Մենք քիչ առաջ հրապարակում էինք արել, որ «ոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավերեւում սեւ ամպեր են կուտակվում»։ Նախորդ օրը գրել էինք, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել նրա նախկին վարորդին՝ Գոռ Հակոբյանին 17 հազար ԱՄՆ դոլարի կաշառք վերցնելու կասկածով: Իսկ երեկ էլ մեզ հայտնի դարձավ մի նոր, հետաքրքիր հանգամանք․ «Պարզվում է, ոստիկանապետի ընտանիքի վարորդը, համատեղությամբ Օսիպյանի մտերիմ ընկեր՝ Ստեփան Ամիրյանը տարիներ առաջ դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ վաճառելու համար» եւ մեջբերումներ էինք արել նրա մեղադրական եզրակացությունից եւ դատավճռից:
Հրապարակումից հետո խմբագրություն էր զանգահարել Ստեփան Ամիրյանը եւ սպառնալիքներ էր տեղում՝ մեզ ուղղված, ասելով, որ ճիշտ է՝ ինքը ծանոթ է Օսիպյանի հետ, Ճիշտ է նաեւ, որ դատված է, բայց նրա ընտանիքին չի տեղափոխում։ Եւ սպառնում էր հաշվեհարդար տեսնել մեզ հետ, հոխորտում էր, թե՝ ինչու ենք հրապարակել իր դատավճիռը։
Մենք այս զանգի կապակցությամբ թերեւս կդիմենք իրավապահներին՝ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը եւ սպառնալիքները պետք է պատժվեն։ Բայց կրկնակի անգամ ստուգեցինք այս տեղեկությունը եւ մեզ նոր, ուշագրավ մանրամասներ պատմեցին։
Սույն անձնավորությունը, պարզվում է, ոչ միայն մտերին է ոստիկանապետի հետ, այլեւ այնքան է մտերիմ, որ նրան երկու անգամ ուղեկցել է՝ Մոսկվա կատարած այցերի ժամանակ։ Մեզ խոստացան լրացուցիչ տեղեկություններ եւ ապացույցներ ներկայացնել նրանց մտերմության հետ կապված։ Խոստանում ենք դրանք եւս հրապարակել։