«Ես հիմա էլ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն եմ, բայց ՔՊ-ից չստացա ոչ մի առաջարկ». ինչո՞ւ Ստեփան Գրիգորյանը միացավ «Սասնա ծռերին»

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով: 168.am-ը զրուցել է Ստեփան Գրիգորյանի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ նման որոշում կայացրեց.

– Պարոն Գրիգորյան, 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը, արդյունքում՝ 3 ոստիկան զոհվեց։ «Սասնա ծռերի» այդ քայլին ի՞նչ որակում եք տալիս։

– Նախ՝ քննությունը չի ավարտվել, քննության նախնական արդյունքներով՝ երկու մահը գրեթե կապ չունեն «Սասնա ծռերի» հետ։ Երրորդ դեպքով քննությունը շարունակվում է, ու, եթե լինեն լուրջ փաստեր, մենք վաղը կիմանանք։ Երկրորդ՝ մենք բոլորս հասկանում ենք, որ պետք է կառուցենք երկիր, որտեղ բռնությունը ներքին քաղաքական հարցերում բացառվի, բայց երբ իշխանությունները սիստեմատիկ, 20 տարվա ընթացքում լայնամասշտաբ բռնություններ էին կիրառում հասարակության առանձին հատվածների դեմ, քաղաքական ընդդիմադիրների դեմ, տարբեր խմբերի դեմ, ակնհայտ է, որ հասունանում են լուրջ ու բացասական պրոցեսներ երկրի ներսում։ Բացի այդ՝ կա ըմբոստանալու իրավունք, և ես կարծում եմ՝ այս կոնտեքստում հենց այդ պրոցեսը գնաց, երբ մարդիկ չհանդուրժեցին այդ սիստեմատիկ, նպատակաուղղված գործողությունները, որոնք կային իշխանությունների կողմից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ գործը կատարվեց։ Բարեբախտաբար, նախկին իշխանություններն ինչ-որ ձևեր գտան հաղթահարելու այդ ճգնաժամը, բայց վերջնական չգտան, և եղավ հեղափոխություն, որից հետո և՛ դատարանները «Սասնա ծռերի» խափանման միջոցը փոխեցին, և՛ համաներման տակ ընկան։ Ուրեմն՝ պատասխանատվությունը, որն ընկնում է իշխանության վրա, շատ լուրջ է։ Իշխանությունը, որը սխալ ճանապարհով է գնում, նաև ծնում է նման երևույթներ։ Բայց վերջին ժամանակներում կատարված պրոցեսը, նաև «Սասնա ծռեր» կուսակցության գրանցումը ցույց են տալիս, որ գործող նոր իշխանությունները հասկանում են, որ նման երևույթներից խուսափելու համար ավելի լավ է ավելի նորմալ, ազատ պայմաններ ստեղծեն, որ մարդիկ զբաղվեն քաղաքականությամբ, այլ ոչ թե ստիպված լինեն ըմբոստանալ իշխանության դեմ։ Եթե հիշում եք՝ ես այն ժամանակ էլ էի դա ասում, միշտ իրենց պաշտպանում էի՝ այս կոնտեքստով։ Հիմա հետին թվով տարբեր մարդիկ ասում են՝ իրենք լավն են, ազնիվ են, բայց ես այն ժամանակ ասել եմ, որ դա դասական ճգնաժամ էր, և իշխանությունների մեղքը դրանում շատ մեծ է։

– Իսկ վստա՞հ եք, որ նման ճգնաժամեր չեն լինի, ու «Սասնա ծռերի» գործողությունները չեն կրկնվի։

– Հուլիս ամսին իրենք հայտարարություն արեցին, բացի դրանից, երբ ես իրենց հետ սկսեցի կոնտակտի մեջ մտնել, ունեցել եմ մի քանի քննարկում ու համոզվել, որ այդ հայտարարությունը համապատասխանում է այն համոզմանը, որ իրոք լուրջ փոփոխություն կա, և, որ նոր Հայաստանի ներքին կյանքում բռնություն չպետք է կիրառվի։ Հենց այդ պատճառով էլ համաձայնեցի իրենց հետ ակտիվ քաղաքական պրոցեսում լինել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չմիացաք՝ հաշվի առնելով, որ գաղափարական առումով կարծես Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն էիք։

– Ես հիմա էլ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն եմ, բայց ես չեմ որոշում՝ ում եմ միանում. ես չստացա ոչ մի առաջարկ, բայց չեմ թաքցնում, որ ես այն մարդն եմ, որը կյանքում չի ձգտել մեծամասնության  մեջ լինել։ Իմ կարևորագույն ֆունկցիաներից մեկն է՝ աջակցել, որ կայանա քաղաքական դաշտը։ Հեղափոխությունից հետո համարում եմ, որ մենք շանս ունենք կառուցելու, և հաշվի առնելով, որ «Սասնա ծռերի» հայեցակարգը շատ հետաքրքիր փաստաթուղթ է, այո, գաղափարախոսություն, հայրենասիրություն, ճիշտ ուղով գնալու ցանկություն կա, ինչո՞ւ չաջակցել։ Իմ մոտեցումը դա է։ Բայց ես չէ, որ պետք է դիմեմ կուսակցությանը, խնդրեմ. մենք փորձագետ ենք, անկախ ենք, բայց եթե ուժերը հասկանում են, որ կարող են օգտագործել մեր պոտենցիալը, ես դա բարձր եմ գնահատում։

– Այսինքն՝ «Սասնա ծռերն» իրե՞նք են ձեզ առաջարկել։

– Դե, այնպես չէ, որ եկան, խնդրեցին։ Մի քանի կոնտակտներ եղան, ու այդ կոնտակտների շրջանակներում, այո, առաջարկ ստացա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով