Յոթ քրեական գործ՝ սոցիալական աջակցության աշխատակիցների կողմից հանցագործություններ կատարելու փաստերով

Սյունիքի մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել Սյունիքի մարզպետին

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված նյութերով պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը նպաստառու շահառուի համար նպաստ ձևակերպելու դիմաց առաջարկել է իրեն տալ նրան հասանելիք` տարվա 6 ամիսների նպաստի գումարները։ ՀՀ դատախազության տեղեկացմամբ, դրանից հետո հանրային ծառայողը 2009-2010 թթ․ ընթացքում, նախնական պայմանավորվածության համաձայն, շահառուից անձամբ ստացել է 2009-2010 թթ․ 12 ամիսների նպաստի գումարները։ Բացի դրանից, նույն մասնագետը մեկ այլ շահառուի օգտին կատարելով նույնաբովանդակ գործողություններ՝ պահանջել է իրեն տալ հասանելիք նպաստի գումարներից տարվա 6 ամիսների նպաստի գումարները։ Շահառուի հրաժարվելուց հետո առաջարկել է իրեն փոխանցել տարվա յուրաքանչյուր ամսվա նպաստի գումարի կեսը, ինչին շահառուն համաձայնել է, որից հետո 2015թ․ առաջին 6 ամիսների և 2016թ․ առաջին 5 ամիսների նպաստի գումարի կեսը մասնագետն անձամբ ստացել է շահառուից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած քննության ընթացքում տարածքային գործակալության մասնագետը հերքել է շահառուներից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու հանգամանքը, սակայն չի առարկել համաներում հայտարարելու ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դեմ։

2019թ. մարտի 19-ին քրեական գործով վարույթը կարճվել է և համաներման ակտ ընդունվելու հիմքով սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության մասնագետի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:

2018 թվականի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննվել են 7 քրեական գործեր՝ հարուցված Սոցիալական աջակցության Սյունիքի տարբեր՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրիի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու փաստերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանցավոր գործողությունները դրսևորվել են շահառուներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու կամ ցուցակներից չհանելու կամ որպես սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի միանվագ դրամական օգնություն տրամադրելու հիմքեր ստեղծելու համար ապօրինի վարձատրություն ստանալու, առանց տնայց կատարելու տնայցի մասին կեղծ փաստաթուղթ կազմելու, խարդախությամբ պետության կողմից տրամադրվող օգնությունը հափշտակելու եղանակներով։

Երկու քրեական գործ սոցիալական ապահովության Գորիսի տարածքային գործակալության երկու աշխատակիցների նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Մեկ քրեական գործով վարույթ՝ սոցիալական ապահովության Սիսիանի տարածքային գործակալության մեկ աշխատակցի նկատմամբ, կարճվել է համաներման ակտ կիրառելու հիմքով, ևս չորս քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։

Հաշվի առնելով, որ նմանօրինակ գործելաոճը պարարտ հող է ստեղծում հանցավորության աճի համար, և ելնելով հանցանքի կատարմանը նպաստող պայմանները և պատճառները վերացնելու անհրաժեշտությունից, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը միջնորդագիր է ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին:

Միջնորդագրով մարզի դատախազն առաջարկել է քննարկել Սիսիանի տարածքային գործակալության նշված հանրային ծառայողի, ինչպես նաև նմանօրինակ խախտումներ թույլ տված այլ ծառայողների վարքագիծը և նրանց պաշտոնավարման հետագա նպատակահարմարությունը։ Բացի դրանից, առաջարկվել է հանձնարարել ձեռնարկելու համապատասխան միջոցներ հետագայում նման արարքների կատարումը բացառելու նպատակով և արդյունքների մասին հայտնել Սյունիքի մարզի դատախազություն:

livenews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով