Փոխել Հայաստանին պարտադրվող կեղծ օրակարգը

Հայաստանն ապրում է կեղծ օրակարգով։ Մեկը մի քար է գցում ձորը, հետո հարյուր խելոք հավաքվում են ու փորձում քարը ձորից հանել։

Աշխատանքային այդ ռեժիմը ձեռնտու է միայն մեկ մարդու։ Հետևաբար՝ պետք է այն փոխել։ Պատկերավոր ասած՝ ոչ թե պետք է ձորը գցած քարի հետևից գնալ, այլ քարը գցողին նետել ձորը ու հավաքել բոլոր քարերը, այսինքն՝ հասարակական–քաղաքական դաշտ բերել նոր օրակարգ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ նոր օրակարգում շատ առարկայական կետեր են՝ 1. սոցիալ–տնտեսական վիճակ, 2. անվտանգություն, 3. բարոյահոգեբանական մթնոլորտ, 4. պետական կառավարման որակ։

1.Բարեկեցություն
Մարդկանց առաջին հերթին հետաքրքրում է իրենց կյանքի որակը, ինչը բնական է։ Այդ առումով բազմաթիվ խնդիրներ կան ու դրանք է՛լ ավելի են խորանալու։ Ուստի՝ խնդիրների վերհանում և լուծումներ։

2.Անվտանգություն
Անվտանգության մասով խնդիրների ու լուծումների փաթեթը առավելապես վերնախավային հետաքրքրություն են ներկայացնում, բայց անհրաժեշտ են, որպեսզի պարզ դառնա գործող իշխանության ու դրա այլընտրանքի հսկայական տարբերությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3.Թույնի մթնոլորտ
Հայաստանում ատելության խոսքը գալիս է վերևից։ Այն պետական քարոզչության գործիք է դարձել։ Այդ մթնոլորտում ո՛չ ներդրումներ կլինեն, ո՛չ սեր, ո՛չ հանդուրժողականություն։

Ատելության խոսքի մերժումը դառնում է ազգային անվտանգության խնդիր։

4.Կոմպետենտություն
Գործող իշխանությունների ամենախոցելի տեղերից մեկը կոմպետենտության դեֆիցիտն է։ Դա հեղափոխականների «գենետիկ» հիվանդություններից է, այսինքն՝ միայն հայաստանյան ֆենոմեն չէ։

Հայաստանի իշխանությունն առերևույթ լեգիտիմ է քվեի ուժով, բայց ոչ լեգիտիմ՝ որոշումների կայացման իր անկարողությամբ կամ որոշումների ցածր որակով։

Մեր երկիրը դեռ կանգուն է՝ ի հեճուկս «նավավարի» էքսցենտրիկ, հախուռն, անհավասարակշիռ քայլերի ու պետական ապարատին հայտարարված պատերազմի։

Հանրությանն այլընտրանք է պետք՝ նոր որակի լիդերությամբ ու կոմպետենտ թիմի տեսքով։

Միտումնավոր ձևով պարտադրվել է կեղծ երկընտրանք, ըստ որի՝ գործող իշխանության այլընտրանքը նախկին իշխանությունն է։ Սա շատ կեղծ բաժանում է, քանզի հների ու նորերի մեջ էլ կան լավ ու վատ սուբյեկտներ։ Հայաստանի համար այլընտրանքը պետք է լինի նոր որակի կառավարումը՝ ազգային նոր առաջնորդի և մերիտոկրատիայի՝ արժանավորների իշխանության միջոցով։

Հնին վերադարձ չի կարող լինել։ Դա հակաբնական ու հակաբանական է։ Ինչը, սակայն, չի նշանակում, որ վերադարձ թույլ չտալու համար պետք է հանդուրժել «նորերին»։ Պետական կառավարումը պահանջում է կոմպետենտ ու չկոռումպացված մարդկանց, ոչ թե հնի ու նորի պիտակավորում։

«Անգրագետ ենք ու անփորձ, բայց «զատո» թալանչի չենք» բանաձևը պողոսների համար է և ապագա չունի։ Համ էլ՝ շատ մեծ հարցականի տակ է հայտնվել այդ բանաձևի ««զատո» թալանչի չենք» մասը։

Հայաստանը պետք է դուրս բերել մեկ օրվա կյանք ունեցող կեղծ օրակարգերի ճիրաններից ու ստեղծել նոր որակի պետություն

Քաղաքագետ   Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով