Երեկոն դադարում է ձանձրալի լինել․ «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկությունը, որ կորոնավարակի դեմ պայքարի համար հատկացված պետական խոշոր միջոցները «տակով անելու» կամ իրենցով անելու մեղադրանքներով իշխանական շրջանակների ներսում զանգվածային ձերբակալություններ են կատարվել, չէր կարող աննկատ անցնել-գնալ: Առավել ևս, որ ձերբակալվածներից մեկը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում է, իսկ մինչ այդ էլ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում էր եղել: Հենց նախորդ գործունեությանն էլ վերաբերում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով առաջ քաշված մեղադրանքները:

Հիմնական էությունն այն է, որ կովիդի դեմ պայքարի նպատակով հատկացված պետական միջոցները «յուրօրինակ» են տնօրինվել, տրամադրվել են, օրինակ՝ մի «յուրային» բուժհաստատության, որն էլ գումարներ է ստացել, բայց, ըստ մեղադրանքի, մի քանի հարյուր պացիենտի տվյալներ կեղծվել են, պարզ ասած՝ գումարները հափշտակվել են: Ըստ մեղադրանքի, առողջապահության նախարարության նախկին բարձրաստիճան նիկոլական պաշտոնյան, որ պիտի դա թույլ չտար, անձնական շահագրգռվածությունից ելնելով, աչք է փակել: Դե հիմա էլ թող ելնեն ու ասեն, թե՝ «տեսե՜ք, կոռուպցիա չկա»: Մինչդեռ կատարվածը, եթե մեղադրանքները հաստատվեն, հենց կոռուպցիա է: Ճիշտ է, փաշինյանական քարոզիչները շարունակ հայտարարում են, թե՝ «համակարգային կոռուպցիա չկա», ինչն, անկեղծ ասած՝ անհեթեթ արտահայտություն է, քանի որ կոռուպցիա ասվածն ինքնին համակարգային բնույթ է կրում:

Եվ հետո, սա դեռ ընդամենը կորոնավարակի հետ կապված պետական միջոցների, այն էլ՝ այդ միջոցների միայն մի մասի հարցն է ինչ-որ մեկը ինչ-որ հետաքրքրությունից մղված քննել: Իսկ եթե հանկարծ սկսեն քննել ու զննել Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի քարոզչացուցադրական երևույթի՝ ասֆալտի գործե՞րը: Վերջիվերջո մամուլը հեղեղված է ասֆալտապատումների ընթացքի վրա ձեռքերը տաքացնող նորիշխանավորների ու նրանց մերձավորների մասին բավականին թափանցիկ ակնարկներով: Իսկ եթե սկսեն ոստիկանության կամ բանակի համար հատկացումների ծախսերի արդյունավետությունը քննե՞լ: Իսկ եթե սկսեն մեկ անձից գնումների համակարգը քննե՞լ: Բայց դե, ո՞վ պիտի քննի, քանի դեռ այս կամ այն հարցի, իսկ ավելի կոնկրետ՝ անձի, անձանց հետ կապված չլինի Նիկոլ Փաշինյանի ցանկությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած, եթե վերցնենք միայն այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում ով պատահի ու որքան հնարավոր է՝ չափից առավել «պարգևավճարվում» է, ապա դա հենց տեղով կոռուպցիա է, ձևականորեն՝ օրինականացված: Այս ամբողջ պատմության մեջ ուշադրություն գրավեց և այն, թե առողջապահության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի քաղաքական մերձավորներից մեկը համարված Արսեն Թորոսյանը որքան նյարդային ու ակտիվ արձագանքեց իր նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանին ու ևս մոտ տասնյակ անձանց ձերբակալելուն ու մեղադրանք առաջադրելուն: Դատելով նրա նյարդային արձագանքից՝ Արսեն Թորոսյանը յուրայիններից նման քայլ չէր սպասում և սկսեց իր թիմակիցներին, փաստորեն, մեղադրել երախտամոռության մեջ, խոսեց դատական համակարգից:

Արսեն Թորոսյանը, որ հրապարակավ, կհիշեք, հայտարարեց, թե չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը, հիմա օրինականությունից է խոսում, նման այլ «բարձր» բաներից: Ամենակարևորը՝ մի քանի անգամ ընդգծում է, որ իրե՛ն հարցաքննեն: Դա արդեն իսկապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ չեն հարցաքննում իրեն ևս: Մանավանդ մարդն այդքան շատ է ուզում հարցաքննված լինել: Թող քննեն, միգուցե իրենց պատկերացրած «համակարգային կոռուպցիայի» հետքի վրա՞ ելնեն: Չէ, բայց պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեսակի անձանց վերաբերյալ էին ինչ-որ միամիտներ կամ ավելի վատ՝ իրենց միամիտի տեղ դրած «շուստրիներ» հայտարարում, թե՝ «թողեք, թող աշխատեն»: Հիշո՞ւմ եք, թե ինչեր էին ասում, ոմանք՝ ոգևորված, «երիտասարդ կադրերի», նրանց ազնիվ-անկաշառանշահախնդիր լինելու մասին: Եվ ահա, խնդրեմ, այսպիսի բացահայտումներ: Ի դեպ, ամենևին էլ առաջին մեղադրված կամ «բռնված» փաշինյանական կադրերը չեն: Ամենևին առաջինները չեն: Ուստի, ի՞նչ. «հեղափոխությունը խժռում է իր զավակներին», որոնք «խժռել» են պետական միջոցնե՞րը:

Հնարավոր է, և այդպես է: Բայց այս դեպքում այնպիսի տպավորություն է, ասենք, ինչու միայն տպավորություն, աջուձախից շշուկներ էլ են լսվում, որ այս կովիդային ծախսերի բացահայտումները ներկուսակցական, ներխմբակային պայքարով են պայմանավորված, նման ենթատեքստ ունեն: Կարելի է ենթադրել, որ այս կերպ Նիկոլ Փաշինյանը չեզոքացնում է այն շրջանակներին, որոնք, նրա կարծիքով, ինչոր բան այնպես չեն արել, կամ ինչ-որ առումով վտանգ են ներկայացնում և այլն: Այն, որ Նիկոլ Փաշինյանի շրջապատում նման կերպարներ կարող են լինել, զարմանալի չէ, ինչպես զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանի նման կերպարը ինքը մշտապես հակված է կասկածամտության և իր վարչապետական աթոռին սպառնացող վտանգ կարող է համարել կողքին հայտնված յուրաքանչյուրին: Երեկոն դադարում է ձանձրալի լինել: Տեսարանների սիրահարները ադի-բուդի էլ են ուզում:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով