Թավշյա քմահաճությամբ մշակույթի հերն անիծում են
Նախորդ տարվա իշխանափոխությունից հետո մշակույթի ոլորտը հանձնվեց կրավորական մարդկանց, ովքեր մշակույթը մյուս ոլորտներից տարբերելու պարզունակ ընդունակություն չունեն:
Մշակույթի` հատկապես դասական արվեստի բնագավառն, ունի զգայուն առանձնահատկություններ, և այս ոլորտին վերաբերող յուրաքանչյուր փոփոխություն անհրաժեշտ է կատարել մեծ նրբանկատությամբ` համապատասխան մասնագետների, արվեստի հեղինակավոր և ճանաչված գործիչների հետ բաց և շահագրգիռ քննարկումների ճանապարհով:
Սա այն ոլորտը չէ, որտեղ միայն «քայլած լինելու» հանգամանքը բավական լինի արդյունք արձանագրելու համար, որտեղ կարելի է թույլ տալ կամայականություն և տեխնոկրատական քմահաճություն: Այստեղ պետք է դատել նաև որպես հանդիսատես, այսինքն`գնահատել ոչ այնքան անձերն ու զուտ օրենքի տառին նրանց համապատասխանությունը, այլ առաջին հերթին արդյունքը` բարեխիղճ ու արհեստավա՞րժ է իր առաքելության շրջանակներում, արդյունքներ գրանցե՞լ է իրեն վերապահված գործում, թե՞ ոչ:
Եթե դիտարկենք Օրբելյանի պարագան, ամեն բան ավելի քան ակնհայտ է. թատրոնին նոր վերելք ապահովեց, նոր պրեմիերաներ բեմադրեց, նվագախմբին բարձրացրեց բեմ, նոր հյուրախաղեր կազմակերպեց և որ ամենակարևորն է` հանդիսատեսին նորից բերեց թատրոն, ապահովեց լեփ-լեցուն դահլիճներ: Օրբելյանը մեծատաղանդ արվեստագետ է, և իհարկե ունակ է անելու ավելին նախ և առաջ իր մեծ հեղինակության հաշվին: Օպերայի և բալետի թատրոնն այսօր նոր շունչ է ստացել առաջին հերթին դասական արվեստի աշխարհում Օրբելյանի ունեցած անձնական կապերի շնորհիվ, ով կարողնում է շատ ցածր հոնորարներով Հայաստան հյուրախաղերի հրավիրել աշխարհահռչակ արվեստագետների:
Նոր իշխանությունները սիրում են պատեհ-անպատեհ կրկնել` թողեք աշխատենք: Օրբելյանի պարագան հենց այդ բացառիկ դեպքն է, երբ պետք է հնարավորություն տալ մարդուն շարունակելու աշխատել: