Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի.Արմեն Մուրադյան

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը զգալի նվազել է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։
Գրեթե 40 միլիոն երեխա 2021թ. չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստանյութի չափաբաժինը, 25 միլիոն երեխա բաց է թողել իր առաջին դեղաչափը, ևս 14,7 միլիոնը բաց է թողել երկրորդ դեղաչափը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար ԱՐմեն Մուրադյանը։ Իր գրառման մեջ Մուրադյանը մի քանի կարևոր փաստ է առանձնացրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես՝ ամբողջ աշխարհում 2021թ. գրանցվել է կարմրուկի 9 միլիոն դեպք և 128 000 մահ։ Վերջին տարիներին հիվանդության զգալի բռնկումներ են գրանցվել 22 երկրում, ներառյալ Ավստրիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլն: Պատվաստանյութերի ծածկույթի նվազման և կարմրուկի դեմ հսկողության թուլացման արդյունքում 2022թ. գրանցված խոշոր բռնկումները վկայում են, որ կարմրուկն անմիջական սպառնալիք է աշխարհի բոլոր տարածաշրջաններում:
Կարմրուկը մարդու ամենավարակիչ վիրուսներից է, գնահատված է, որ հիվանդության հանդեպ իմունիտետ չունեցող մարդկանց 90%-ը ընկալ են հիվանդության հանդեպ, իսկ մաթեմատիկական մոդելավորման միջոցով պարզվել է, որ մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի:

Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ կարմրուկը գործնականում ամբողջությամբ կանխարգելելի է պատվաստումների միջոցով: Եվրոպական Միության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տվյալներով պատվաստանյութն արդյունավետ է առնվազն 95% դեպքերում: Կարմրուկի դեմ 2 չափաբաժիններով պատվաստման առնվազն 95% ծածկույթի ապահովումն անհրաժեշտ է բնակչության շրջանում կոլեկտիվ իմունիտետ ձվավորելու, մարդկանց պաշտպանելու և առհասարակ հիվանդությունը վերացնելու համար:

Տվյալները վկայում են, որ աշխարհը լավ վիճակում չէ, քանի որ երեխաների միայն 81%-ն է ստանում կարմրուկ պարունակող պատվաստանյութի առաջին և միայն 71%-ը՝ երկրորդ չափաբաժինը, որը 2008թ. ի վեր կարմրուկի դեմ պատվաստման առաջին չափաբաժնի ընդգրկվածության ամենացածր ցուցանիշն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների ԿԿԽ-1 (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստանյութով պատվաստումներում երեխաների ընդգրկվածությունը 2021թ.-ին կազմել է 94.21%, որը 2.79%-ով ցածր է 2015թ.-ի ցուցանիշից: Հարկ է նշել, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների 2020-2022թթ. Հայաստանում կարմրուկի դեպքեր չեն գրանցվել, իսկ 2019-2016թթ. գրանցվել է ընդամենը 11 դեպք: Վերջին խոշոր բռնկումն արձանագրվել է 2015թ., երբ հիվանդացել է 33 մարդ, այդ թվում 19-ը մինչև 18 տարեկան:

Հակապատվաստումային շարժումը էապես նպաստում է կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածության նվազմանը: Օրինակ՝ «The Lancet» հեղինակավոր ամսագրում տպագրված հոդվածի համաձայն, Իտալիայում հակապատվաստումային շարժումների տարածումը հանգեցրել է կարմրուկի ընդգրկվածության նվազմանը մինչև 85%, որն ուղեկցվել է բռնկումներով և մահվան դեպքերի աճով:

Պատվաստումներից խուսափելուն նպաստում են, մի շարք հետևյալ տարածված առասպելները.

Կարմրուկը վտանգավոր հիվանդություն չէ: Իրականությունն այն է, որ կարմրուկն առաջացնում է բարդություններ 30% դեպքերում, այդ թվում թոքաբորբ, էնցեֆալիտ (ուղեղի բորբոքում) և այլն, իսկ մահաբերության ցուցանիշը կազմում է 1-3 հիվանդության յուրաքանչյուր 1000 դեպք հաշվով:

Իմունիտետ ավելի լավ է ձեռքբերել հիվանդանալու, քան պատվաստվելու միջոցով: Իրականությունն այն է, որ պատվաստանյութը պաշտպանում է կարմրուկից՝ առանց ծանր ախտանիշներ, բարդությունների կամ հետևանքներ առաջացնելու: ԿԿԽ պատվաստումից հետո լուրջ անբարենպաստ իրադարձությունները չափազանց հազվադեպ են: Հետևաբար ավելի անվտանգ է պատվաստումը, քան վարակվելը: Ավելին, պատվաստվելու միջոցով մենք պաշտպանում ենք նաև մեր շրջապատը, մինչդեռ հիվանդության միջոցով ձեռքբերված իմունիտետը ենթարկում է մյուսներին վտանգի:

ԿԿԽ պատվաստանյութը կարող է առաջացնել աուտիզմ: Տվյալ առասպելն առաջացել է 1998թ. և տարածվել ԶԼՄ-ների կողմից, այնինչ հետագայում պարզվել է, որ տվյալ աշխատանքի հեղինակը կեղծել է հետազոտության արդյունքները, քանի որ ունեցել է ֆինանսական շահագրգռվածություն իրեն վարձակալած անձի կողմից, որը պատրաստվում էր դատի տալ պատվաստանյութ արտադրող կազմակերպություններին: Բազմաթիվ գիտական հետազոտություններով ապացուցված իրականությունն այն է, որ չկա որևէ ապացույց ԿԿԽ պատվաստանյութի և աուտիզմի առաջացման փախկապակցվածության վերաբերյալ:
Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, պատվաստումները անվտանգ են, ունեն տասնամյակների կիրառման փորձ, կանխել են միլիոնավոր մարդկանց մահ և շարունակում են մնալ վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ միջոցը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով