Կենտրոնական բանկի պահուստները դատարկվում են. Մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով.168.am

Загрузка...

Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են։ Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։ Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները մնացել են 1 մլրդ 994 մլն դոլար։

Սա նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով բավական կտրուկ անկում է։ Թե ո՞ւր են գնացել այս գումարները, հայտնի չէ։  Փաստ է, որ դրանք սովորաբար օգտագործվում են երկրի տարադրամային պահանջարկը սպասարկելու համար։ Դա լինի արտաքին, թե ներքին հատվածում։

Կենտրոնական դրամատան միջազգային պահուստների կրճատման գործում, ըստ էության, որոշակի դեր է ունեցել ներքին արժութային շուկայի պահանջարկի բավարարումը։ Առկա է տարադրամային հոսքերի հաշվեկշռի վատացում, ինչը մեծացրել է ճնշումն ազգային արժույթի վրա։ Վերջին շրջանում դա արտահայտվում է հատկապես դոլարի դիրքերի ամրապնդման տեսքով։

Արդեն բավական ժամանակ ամերիկյան արժույթի գինը գտնվում է 490 դրամի սահմաններում։ Թե այն հետագայում ինչպես կդրսևորի իրեն, ցույց կտա ժամանակը։

Ամեն դեպքում մի բան ակնհայտ է, որ, թեև այս փուլում վաղ է խոսել դոլարի նկատմամբ դրամի էական անկման մասին, այնուհանդերձ վերջին շրջանի զարգացումները վկայում են, որ դրա վրա ազդող գործոններն ազգային արժույթի համար նպաստավոր դիրքում չեն։ Տարադրամային ճնշումը ներքին շուկայում մեծացել է` պայմանավորված մի կողմից՝ արտարժույթի ներհոսքի ցածր ակտիվությամբ, մյուս կողմից` արտահոսքի առաջանցիկ աճով։

Որքան էլ ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքում Հայաստանի արժութային շուկան որոշակի տատանումներից հետո կարողացավ վերականգնել կայունությունը, այնուհանդերձ հաջորդող շրջանում տեղի ունեցող պրոցեսներն այնքան էլ դրա օգտին չեն։ Իշխանափոխությունից հետո արժութային շուկայի տարադրամային հոսքերի դինամիկան մտահոգիչ է։ Դա ակնհայտ է գրեթե բոլոր ուղղություններով։ Մուտքերի նոսրացումն ուղեկցվում է ելքերի ավելացմամբ։

Նման դրսևորումները, բնականաբար, բացասական գործոն են՝ ինչպես ընդհանրապես ֆինանսական միջավայրի, այնպես էլ՝ ազգային արժույթի կայունության և շուկայի հավասարակշռության պահպանման համար։

Հայաստանի տնտեսության մեջ և արտաքին հատվածում տեղի ունեցող ոչ ցանկալի զարգացումների հետևանքով պակասում են երկիր մտնող տարադրամային հոսքերը։ Դա արտահայտվում է՝ ինչպես ներդրումների և ֆիզիկական անձանց փոխանցումների, այնպես էլ՝ արտաքին առևտրի ոլորտում։

Չնայած ձևավորված սպասելիքներին, այնուհանդերձ արտաքին կապիտալի հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության նկատմամբ, նույնիսկ խորհրդարանական ընտրություններից հետո,  շարունակում են չափազանց ցածր լինել։ Օտարերկրյա ներդրողները չեն շտապում իրենց գումարները բերել Հայաստան։ Այս հատվածից տարադրամային միջոցների ներհոսքն ակտիվություն չի դրսևորում։ Ներքին միջավայրից ևս ներդրումային կապիտալի մուտքը ֆինանսական շուկա պասիվ է։

Հազիվ թե կարելի է սպասել, որ մոտ ժամանակահատվածում իրավիճակը կփոխվի։ Դրա համար բավարար հիմքեր չկան։ Գրեթե չկան նոր ներդրումային ծրագրեր, որոնք կարող են նպաստել այս հատվածից տարադրամային հոսքերի ավելացմանը։

Խնդիրը, սակայն, միայն ներդրումները չեն։ Անցած տարվա վերջից նվազում են ֆիզիկական անձանց արտաքին ֆինանսական փոխանցումները, որոնք կարևոր դեր ունեն ներքին շուկայի տարադրամային պահանջարկի բավարարման գործում։ Միայն 2018թ. նոյեմբեր-դեկտեմբերին արտերկրից բանկային համակարգով պակաս է ստացվել գրեթե 30 մլն դոլար։ Թեև տարեսկզբի ակտիվ դրսևորումների արդյունքում մուտքերի աճը պահպանվեց, այնուհանդերձ տարեվերջին այն էապես փոքրացավ։

Եթե առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց փոխանցումները Հայաստան ավելացել էին՝ 14,4, առաջին կիսամյակում` 8,7 տոկոսով, ապա արդեն տարվա կտրվածքով աճը կազմեց հազիվ 1,6 տոկոս։ Խոսքը մուտքերի ընդամենը 29 մլն դոլարով ավելանալու մասին է։

Փոխարենը՝ մի քանի անգամ ավելի էր այս ոլորտում Հայաստանից դուրս եկող տարադրամի աճը։ Անցած տարի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք տարբեր ուղղություններով փոխանցել են գրեթե 1,2 մլրդ դոլար։ Նախորդ տարվա համեմատ՝ տարադրամի ելքը տրանսֆերտների շուկայում ավելացել է շուրջ 199 միլիոնով։

Արդյունքում` բացասական հաշվեկշիռը խորացել է ևս 170 մլն դոլարով, ինչը լուրջ գումար է Հայաստանի թե՛ ֆինանսական շուկայի, և թե՛ տնտեսության համար։ Եթե 2017թ. ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ մուտքը հասնում էր 767 մլն դոլարի, ապա 2018թ. կազմեց հազիվ 597 մլն դոլար։

Առայժմ Կենտրոնական բանկը կարծես չի շտապում հրապարակել տրանսֆերտային շուկայի տեղաշարժերի այս տարվա սկզբի ցուցանիշները։ Թեև դրանց հետ կապված՝ մեծ սպասելիքներ չկան։

Ներքին շուկայի տարադրամային հավելյալ կորուստները շատ ավելին են արտաքին առևտրի ոլորտում։ Միայն անցած տարի դրանք կազմեցին գրեթե 700 մլն դոլար։

Դա արտահայտվեց հիմնականում ներմուծման առաջանցիկ աճի տեսքով։ Այդ երևույթը խորացավ հատկապես իշխանափոխությունից հետո։

Ներմուծման ֆինանսավորման նպատակով անցած տարի Հայաստանից կրկնակի շատ տարադրամ է դուրս եկել, քան ստացվել է արտահանումից։ Տարբերությունն այս հատվածում հսկայական է։ Խոսքն ավելի քան 2,5 մլրդ դոլարի մասին է, ինչը լուրջ ճնշում է արժութային շուկայի վրա։

Ցավոք, այս միտումը պահպանվում է նաև ընթացիկ տարվա սկզբին։ Հունվարին արտահանումից ավելի քիչ արտարժութային միջոցներ են ստացվել, քան 2018թ. նույն ամսում։ Տարբերությունը կազմում է 27 մլն դոլար։ Թեև կրճատվել է նաև ներմուծման տարադրամային հոսքը, այնուհանդերձ այս դեպքում տարբերությունն ավելի փոքր է`  ընդամենը 11 մլն դոլար։

Այլ կերպ ասած, այս տարվա սկզբին ևս տարադրամային միջոցների տեղաշարժը շարունակում է բացասական լինել։ Արտաքին առևտրի ոլորտում տարադրամի կորուստները միայն հունվարին ավելացել են 16 միլիոնով` հասնելով 172 մլն դոլարի։

Ակնհայտ է, որ բոլոր հիմնական ուղղություններով առկա է ոչ նպաստավոր իրավիճակ` ներքին շուկայում ձեւավորվող տարադրամային հոսքերի համար։ Իհարկե, դրանք չեն սահմանափակվում միայն ներդրումներով, ֆիզիկական անձանց փոխանցումներով և արտաքին առևտրի ոլորտում տեղի ունեցող դրսևորումներով։ Այս շրջանակը շատ ավելի լայն է` սկսած զբոսաշրջությունից, վերջացրած արտաքին ֆինանսական պարտավորությունների սպասարկմամբ ու նոր պարտավորությունների ներգրավմամբ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ 168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...