Չկա և չպետք է լինի որևէ «Զանգեզուրյան միջանցք» կոչվող իբրև թե հասկացություն. իրանագետ

 

Քանի որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այս պահին էլ Բաքվի բարբարոսական վարչախումբը վարում է հիբրիդային պատերազմ, չափազանց կարևոր է, որպեսզի թշնամական քարոզչամեքենայի եզրաբանությունն ու հռետորաբանությունը «չլեգիտիմացվի» մեր լրատվական և հասարակական-քաղաքական խոսույթում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ըստ այդմ, չի եղել, չկա և չպետք է լինի որևէ «Զանգեզուրյան միջանցք» կոչվող իբրև թե հասկացություն։ Իրականում դա «Թուրանական միջանցքի» թշնամական ծրագիր է, որը ենթադրում է Հայաստանի փաստացի մասնատում, ուստի, իրերը պետք է կոչել իրենց անունով՝ այսպես կոչված, «Թուրանական միջանցք»։

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պատմությանն ու արդիականությանն անհայտ է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» հորջորջվող միավոր։ Ինքը՝ «Ադրբեջան» անվանումը պատմականորեն վերաբերելի չէ նույնիսկ այժմ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորմանը, էլ ուր մնաց՝ Հայաստանին։

Հայկական ավանդույթը պահպանում է մեր տարածաշրջանի տեղանունների հայերենի համար հարազատ և պատմականորեն հիմնավորված հսկայական անվանացանկ։ Հետևաբար, հայերենում չկա Գյանջա, այլ կա Գանձակ, չկա Բարդա, այլ կա Պարտավ, չկա Գաբալա, այլ կա Կապաղակ, չկա Գյադաբայ, այլ կա Գետաբակ, չկա Թովուզ, այլ կա Տավուշ, չկա Դաշքեսան, այլ կա Քարհատ, չկա Աղստաֆա, այլ կա Աղստև, չկա Ֆիզուլի, այլ կա Վարանդա, չկա Լաչին, այլ կա Բերձոր և այլն։
Որևէ պարագայում չպետք թշնամու նկատմամբ կիրառել «հակառակորդ» եզրը։ Մեր կին զինծառայողի դին մասնատող բարբարոսը չի կարող հակառակորդ լինել, այլ թշնամի է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թշնամու զինյալ բաշիբոզուկները ոչ թե «զոհվում», այլ ոչնչացվում են մեր փառապանծ բանակի կողմից։

Չկա և չի կարող լինել Արցախի Հանրապետության, իբր, «վերաինտեգրման» հնարավորություն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում։ Ուստի, այդ «եզրույթով» քողարկվում է Արցախի թշնամական գաղութացման և դրան հետևելիք անխուսափելի հայաթափման դավադիր ծրագիրը։

Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ թե «գրավել» այլ բռնազավթել է Շուշին, Հադրութը և Արցախի ու Հայաստանի Հանրապետության այլ հատվածներ, իսկ այդ բռնազավթումը ժամանակավոր է՝ մինչև հայկական վերաազատագրումը։
Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը որևէ պատմական լեգիտիմ հիմք չունի հավակնելու նույնիսկ իր մայրաքաղաք Բաքվին, ուստի Հայաստանի, Արցախի կամ Նախիջևանի հանդեպ բոլոր հավակնությունների համար պատմական լեգիտիմություն ապահովելու թշնամական հռետորաբանությունը բարբաջանք է և ոչ ավելին»,- գրել է Ոսկանյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով