«Շատ գեղեցիկ է գրված` կամեցողություններով ու ցանկություններով», – այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով կառավարության ծրագրին։ Նա ասաց, որ չի թաքցնում` կա երկու-երեք դրույթ, որոնց իրականացման դեպքում ժողովուրդն իր կյանքում դրական փոփոխություններ կզգա։
Նա նկատեց, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որը այսօր բացակայում է։ Ծառուկյանը նշեց, որ ներդրումների համար ևս անհրաժեշտ է տնտեսական աճ։
Ըստ Ծառուկյանի` հենց այնպես ներդրում չի կարող գալ երկիր։ «Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է օրենքներ փոխվի, պայմաններ։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, մերը պետք է ավելի լավ լինի։ Եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ դուխ և կամք, ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա հստակ աղբյուրը, ժամկետները և մեխանիզմը», – հայտարարեց նա։