«Ես չեմ պատկերացնում, որ ես երբևէ պետք է գնամ Ղարաբաղ, և այնտեղ ծառայող իմ տղայի մորն ու քույրերին չտանեմ ինձ հետ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհեթեթ է համարում հարցադրումներն այն մասին, թե ով է Հայաստանի առաջին տիկինը: Ի պատասխան հարցի, թե ի վերջո ով է Հայաստանում առաջին տիկինը՝ Հանրապետության նախագահի, թե վարչապետի տիկինը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն է: Բոլոր նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց առաջին տիկիններին և պարոններին, ես մաղթում եմ երջանիկ ընտանիքներ ձևավորել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ չի հասկանում նմանօրինակ հարցադրումների իմաստը:

Փաշինյանն անդրադարձավ լրատվամիջոցներում արվող հրապարակումներին այն մասին, թե ինչու է իր ընտանիքն օգտվում ուղղաթիռից:

«Ուղղաթիռը, որը վարչապետի ծառայողական ուղղաթիռն է, ունի պարտադիր թռիչքային ժամեր: Սա նշանակում է, որ որպեսզի տեխնիկան չվերածվի մետաղի ջարդոնի, այն ունի պարտադիր թռիչքային ժամեր: Եվ եթե նույնիսկ վարչապետը չի նստում, այդ ուղղաթիռը պարտավոր է դատարկ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել գալ, քանի որ դրա տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր գոյություն ունեն»,- նշեց նա

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսելով այցերի ժամանակ ընտանիքի որոշ անդամների կողմից իրեն ուղեկցելու մասին՝ վարչապետն ասաց. «Երբ ես եղել եմ գործազուրկ և ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքը ինձ հետ և իմ կողքին է եղել: Երբ ես զրոյից ստեղծել եմ լրատվամիջոց, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Երբ իմ դեմ ահաբեկչություն էր իրականացվում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Երբ ես եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Երբ հանրահավաքներ եմ իրականացրել, ընդ որում՝ ոչ բազմամարդ, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Ակնկալիքն այն է, որ ուզում են հրաժարվե՞մ իմ ընտանիքից»:

Փաշինյանն անդրադարձավ նաև իր տիկնոջ Աննա Հակոբյանի գործունեությանը՝ նշելով, որ երկրի ղեկավարի տիկինները մշտապես ունեցել են իրենց համար նախատեսված սենյակներ: Խոսելով Աննա Հակոբյանի ղեկավարությամբ գործող հիմնադրամների մասին՝ նա հայտնեց, որ դրանց ստեղծման նախաձեռնողներից մեկը հենց ինքն է եղել, քանի որ խնդիրներ էին առաջացել նախկին հիմնադրամների փակվելու հետ կապված: «Ինձ համար Աննայի գործունեությունը կարևոր է նաև հանրային կյանքում կանանց դերի բարձրացման առումով: Ես համոզված ասում եմ, որ 2018 թվականի հեղափոխությունում վճռական նշանակություն ուներ երկու գործոն՝ մեկը երեխաների, մյուսը՝ կանանց ներգրավվածությունը, և սրանք իրար հետ փոխկապակցված են:

Տրամաբանական շարունակությունն այն է, որ մենք բոլոր ոլորտներում պետք է քաջալերենք կանանց ներգրավվածությունը՝ տնտեսության, հանրային ու քաղաքական կյանքում»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ օգտվում է 2008 թվականին Սերժ Սարգսյանի համար գնված ծառայողական ավտոմեքենայից: Խոսելով ընտանիքի ծախսերի մասին՝ նա հայտարարեց, որ իր ընտանիքն ապրում է այնպես, ինչպես ապրել է նախկինում՝ որոշ արարողակարգային անհրաժեշտություններ հաշվի առնելով:

Խոսելով վերջերս Արցախ կատարած այցի մասին, որում նրան ուղեկցում էին նաև կինն ու երեխաները՝ վարչապետն ասաց. «Ես չեմ պատկերացնում, որ ես երբևէ պետք է գնամ Ղարաբաղ, և այնտեղ ծառայող իմ տղայի մորն ու քույրերին չտանեմ ինձ հետ: Ինձ համար իմ ընտանիքը շատ կարևոր է, և Հայաստանում կարծում եմ յուրաքանչյուր քաղաքացու համար իր ընտանիքը շատ կարևոր է: Ես չեմ հասկանա այն մարդուն, ում համար իր ընտանիքը կարևոր չէ:

Հասկանում եմ, որ իմ ընտանիքը հանրային ուշադրության կենտրոնում է, և ես ձեզ վստահեցնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը դա շատ լավ հասկանում է: Հավաստիացնում եմ, որ որևէ կասկած չի կարող լինել, թե մենք չարաշահել ենք մեր կարգավիճակը»:

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով