Երկրի ղեկավարը նման որոշում ընդունեց «Դեղին ժիլետների» ընդվզման խորապատկերում: Նախագահը դատապարտեց բռնությունը, որ դրսևորվեց ցույցերի ընթացքում: Մակրոնի խոսքով՝ այդ հանցագործություններն արդարացում չունեն:
Նա ընդգծել է. «Բոլորս տեսել ենք օպորտունիստների խաղերը, որոնք փորձել են օգտվել անկեղծ ցասումից… Մենք տեսել ենք քաղաքական գործիչների, որոնց ծրագրերը հանգում են հանրապետությունը տատանելուն և անարխիա հաստատելուն»: Մակրոնը նշել է, որ շատ ֆրանսիացիներ կարող են զայրույթ ու ցասում ապրել, բայց իրականում այն ծագել է ոչ թե հարկերից, այլ համընդհանուր խնդիրներից: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ «արդարացի» է համարում ցասումը, սակայն որևէ ցասում չի կարող արդարացնել հարձակումը ոստիկանների ու ժանդարմների, առևտրի կետերի ու շենքերի վրա: «Մեր ազատությունը գոյություն ունի միայն այն բանի շնորհիվ, որ յուրաքանչյուր ոք կարող է արտահայտել իր կարծիքը, ինչին ոչ բոլորը կարող են համաձայն լինել, այսուհանդերձ ոչ ոք չի վախենում այդ անհամաձայնությունից»,- նշել է նա:
Նա ասել է, որ ցանկանում է տեսնել այնպիսի Ֆրանսիա, «որտեղ կարելի է արժանապատիվ ապրել աշխատելով»: «Ես խնդրում եմ կառավարությանը և խորհրդարանին անել անհրաժեշտը, որպեսզի մենք կարողանանք մեր աշխատանքի շնորհիվ ապրել ավելի լավ արդեն եկող տարվա սկզբից: 2019 թվականից աշխատավարձի նվազագույն չափը կբարձրանա ամսական 100 եվրոյով»,- ավելացրել է Ֆրանսիայի առաջնորդը:
Ֆրանսիայի նախագահի առաջարկած մյուս միջոցների շարքում են ձեռնարկությունների տարեկան պարգևավճարը իրենց աշխատակիցներին և 2 հազար եվրոյից պակաս թոշակներից պարտադիր սոցիալական ապահովագրության մասհանումների վերացումը: Այսօր երկրի վարչապետը խորհրդարանականներին կներկայացնի ճգնաժամի հաղթահարման նախագահի առաջարկած միջոցները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ից Ֆրանսիայում «Դեղին ժիլետների» լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունենում:
Ցուցարարները սկզբում հանդես էին գալիս բենզինի գների բարձրացման դեմ, հետագայում սկսեցին դժգոհել երկրի սոցիալական դրությունից: Զանգվածային ցույցերն ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով, ջարդերով, մեքենաների հրդեհումներով, բանկերի ու խանութների ավերումներով:
Ինչպես հաղորդում է BFM հեռուստատեսությունը, ընդվզումների սկզբից ի վեր ազատազրկվել է 4500 մարդ:
Ankakh.com