակառակը, զայրացնում է։Միակ լուսավորը ինքնամեկուսացված իտալացիների երգն է, էդ մարդիկ ամեն ինչում էսթետ են։ Երգում էին պատշգամբներում։ Մտածեցի, տեսնես իմ քաղաքում կե՞րգեն ինքնամեկուսացվածները եւ եթե երգեն, ի՞նչ կերգեն․«Հասնենք Սասուն, մտնենք ՝ Վա՞ն»։
Չգիտեմ, մտքերս եւս ինքնա մեկուսացել են։
Վերադարձա համակարգչի մոտ։ Մի երկու բան էլ ես գրեցի, հաղորդակցվելու կարիք կա, մարդկանց տեսնելու, մարդ տեսնելու, լսելու կարիք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չի օգնում, համոզված եղեք։ Դուրս եկա այգի։ Ծառերը կամաց-կամաց բողբոջում են։Նկարեցի, գցեցի համացանց։ Թող մարդիկ դրական ազդակներ ստանան։
Թիվիներից մեկը օնլայն ռեժիմով առողջապահության նախարարության հայտարարությունն է տարածում։ Առաջին նախադասությունը նյարդայնացնում է․«Նոր կորոնա վիրուսով պայմանավորված առողջապահության նախարարությունը զգուշացնում է․․․» Իբր , ի՞նչ նոր, բա հինն ուր էր, կա՞ր հին կորոնա վիրուս։ Էս հարցում էլ են փորձում մանիպուլացնել։ Մեկ ամիս առաջ, երբ աշխարհն արդեն վարակված էր, զգուշացնում էին, ահազանգում։

Մենք՝ հայավարի դինջ եւ փնթի հանրաքվե էինք քարոզում։ Դռնեդուռ ընկած, մարդկանց ձեռքով բարեւելով, երեխեքին գրկելով, տնետուն ընկած։ Ասում էիք՝ ո՞ւմ շունն է, պինցետ, լանցե՞տ․․․Օֆ, չգիտեմ, չգիտեմ․․․
Հիմա՝ ինքնամեկուսացել եք, որ ի՞նչ անեք, բա կառավարությունն ո՞վ պիտի աշխատեցնի, արտակարգ վիճակ է, արտակարգ վիճակներում կառավարությունը պարտավոր է աշխատել արտակարգ պայմաններում՝ գիշեր-ցերեկ։ Վարչապետը ինքնամեկուսացել է, ԱԺ նախագահը նոր է քնից արթնացել եւ զգուշացնում է, թե կորոնան վտանգավոր է։
Չեմ ուզում շատ բան ասել․․․Ուզում եմ, որ մտքերս նույնպես ինքնամեկուսանան։ Չի ստացվում
Համակարգիչը եւս կարծես վարակված լինի։
Իտալիայից եկած մի կին են գտել, բզիկ-բզիկ են անում։
Իսկ ո՞վ հարցնի՝ ո՞ւր էին համապատասխան ծառայությունները, ի՞նչով էին զբաղված, ի՞նչու այդպես էլ չսովորեցիք ճշգրիտ, լրջմիտ եւ զուսպ աշխատելու արվեստը։
Պատասխանատուն այդ կինը չէ։

Պատասխանատուն կառավարությունն է, անչափ շատ եւ միշտ ինքնապարգեւատրվող կառավարությունը, Ազգային ժողովը։ Արտահերթ նիստ հրավիրեիք, ահազանգեիք, խորհրդարանական կաառավարման պետություն եք, չէ՞։
Քաշեիք կառավարության ականջները, ձգեիք եւ ստիպեիք աշխատել։
Էս մտքերս համացանց չեմ գցում։ Հոգնել եմ , մի տեսակ բարդակություն եմ զգում․․․
Այսքան քաղաքականացված կորոնավիորուս աշխարհի ոչ մի երկրում չտեսա։
Դուրս եմ գալիս մի քիչ քայլելու։ Մտածեցի, գնամ խանութ, մի քիչ բրինձ, հնդկաձավար եւ վերմիշել գնեմ։
Հետո ինքս իմ էդ մտքից ամաչեցի, իբր ի՞նչ պանիկայի մեջ ես, բրի՞նձը կփրկի։ Վերջին մի քանի ժամվա մեջ առաջին անգամ ժպտացի։ Պատկերացրի ինձ ու բրինձը մեր խոհանոցում, կողքից կորոնայի ահը։ Հետո մի նոր միտք՝ ահ չկա, իրոք՝ չկա, թու-թու-թու, չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վայ, կգժվեմ, ինչ մտածում եմ, պարզվում է տակը քաղաքական բան կա։
Հագա բաճկոնս, գլխիս քաշեցի գլխարկը եւ դուրս եկա։
Մանր անձրեւ էր մաղում, հաճելի օդ էր, գարնան շնչով, քայլեցի մոտ 4 կմ, հասա մեր թաղամասի խանութաշատ մասին։
Մարդիկ կարծես անտեղյակ էին, երեւի իրենց ոչ մեկը չէր զգուշացրել, որ պիտի ինքնամեկուսանան։ Կամ հեռուստացույց չունեն, կամ՝ համացանց։
Խանութներում աշխատողները առանց դիմակի են, առանց ձեռնոցի, անդարդ եւ անփույթ։
Մտածեցի, գուցե ճիշտն իրենք են։
Բա ինձ պե՞տք է իրենց բրինձն ու հնդկաձավարը։
Մտա կողքի մեկ այլ խանութ, տնտեսական ապրանքների։ Լեփ-լեցուն խանութ, ապրանքի ավելցուկ։ Զբոսնում եմ, էս եմ նայում, էն մյուս դարակները, լիքն են; Հասա զուգարանի թղթերի դարակներին, լիքը, շատ, տարբեր։
Ծիծաղս չեմ կարողանում զսպել, կանգնել, նայում եմ զուգարանի թղթերին եւ հռհռում եմ։ Արդեն մի քանի օր է, չեմ հասկանում, թե ինչու հատկապես՝ զուգարանի թուղթ։

Գիտեք, ամենազարմանալին որն էր, թեպետ մեր տանը կար մի քանի հատ, բայց մեխանիկորեն ձեռքս տարա եւ եւս երկու տուփ գցեցի զամբյուղի մեջ։ Կյանքիս մեջ երբեք այդքան ծիծաղելով զուգարանի թուղթ չէի գնել։
Երկու տոպրակ առեւտուր արեցի, ու եկածս ճանապարհով վերադարձա տուն։
Երթուղային վարորդները «կանեցում» նստած ծխում էին, կողքին սուրճի ապարատ կար, սուրճ էին խմում ու ծխում։
Մեկը համոզում էր մյուս երեքին, թե «կորոնան ախմախ բան ա, այ ախպեր, սթից պանիկայա»։ Մյուսները լսում էին, անթրաշ, հոգնած, տանջված ու ճաքճքած ձեռքերով մարդիկ էին։ Միջներից ամենալղարը ասա․«Ախպեր, պանիկան չգիտեմ, բայց մաշնես նստող չկա, պասաժիրը պակասել ա»։
Հասա տուն․․․

Համացանցում խելք սովորեցնողները ավելի են շատացել։
Գուցե արտակարգ դրություն հայտարա՞րվի․․․
Այդպես էլ Վենետիկը չտեսա, գնամ մակարոն եփեմ․․

Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով