Սա պայմանավորված էր, այստեղ անելիք չկար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը (Հենրիխ Մխիթարյանի մայրն է)՝ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը խայտառակություն որակելով։
«Ես արդեն 40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ և այսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէի տեսել։ Ամեն ինչ պլանավորած էր, նրանք հանդիպել էին բոլոր ակումբերի հետ և չգիտեմ՝ ինչ պայմաններ են նրանց առաջարկել, որ ակումբներն այդպես որոշեցին։ Իմ թեկնածությունն առաջադրվել էր «Նորացված Փյունիկի» կողմից և նրանք ամեն ինչ արեցին, որ «Նորացված Փյունիկը» չմասնակցի ընտրություններին։ Երևի, ես նրանց խանգարում եմ ֆուտբոլի մեջ»,- ասաց Մարինա Թաշչյանը։
Նա նշեց, որ եթե իր գիտելիքների կարիքը չունեն, ապա նա ոչ մի քայլ չի ձեռնարկի, սակայն պայքարելու է մինչև վերջ։ Ըստ նրա՝ հայկական ֆուտբոլն այս վիճակում չի զարգանա։
«(Արմեն– խմբ.) Մելիքբեկյանը շատ գեղեցիկ խոսում է, տեսնենք, թե ինչպես գործ կանի: Այդքան գումար յուրաքանչյուրն էլ կարող է տալ ու դրսից տեխնիկական տնօրեն եւ մրցավարական բաժնի պետ հրավիրել: Թող այդ ամենը տեղի կադրերով անի»,- նշեց նա և հավելեց, որ, այնուամենայնիվ, ընտրողների վրա ճնշում եղել է։
Հարցին, թե արդյոք իր հայտարարությունները ֆեդերացիան կարող է Հենրիխ Մխիթարյանի դեմ օգտագործել, Մարինա Թաշչյանը պատասխանեց, որ եթե կօգտագործի, թող օգտագործի։ «Դա միայն իրենց վնաս կտա, արդեն օգտագործել են։ Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են, ավելին չեմ ասի»,-ամփոփեց նա։