Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառույցի շրջանային ժողովը: Այդ մասին տեղեկացնում է «Ապառաժը»
Շրջանային ժողովին ներկա է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը: Դաշնակցությունը սովորաբար հայտարարում է, որ ապակենտրոն կառույց է և տեղական կազմակերպությունների գործունեությանը չի միջամտում:
ՀՅԴ Արցախի կառույցի շրջանային ժողովին Արմեն Ռուստամյանի մասնակցությունը, մինչդեռ, վկայում է, որ Ստեփանակերտում քննարկվելիք հարցերը Դաշնակցության Բյուրոյի ուշադրության կենտրոնում են եւ վերահսկվում են:
Շրջանային ժողովը պետք է քննարկի եկող տարվա նախագահական ընտրություններին ՀՅԴ Արցախի կառույցի մասնակցության հարցը: Ըստ երեւույթին, Արմեն Ռուստամյանը Բյուրոյի կողմից Ստեփանակերտ է գործուղվել, որպեսզի Դաշնակցության արցախյան կառույցը որևէ անսպասելի որոշում չընդունի:
Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ Դաշնակցության արցախյան կառույցը կարող է հայտարարել նախագահի թեկնածուներից մեկին պաշտպանելու մասին: Երևում է, ՀՅԴ Բյուրոն դեմ է այդ «հարմարվողական» կեցվածքին, և Արմեն Ռուստամյանն ամեն ինչ անելու է, որ շրջանային ժողովը կայացնի Արցախի նախագահի սեփական թեկնածու առաջադրելու որոշում:
ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն ավելի վաղ ասել էր, որ այդ թեկնածուն կարող է լինել նաև ոչ դաշնակցական: Ստեփանակերտում իրազեկ աղբյուրները նաեւ խոսում են ՀՅԴ արցախյան կառույցում ներքին տարաձայնությունների մասին:
Մասնավորապես, շարքային կուսակցականները գտնում են, որ Դաշնակցության Արցախի ԿԿ-ն անցած տարիներին սերտաճել է իշխանությունների հետ, և շրջանային ժողովը պետք է ամբողջովին նոր Կենտրոնական կոմիտե և ներկայացուցիչ ընտրի: