Մուֆլոնների ու կենգուրուների անկման պատճառ է եղել սուր-ծակող առարկան

Загрузка...

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են Կենդանաբանական այգում անկած կենդանիների (3 կենգուրու և 3 մուֆլոն) լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն:

Տեսչական մարմնի փոխանցմամբ, պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր, պարանոցային ողերի կոտրվածք, սրտամկանի վրա ինֆարկտային օջախներ, պատռված որովայնապատ և այլն):

Նմուշներ են վերցվել նաև մանրէաբանական հետազոտության համար: Շեղումներ չեն հայտնաբերվել:

Panorama.am-ի լրացուցիչ հարցին, թե հստակ կարո՞ղ են նշել՝ ի՞նչ նկատի ունեն սուր-ծակող առարկա ասելով, ՍԱՏՄ մամուլի ծառայությունից հստակ պատասխան չտվեցին, ասացին. «Սուր-ծակող առարկան կարող է ատամ լինել, իրավունք չունենք գրել ատամ, քանի որ այդ պահին չենք տեսել, չենք կարող վստահաբար պնդել, որ ատամ է։ Այդ առարկան դանակ չէ, դանակի պարագայում կնշեինք սուր-ծակող-կտրող առարկա»։

Հարցին, թե կարող են իրականցրած փորձաքննությունից լուսանկարներ տրամադրել, ասացին. «Մենք նկարներ չենք արել»։

Աղբյուր`panorama.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...