Վճռականորեն հորդորում եմ միջազգային դերակատարներին՝ իրենց պարտավորությունների շրջանակում գործուն և արդունավետ քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Արցախի ժողովուրդի դեմ իրականացվող ցեղասպանության հանցագործությունը: Այս մասին ասել է Արցախի նախագահ Եւն իր տեսաուղերձում։
Նա նաեւ Հայաստանի Հանրապետությանը հորդորեց Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձևի ընդունման նպատակով:
«Կոչ եմ անում բազմապատկել ջանքերը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական և այլ հարթակներում ակտիվորեն բարձրաձայնելու և միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ: Հորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով: Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, հասարակական-քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում, որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր արգրեսիվ գործողություններին»,- ասաց Հարությունյանը:
Նա Սփյուռքի ներկայացուցիչներին հորդորեց համախմբել ջանքերը իրենց բնակության երկրների իշխանությունների և հասարակությունների ուշադրությունը սևեռելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործություններին և պահանջելու անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ:
«Սփյուռքի մեր հայրենակիցներից ակնկալում ենք աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝ պահանջել կառավարություններից խստիվ դատաարտել և կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ: Պահանջել կառավարություններից, իրավապաշտպան կազմակերպություններից, ԶԼՄ-ներից և այլ դերակատարներից՝ ուղիղ իրավական որակումներ և քաղաքական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող հանցագործություններին, պահանջել կառավարություններից՝ քննարկել և սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ»,- ասաց նա:
Հարությանը կոչ արեց Ռուսաստանի Դաշնությանը՝ ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային վճռականորեն կոչ եմ անում՝ որպես հակամարտության կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված և միաժամանակ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-պետություններ իրենց առաջնային պարտավորության շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու: Կոչ եմ անում անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ, որը կերաշխավորի բանակցությունների գործընթացի, դրա չափանիշների և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և համամարդկային արժեքներին»,- ընդգծեց Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է: Առանց միջնորդների եւ գործուն երաշխիքների նման բանակցություններում Արցախի մասնակցությունը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը:
«Այս պայմաններով որեւէ նման բանակցություններին Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ծրագրի ընդունում եւ օրինականացում: Բանակցությունների արդյունավետության ու լեգիտիմության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնվազն հետեւեն միջազգային իրավունքի նորմերին: Ընդ որում, ինչպես բուն հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները, այնպես էլ դրանց իրականացման հնարավոր հետեւանքները պետք է մշտապես համահունչ լինեն միջազգային իրավունքների սկզբունքներին եւ համամարդկային արժեքներին: Այս բոլորը սակայն մինչ օրս հաջողությամբ եւ անպատժելիորեն խախտվում են Ադրբեջանի կողմից»,- ասաց Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ Արցախը մշտապես հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ կենսունակ եւ առարկայական բանակցությունների մեկնարկի օգտին, որոնց չափանիշները կհամապատասխանեն արդարության, արժանապատվության եւ հավասարության համընդհանուր սկզբունքներին:
«Մեր անդրդվելի դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բանակցությունների համար բարենպաստ ու հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով եւ կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ միջազգային պրակտիկայի վրա այլապես առաջարկը բանակցելու մի կողմի հետ, որը չի հրաժարվում մյուս կողմին ցանկացած թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական միջոցներով ոչնչացնելու իր հանցավոր մտադրությունից, քննարկման առարկա լինել չի կարող»,- ասաց Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով՝ Արցախի շրջափակումն ուղղակի շարունակությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Թուրքիայի եւ Մերձավոր Ալեւելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի:
«Ադրբեջանը հետեւողականորեն վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու քաղաքականություն՝ ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումներով: Այս քաղաքականության վերջնանպատակն է փակել Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի հարցով։ 2 տարի անց չկարողանալով հասնել իր նպատակներին՝ Արցախի ժողովրդին ռազմական ճանապարհով վտարել հայրենիքից, Ադրբեջանը շարունակում է հետեւողական փորձեր կատարել իր հանցավոր նպատակներին հասնելու համար ոչ ռազմական, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով»,- ասաց Հարությունյանը։