Այս տարի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը աղմկահարույց քննարկումների կիզակետում էր տարբեր հարթակներում: Ամեն ինչ սկսվեց պաստառներից՝ «Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Խուժան կինո գալի՞ս ես», «Գռուզիտ կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես», «Փախած կինո գալի՞ս ես» գրություններով պաստառներն իրարամերժ գնահատականների արժանացան, իսկ հետո արդեն՝ նաև ֆիլմերի ցանկը:
Հիշեցնենք, որ ֆիլմերին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Երևանում երեկ թուրքական ֆիլմ եմ դիտել։ Թուրքերենով։ Թուրք զինվորների մասին, որ սուզանավում էին ծառայում։ …Կինոթատրոն գնացել էի լրիվ այլ ֆիլմ նայելու…Դահլիճից դուրս գալը չափազանց անհարմար էր, մտքումս որոշեցի՝ թքած, մի 20 րոպե կհամբերեմ։ 20-ը 40 դարձավ, վերջապես ֆիլմն ավարտվեց ու… «Իմ նոր տարին» ֆիլմի փոխարեն սկսվեց մեկ ուրիշ այլանդակություն՝ վրացական մի ֆիլմ տրանսգենդեր կնոջ մասին։ Իսկական պոռնկություն, որի առաջին իսկ րոպեներից տիկնոջս հետ լքեցինք դահլիճը։ Հետո արդեն «Ոսկե ծիրան» փառատոնի կայքում նայեցի ֆիլմի մասին գրվածքը, որտեղ բառացիորեն նշված է հետևյալը. «Ֆիլմն ինտիմ ուղևորություն է, որը բացահայտում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ աշխարհն ու մտքերը. նա ազատության սեփական ձգտման և ծնողների ավանդական ակնկալիքների ծուղակն է ընկել»։