2 ամիս՝ առանց աշխատավարձի. Ինչո՞ւ են ուշացնում Ռադիացիոն բժշկության եւ այրվածքաբանության գիտական կենտրոնի աշխատակիցների աշխատավարձը

Արդեն 2 ամիս է, ինչ Ռադիացիոն բժշկության եւ այրվածքաբանության գիտական կենտրոնի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում: Նրանց վերջին անգամ աշխատավարձ են վճարել 2018 թվականի դեկտեմբերի կեսին, իսկ նոր տարում կենտրոնի աշխատակիցները մեկ լումա իսկ չեն ստացել:

Լաբորատոր ախտորոշման բաժանմունքի ղեկավար, բժիշկ Դավիթ Գրիգորյանը NEWS.AM Medicine-ի հետ զրույցում ասաց, որ անցյալում նման խնդիրներ չեն առաջացել. ընթացիկ ամսվա աշխատավարձն իրենք, որպես կանոն, ստացել են հաջորդ ամսվա մինչեւ 15-ը, ամենաուշը՝ մինչեւ 21-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կենտրոնի աշխատակիցները 2018 թվականի դեկտեմբերին ստացել են ե՛ւ նոյեմբերի, ե՛ւ դեկտեմբերի աշխատավարձը: Իսկ հունվարի համար պետք է ստանային մինչեւ փետրվարի կեսը: Այսօր, սակայն, արդեն փետրվարի 26-ն է, իսկ աշխատավարձը դեռեւս չկա:

Մտահոգված աշխատակիցները փորձել են հաշվապահությունում պարզել, թե ինչով է պայմանավորված ուշացումը: Նրանց պատասխանել են, որ պետության հետ պայմանագիրը դեռեւս չի ստորագրվել, հետեւաբար բժշկական կենտրոնն առայժմ պետական ֆինանսավորում չի ստացել: Քանի որ Ռադիացիոն բժշկության եւ այրվածքաբանության գիտական կենտրոնում վճարովի ծառայությունները անչափ քիչ են, կենտրոնի բյուջեի հիմքը պետպատվերն է: Իսկ եթե պետպատվերի մասին պայմանագիրը ստորագրված չէ, պարզապես միջոցներ չկան, որոնցով հնարավոր կլիներ աշխատավարձերը վճարել:

Բուժաշխատողներին հայտնել են, որ պայմանագիր ստորագրելու եւ ֆինանսավորում ստանալու համար կպահանջվի նվազագույնը եւս մի քանի օր: Ստացվում է, որ նույնիսկ ամենաբարենպաստ հանգամանքների դեպքում, կենտրոնի աշխատակիցները կկարողանան աշխատավարձ ստանալ միայն մարտին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստեղծված իրավիճակով մտահոգված աշխատակիցները բաց նամակով դիմել են Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նամակում նրանք խնդրում են պարզել տեղի ունեցածը, քանի որ շատ դժվար է 2 ամիս առանց փողի մնալը, առավել եւս՝ ձմռանը:

Բուժաշխատողները նախարարությունից առայժմ պատասխան չեն ստացել:

med.news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով