Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները.Հենակետ

Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները՝ հակիրճ  ներկայացնում  է Հենակետ  վերլուծական կենտրոնը:  

Չինաստան
• «The Wall Street Journal» պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման ֆոնին, նախատեսում է առաջիկա ամիսներին ավելի քան չորս անգամ ավելացնել Թայվանում տեղակայված զորքերի թվաքանակը:
• «Spiegel» գերմանական պարբերականը գրել է, թե Չինաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում հարվածային անօդաչուների մատակարարման շուրջ, որոնցից 100-ը կարող են փոխանցվել արդեն ապրիլին։
• «CNN»-ը և «WSJ»-ն ամերիկյան լրատվականները պնդում են, որ Չինաստանը դիտարկում է հրետանու, անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի Ռուսաստանին մատակարարելու հնարավորությունները: Թեմայի առնչությամբ հայտարարություն է արել նաև ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը՝ նշելով, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին զենք մատակարարելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել: Նախագահ Բայդենը և պետքարտուղար Բլինքենը ճնշում են գործադրում Պեկինի վրա՝ հասկացնելով հնարավոր որոշման հետևանքները։
• «Reuters» գործակալությունն է, իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ը և Վաշինգտոնի դաշնակիցները քննարկում են Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե Պեկինը ռազմական օգնություն ցուցաբերի Ռուսաստանին։ Ընդ որում, ԱՄՆ-ը փորձում է հաշվի առնել նաև սեփական կախվածությունը չինական արտադրողներից։ Եվ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ը չի արձանագրել չինական զենքի մատակարարումներ ՌԴ-ին։
• Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պեկինին խնդրել է Ռուսաստանին ոչ մի զենք չմատակարարել՝ հավելելով, թե «Լավ է, որ Չինաստանի ջանքերը խաղաղ նպատակներով են»։ Զենք չմատակարարելու կոչով է հանդես եկել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
• Պեկինում հերքել են ամերիկյան հետախուզության հաղորդագրություններն այն մասին, թե իբր Չինաստանը պատրաստվում է Ռուսաստանին զենք մատակարարել։
• Չինաստանն անցյալ տարի զգալիորեն ավելացրել է ռուսական միջուկային վառելիքի ներմուծման ծավալները։
• Լուկաշենկոյի Պեկին կատարած այցի արդյունքում որոշել են, որ Մինսկն ու Պեկինը կխորացնեն պաշտպանական համագործակցությունը նաև ահաբեկչության դեմ պայքարում, կանխարգելիչ կերպով կպայքարեն «գունավոր հեղափոխությունների» դեմ։
• Չինաստանի ՊՆ-ն հայտարարել է. «Մենք ոչ մի երկրի հետ չենք մասնակցի միջուկային սպառազինությունների մրցավազքին։ Իսկ միջուկային էներգիայի նվազագույն մակարդակը միշտ պահպանվում է Ազգային անվտանգության նպատակներով։
• «Չինական պարիսպ» նախագծի շրջանակներում Չինաստանը նախատեսում է 13000 արբանյակներից բաղկացած խմբավորում տեղակայել երկրի ցածր ուղեծրում, որը կդառնա գլխավոր մրցակիցը Իլոն Մասկի Starlink համակարգի համար:
• Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը «վճռականորեն դեմ է» Թայվանին ամերիկյան զենքի վաճառքին։
• Չինաստանը Աբու Դաբիի ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է խոշոր անօդաչու սուզանավ։
• Թայվանը հեռավոր Մացու կղզիներին կապող երկու Սուզանավային մալուխների կտրումը Չինաստանի գլխավոր փորձն է թայվանական ինտերնետն ամբողջությամբ անջատելու համար։ Փետրվարի 2-ին և 8-ին «Chunghwa Telecom»-ի երկու Թայվան-Մացու սուզանավային մալուխների վրա խափանումներ են տեղի ունեցել, ինչը ազդել է Մացուի տարածքում բնակիչների սպասարկման որակի վրա:
• Նախքան լայնածավալ հարձակում սկսելը, Չինաստանը կարող է իր վերահսկողության տակ վերցնել Թայվանական մի շարք կղզիներ։
• Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը մոտ ժամանակներս Չինաստանից 9 հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք կստանա՝ «M23» անվանումը կրող ապստամբ խմբավորումների դեմ պայքարելու համար։ ԱԹՍ-ների առաջին երեք խմբաքանակը կտեղակայվի Կավումու ռազմական օդանավակայանում:
• Չինաստանն ունի նոր՝ 122 մմ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ մինչև 50 կմ հեռահարությամբ: Ընդհանուր համազարկը 40 կառավարվող հրթիռ է: ՀԿՌԿ-ն քարշակվում է կոշտ կցորդիչով՝ օգտագործելով տրանսպորտային և լիցքավորող մեքենա: Այն նման է ռուսական TOS-1A «Սոլնցեպեկ»-ին։
• Չինաստանում այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ է մտել «պահեստազորայինների մասին օրենքը», որը նպատակ ունի մեծ մասշտաբով տաղանդավոր կոնտինգենտ հավաքել և ստեղծել բարձր մակարդակի մոբիլիզացիոն պահեստազոր:
Ռուսաստան
• Հնդկական օվկիանոսում ավարտվել է Ռուսաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան հանրապետության զինված ուժերի եռակողմ ռազմածովային զորավարժությունները։
• Իտալիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էնրիկո Կարդանդինոն նախազգուշացրել է, որ Ռուսաստանը մեծացնում է Միջերկրական ծովում իր ռազմանավերի քանակը, սառը պատերազմից ի վեր նման քանակություն չի եղել։ Ընդ որում՝ «աճում է ՆԱՏՕ-ի ուժերի հետ հնարավոր միջադեպի ռիսկը»:
• Ռուս զինծառայողները «Վոլգա» զրահագնացք են օգտագործել ականազերծման և երկաթգծի վերականգնման համար Ուկրաինայի տարածքում։
• Այս տարի նախատեսվում է երկու նոր ատոմային սուզանավ «Ալեքսանդր III» (նախագիծ 955, «Բորեյ-Ա») և «Կրասնոյարսկ» (նախագիծ 885, «Յասեն-Մ») մատակարարել Ռուսաստանի ռազմածովային ուժերին։
• Ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, պնդում են, որ Իրանը ցանկանում է Ռուսաստանից գնել C-400 զենիթահրթիռային համալիրներ:
• ՌԴ Պետդուման օրենսդրական փոփոխություններ է ընդունել, որոնք մինչև 15 տարվա ազատազրկում են նախատեսում հատուկ գործողության մասնակիցներին, այդ թվում՝ կամավորներին վարկաբեկելու համար։
• Ռուսաստանը կշարունակի հետևել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի սահմանափակումներին ՝ դրան մասնակցության դադարեցումից հետո, հայտարարել է Ռյաբկովը Ժնևում զինաթափման վերաբերյալ խորհրդաժողովում։
• Սերգեյ Շոյգուն հաստատել է կամավորական կազմավորումներին սպառազինությամբ և նյութատեխնիկական միջոցներով ապահովելու կարգը։
Թուրքիա
• Հունաստանը Ազգային անվտանգության նկատառումներով Ուկրաինային չի փոխանցի իր «C-300pmu1» զենիթահրթիռային համալիրը ՝ Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքի պատճառով։
• Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ երկրի հարավում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով առնվազն 100 զինվորական է զոհվել:
• 2023 թվականի փետրվարի 24-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Airbus A400M Atlas» երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել Կիևի մերձակայքում գտնվող Բորիսպոլ օդանավակայանում՝ ինքնաթիռում անհայտ բեռով։ Թռիչքը, հավանաբար, տեղի է ունեցել ռուս զինվորականների հետ համաձայնությամբ։ Թուրքական ինքնաթիռների Կիև ժամանելուց մի քանի ժամ անց տեղի է ունեցել պաշտոնական հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի և Էրդողանի միջև:
• Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերով Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 9-ին Բրյուսելում:
• Էրդողանը իշխանություններին հանձնարարել է ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները տեղի ունենան մայիսի 14-ին, թեև ընտրությունների սկզբնական ամսաթվին վերադառնալու հավանականությունը (հունիսի 18-ին) դեռևս օրակարգում է։
Հնդկաստան
• Հնդկաստանում տեղի է ունեցել «Yard 75 (LSAM7) MCA» տիպի առաջին ոչ ինքնագնաց լողացող հրթիռատեխնիկական բազայի գործարկումը։
• Հնդկաստանը Ռուսաստանից արդեն ստացել է «S-400» ԶՀՀ-ի երրորդ գունդը։
• Հնդկաստանի ռազմաօդային ուժերը «Shinyuu Maitri» զորավարժություններին մասնակցում են Ճապոնիայի հակաօդային պաշտպանության ուժերի հետ համատեղ, որոնք կներառեն թռիչքային զորավարժություններ C-17 IAF և C-2 JASDF տրանսպորտային ինքնաթիռներով:
• Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 5 «Tejas» և 2 «AF C-17» կործանիչները ժամանել են Արաբական միացյալ Էմիրություններ «DesertFlag» բազմակողմ զորավարժություններին մասնակցելու համար։
• Հնդկաստանի կառավարությունը հաստատել է «L&T» ընկերության հետ 3,108մլ ռուփի արժողությամբ պայմանագիրը ռազմածովային կուրսանտների ուսումնական նավ գնելու համար:
Իրաք
• Իրաքի կենտրոնական բանկը հայտարարել է, որ առաջին անգամ թույլ կտա Չինաստանի հետ ուղղիղ առևտուր անել չինական յուանով:
• «Ալ-Արաբ» պարբերականը գրել է, թե Թուրքիան վերսկսել է Իրաքի դեմ ջրային պատերազմը՝ վկայակոչելով Իրաքի ջրային տնտեսության նախարարության հայտարարությունը Թուրքիայից Տիգրիս և Եփրատ գետեր ջրի հոսքի կրճատման մասին։
• Հյուսիսային Իրաքում քրդական կազմավորումներին ԱԹՍ-ի հարված է հասցվել։ Մասնավորապես ԱԹՍ-ն Սինջարում հարվածել է մեքենային՝ ոչնչացնելով քրդական կազմավորումների մի քանի մարտիկների։ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության հատուկ ծառայությունները հարձակման մեջ մեղադրել են Թուրքիայի զինված ուժերին։
• Իրաքը և Հյուսիսային Քրդստանի ինքնավարությունը մտադիր են բանակցություններ սկսել նավթի և գազի արտահանման մասին օրենքի կարգավիճակի շուրջ: Անցյալ տարի Քուրդիստանը միակողմանիորեն ընդունեց էներգակիրների արտահանման մասին օրինագիծը, ինչը Բաղդադի իշխանությունները հակասահմանադրական ճանաչեցին:
• Ամբողջ երկրում Իրաքի զինված ուժերը և քրդական փեշմերգան շարունակում են գործողությունները «Իսլամական պետության» կողմնակիցների ցրված խմբերի դեմ:
• Ալ Անբար նահանգում նույնանուն քաղաքից ոչ հեռու Հալիդիա կղզում անհայտ ծագման անօդաչու թռչող սարք է ընկել։
Սիրիա
• Պալմիրայից արևելք գտնվող Էս-Սուխնե քաղաքի մոտ անհայտ անձինք հարձակվել են գետնասունկ հավաքող խաղաղ բնակիչների վրա, որի արդյունքում զոհվել է առնվազն 50 մարդ։ Այդ շրջանը «Իսլամական պետության» զինյալների գործունեության գոտի է, վերջիններս պարբերաբար հարձակվում են ֆերմերների վրա և կտրում տրանսպորտային զարկերակները անապատում:
• Միացյալ Նահանգների հրամանատարության ներկայացուցիչները հայտարարել են, որ Դեր Զոր նահանգում Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ համատեղ հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը՝ Համզա ալ-Հոմսին: Գրոհայիններն իրենց հերթին հայտարարել են, որ սպանվածը կազմակերպության սովորական անդամ է եղել, իսկ մարտում վիրավորվել են ամերիկյան բանակի չորս զինծառայողներ:
• Թուրքիայի հետ սահմանակից Քահ գյուղում անօդաչու սարքի հարվածի հետևանքով սպանվել է «Հուրրաս ադ Դին» գրոհայինների խմբավորման առաջնորդներից Աբու Ուբայդա Ալ Մուհաջիրը։ Որոշ տվյալներով՝ հարձակման նախաձեռնողը կարող է լինել ԱՄՆ-ի հովանու ներքո գործող միջազգային կոալիցիայի ուժերից մեկը։
• Սիրիային Իսրայելի հաճախակի դարձած ավիահարվածների լույսի ներքո Իրանը դիտարկում է «Խորդադ-15» ՀՕՊ համակարգը Սիրիային փոխանցելու տարբերակը։
Իսրայել
• Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների օբյեկտներին՝ ի պատասխան գիշերային հրթիռակոծության։ Նշենք, որ փետրվարի 23-ի գիշերը Գազայի հատվածից հրթիռակոծվել է Իսրայելի տարածքը։
• Իսրայելի ազգային անվտանգության նախարարությունը լրացուցիչ 9 մլրդ շեկել կստանա նորանշանակ նախարար Բեն-Գվիրի նախաձեռնության իրականացման շրջանակներում, այն է՝ կսկսվի ազգային գվարդիայի ձևավորումը, նախատեսվում է ծառայության կանչել հազարավոր ոստիկանների, ավելի քան 1200 բանտի պահակների և հարյուրավոր հրշեջների, ինչպես նաև նախատեսվում է բարձրացնել ոստիկանների և բանտապահների աշխատավարձերը:
• Իսրայելի իշխանությունները օրինագիծ են ընդունել, որով մահապատիժ է նախատեսվում ահաբեկչության համար դատապարտվածների համար։
• Հորդանանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել են պահպանել նախկինում ստորագրված բոլոր համաձայնագրերը։ Իսրայելը խոստացել է չորս ամսվա ընթացքում դադարեցնել Հորդանան գետի արևմտյան ափին նոր բնակավայրերի կառուցման վերաբերյալ քննարկումները։ Իսկ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին իր հերթին հերքել է վերը նշված հաղորդագրությունը բնակավայրերի կամ բանակի գործողությունների սահմանափակումների վերաբերյալ դիրքորոշման փոփոխության մասին:
• Իսրայելական RAFAEL ընկերությունը ներկայացրել է PYTHON-5 «օդ-օդ» դասի նոր հրթիռը, որը կարող է խոցել իր կրիչի հետևում գտնվող օդային թիրախը: Հրթիռը կարող է խոցել օդային թիրախները:
ՆԱՏՕ
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրներն այլևս ի վիճակի չեն հրետանային զինամթերք մատակարարել Ուկրաինային: Զինանոցները սպառված են: Պահանջվում է ավելացնել արկերի արտադրությունը։
• Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան հրաժարվել են մասնակցել ՆԱՏՕ-ի և «Cobra Warrior 2023» դաշնակիցների ավիացիոն զորավարժություններին՝ միջազգային բարդ իրադրության պատճառով:
• Իսպանիայի պաշտպանության նախարար Մարիա Ֆերնանդեսը, հետևելով Գերմանիային և մյուս դաշնակիցներին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զինանոցները սպառված են Ուկրաինային մատակարարումներով, և զինամթերքը աղետալիորեն պակասում է:
• Հունգարիայի վարչապետ Օրբանը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին հայտարարել է. «Մենք պետք է տասը հազար անգամ մտածենք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման մասին դեպի արևելք, որպեսզի դա Հունգարիային չքաշի պատերազմի մեջ»։
• Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրինագծին։
ՀԱՊԿ
• ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ, Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար, ՀԱՊԿ ՄՀՀ նախագահ Դենիս Մանտուրովի հետ։ Հանդիպման մասնակիցները նշել են, որ ՀԱՊԿ ձևաչափով փոխգործակցության ամենապահանջված ուղղություններից մեկը ռազմատնտեսական համագործակցությունն է։
• Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը Մինսկում ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումների ղեկավարների հանդիպմանը։ «Բելառուսը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես միջազգային և տարածաշրջանային անվտանգության, կայունության, ինչպես նաև հավաքական հիմքի վրա ՀԱՊԿ անդամ պետությունների անկախության և տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանության երաշխավոր»,- ասել է նախարարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով