«Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսին ուղերձ էր հղել Ռոբերտ Քոչարյանը, որն ընթերցեց նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը․
Հարգելի բարեկամներ, վերջապես հայտնվեց իմ գրքի հայերեն թարգմանությունը: Ես շատ կցանկանայի, որ գրքի հայերեն և ռուսերեն հրատարակությունը լույս տեսնեին միաժամանակ, սակայն ցավոք, իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի դա անհնարին լինի: Հայերեն ձեռագրերի վրա ես ստիպված էի աշխատել բանտում, համակարգչի և այլ տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում:
Ես հնարավորություն չունեի շփվելու թարգմանիչների հետ, ինչը խիստ կարևոր է նրանց կողմից հեղինակի լեզվական ինդիվիդուալ հատկությունները հասկանալու համար: Չնայած այդ դժվարություններին, գիրքը հրատարակված է և ես շնորհակալ եմ բոլորին, ով մասնակցեց դրա պատրաստմանը: Ինչպես գիտեք, գրքում վերարտադրված են բազմամյա անցյալի իրադարձություններ և նկարագրված են դրանք այն ժամանակների ընկալման տեսակետից: Գրքի առաջին մասը մեր պատմության հերոսական էջերի և այդ էջերը կերտող մարդկանց մասին է: Մեր հաղթանակը Ղարաբաղում ինչ-որ կանխորոշված բան չէր: Հակառակը. հաջողության հասնելու հնարավորություն մենք շատ քիչ ունեինք: Հենց դրանով էլ ավելի արժեքավոր են մեր ձեռքբերումները և այդ իսկ պատճառով ավելի պատասխանատու կերպով պետք է վերաբերենք դրանց այսօր:
Կարևորագույն ճակատագրական որոշումներ ընդունելիս մենք ավելի կուռ էինք, ավելի վճռական, խիզախ և արագ, քան մեր թշնամիները: