Վարդ, մանուշակ… չարագուշակ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր դարդուցավերն այնքան շատ են, որ էլ ասելու չէ: Քավ լիցի, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այնպիսի՜ կառավարություն և իշխանություն ունենք, որ դարդուցավի պակաս չէր էլ կարող լինել: Բայց, այնուամենայնիվ, օրերս Վրաստանի ընթացիկ հուզումների կադրերն էլ աչքի պոչով նկատեցինք: Նույն շարփյան տեխնոլոգիաները, նույն ծեծված, արդեն սրտխառնուք հարուցող հնարքները՝ լինի դա ոստիկանների վահաններին սպիտակ սրտիկների տիպեր փակցնելը, թե, օրինակ՝ մահակ-սաղավարտով կանգնած ոստիկանին մի փունջ մանուշակ դեմ տալը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասկանալի է՝ նկարվելու, քարոզչության համար: Ձև, էլի: Հիմա ոստիկանին մանուշակ տվող ցուցարարների ծնողներն էլ, կհիշեք, վարդերով էին նույն Վրաստանում հեղափոխություն անում: Առհասարակ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղալու համար նկատենք, որ նոր ժամանակներում դա կարծես Պորտուգալիայից է սկսվել, հեռավոր 1974-ին, «մեխակների հեղափոխությամբ»: Մի խոսքով՝ վարդ, մանուշակ… չարագուշակ: Հայկական տարբերակը կոնկրետացած ծաղիկ կամ բույս չուներ, եթե միայն կանեփը չհաշվենք: Հիշո՞ւմ եք, որ հրապարակում ասում էին, թե՝ Հոկտեմբերյանից «քաշած» եկել են, ուրեմն՝ իշխանությունը քաշվավ: Մերը պարզապես «թավշյա» էր:

Ու որքան թավշյա էր, հազարապատիկ «փշյա» հետևանքներ ունեցավ: Անխուսափելիորեն: Անպայմանորեն: Չէր կարող այլ կերպ լինել: Բայց նախօրեի վրացական մանուշակներն այլ պատկերներ արթնացրեցին հիշողության մեջ: Այն, որ 2018-ի ապրիլին նիկոլականները մանկասայլակներով ցույց ու երթ էին կազմակերպել: Գրկի երեխաներին դրել էին մանկասայլակներն ու փողոց էին փակել: Հիշեցի՞ք: Տեսնես հիմա ո՞ւր են այդ ակտիվիստուհիները: Հիշո՞ւմ են իրենց այդ ցույցը: Հիշո՞ւմ են, թե հանուն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ղեկավարի, ինչպես էին իրենց գրկի երեխաներին բերել, մանկասալ յակներով շարել խաչմերուկում: Իսկ գիտե՞ն, որ իրենց սիրելի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անիվների տակ մոտ մեկ տարի առաջ սպանվեց Սոնա Մնացականյանը՝ մայրության բերկրանքը չվայելած:

Գիտե՞ն, որ միաժամանակ սպանվեց Սոնայի չծնված երեխան, որ մանկասայլակ ունենալու բախտին չարժանացավ, որովհետև այդ օրը Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը կատաղի արագությամբ պիտի տեղափոխվող անձին ինչ-որ տեղ հասցներ, երևի «պերերիվ անելու», «պեռաշկի» ուտելու: Հետաքրքիր է, ի՞նչ են զգում: Գիտե՞ն, թե քանի մարդ է մահացել կորոնավարակից, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի ու նրա առնախի, ստից բան էր, պինցետով, տնական արաղով-բանով անցկացվող: Գիտե՞ն, քանի՞ տատիկ ու պապիկ այլևս չեն գրկի իրենց թոռներին, որովհետև… Ուզում ես հավատալ, որ մանկասայլակներով 2018-ին «Սերժին մերժող» երիտասարդ մայրերից ոչ մեկը 44-օրյա պատերազմում ոչ մեկին չի կորցրել, բոլորի ամուսինները, եղբայրները, հայրերը ողջ-առողջ են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց իրենք՝ մանկասայլակներով Նիկոլ Փաշինյանի համար 2018-ին փողոց փակողները գիտե՞ն, որ իրենց սիրելի վարչապետի մեղքով պատերազմ է եղել, որի ժամանակ հազարավոր մայրեր են որդեկորույս դարձել, հազարավոր ընտանիքներ տունուտեղից, ծննդավայր-բնակավայր-հայրենիքից են զրկվել: Գիտե՞ն, թե որքան երիտասարդ կին է այրիացել: Գիտե՞ն, թե քանի երեխա է որբ ու անհայր մնացել: Գիտեն և ի՞նչ են զգում: Հպա՞րտ են: Էլի անմեղ մի բա՞ն է թվում մանկասալ յակներով ցույց անելը, գիշերվա կեսին շերեփով կաթսա «նվագելը» (էլի շարփյան նկարագրության հնարք): Իհարկե, նրանց մեղադրելու ցանկություն ու նպատակ չունենք: Պարզապես, ի՞նչ են զգում հիմա՛, երբ պարզվեց, որ վարդ-մանուշակը չա՛րագուշակ էին, «թավիշն» էլ՝ աղետաբեր ու գլխակեր:

Հընթացս գրանտային կեղծավորների պատկերներն էլ թեթևակի թարմացան: Նրանց, որ նախկիններում անասելի աղմուկաղաղակ էին դնում, եթե որևէ նախընտրական կամ քաղաքական միջոցառման ժամանակ մի դպրոցական երեխա էին տեսնում: Բայց երբ իրենք էին զավթում իշխանությունը, երեխաներին ինչպես կարողանում՝ շահագործում էին՝ էլ մանկասայլակներով փողոց փակել, էլ երեխաներին բերել՝ խաղալիքներով շարել, էլ որն ասես, էլ որը: Ու ամենը՝ կեղծավորությամբ, երկերեսանիությամբ, ստով պարուրված, ըստ իրենց նեղ-խմբակային շահերի պահանջի՝ իրավապաշտպան ու դեմոկրատ ձևանալով:

Վրաց ցուցարարներից մեկը երկրի դրոշը ոստիկանների առաջ գետնին փռեց, բայց ոստիկանը դա չհանդուրժեց և դրոշը գետնից բարձրացրեց՝ նախապես ինչ-որ շիթ ցողելով ցուցարարի վրա… Նիկոլ Փաշինյանի համար 2018-ին հրապարակ լցվածներից մի 4-5 հոգի, Հայաստանի դրոշը մեքենայի շարժիչի ծածկոցին փռած, վրան թուղթ էին խաղում: Խաղացին… Շուտով 5 տարի կլինի արդեն: Վեցերորդը հարցական է:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով