Ադրբեջանը Արցախի հայերին պատանդ պահելու ցանկություն և ցեղասպանության նպատակ ունի՝ ճնշում գործադրելով ՀՀ և միջազգային դերակատարների վրա. ԱՀ նախագահ

 

2020 թվականի պատերազմը, ցավոք, այլ իրականություն էր, քանի որ Ադրբեջանի հետ միասին դրան մասնակցում էր Թուրքիան, հազարավոր վարձկաններ, օժանդակում՝ մի շարք այլ պետություններ՝ տեխնոլոգիաներով և այլն, իսկ Արցախը, իհարկե Հայաստանի հետ միասին էր, բայց հիմնական այդ ծանրությունն հասցվեց իրեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դրանք էին պատճառները, որ ծնվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Սկզբնական փուլում այն չի ընկալվել հասարակության կողմից, բայց պատերազմի արդյունքներից ելնելով, մեզ համար ընդունելի հայտարարություն էր: Այն մեզ հուսադրում էր, որ ունենալով երաշխիքները, որ առկա են՝ տարածք Լեռնային Ղարաբաղ ձևակերպմամբ, շփման գիծ, անխափան կապ Հայաստանի Հանրապետության հետ, դրանք հենման կետն էինք, որ պետք է ապահովեր հետագա մեր պայքարը ինքնորոշման իրավունքի առումով։Ի՞նչ փոխվեց։Սկզբնական փուլում, իհարկե, մենք վստահեցինք՝ մանավանդ, որ դրա տակ կային Ռուսաստանի Դաշնության,Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի ստորագրությունները: Սկսեցինք ակտիվ վերականգնել պատերազմի կրած վնասները, զարգացնել տնտեսությունը: Վերադարձավ մեր հայրենակիցների մեծ մասը: Իրենց ապագան Արցախի հետ կապում էին նաև բռնի տեղահանված մեր հայրենակիցները»,-մանրամասնեց երկրի ղեկավարը՝ ապա շարունակելով հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև բազմաթիվ հանդիպումների ընթացքում հայտարարությունները, սկզբնական փուլում, կարծես ցույց էին տալիս, որ ամեն ինչ արվում էր , որպեսզի իրականանան այն կետերը, որոնք ամրագրված են կամ այն երաշխիքները, որ տրված էին։

Ըստ նախագահ Հարությունյանի՝ իրավիճակը փոխվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո: «Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի վիճակից, փորձում էր ստիպել մեզ, այսպես ասած, հրաժարվել այդ հայտարարության կետերի՝ մեզ տրված իրավունքներից և երկխոսության գնալ իրենց առաջարկած օրակարգով։ Դրանից հետո մեր կողմից բազմաթիվ խնդրանքներ,նամակներ են հղվել առաջին հերթին Ռուսաստանի ղեկավարին, Հայաստանի վարչապետին, միջազգային բոլոր դերակատարներին և այն, ինչ այսօր տեղի է ունենում, մենք դրա մասին զգուշացրել ենք մեկ տարի առաջ։ Մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն»,- ներկայացրեց Հանրապետության նախագահը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը:

«Սա արդեն պատերազմ է, պատերազմի շարունակություն պաշարման միջոցով, ապա դրա արդյունքում Արցախը դարձնելով մեծ համակենտրոնացման ճամբար՝ իրականացնելով ցեղասպանություն»,-շեշտեց Ա. Հարությունյանը:

Նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որն արել է Բրյուսելում եռակողմ հանդիպումից առաջ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ Զանգեզուրի՝ իր ձևակերպմամբ միջանցքը պետք է աշխատի Լաչինի միջանցքի տրամաբանության շրջանակներում։

«Առաջին փուլում դրա վրա ուշադրություն չենք դարձրել: Մենք մտածում էինք, որ հայտարարություն է՝ ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա ՝ ստանալով առավելագույնը եռակողմ հայտարարության 9-րդ կետից, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, մանավանդ որ նշված էր Նախիջևանի և Ադրբեջանի հետ կապի մասին,բայց Ադրբեջանը հետագա իր վարքագծով, վարած քաղաքականությամբ կարևորում էր դա։ Կարող եմ նաև այսօր հայտարարել, որ Ադրբեջանը շարունակում է իր ճնշումներրը՝ առավելագույնը կորզելու։ Մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին ինչ-որ տեղ նաև պատանդի կարգավիճակով պահելու ցանկություն ունի, զուգահեռ իրականացնելով ցեղասպանություն և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների և միջազգային դերակատարների վրա Զանգեզուրի ճանապարհի առավել արտոնյալ տարբերակ ունենալու համար»,-մանրամասնել է Նախագահ Հարությունյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով