Ճարտարապետների գեղանկարչական աշխատանքները՝ մեկ ալբոմ-կատալոգում

Ճարտարապետների պալատում մարտի 30-ին տեղի ունեցավ ճարտարապետների գեղանկարչական աշխատանքների ալբոմ-կատալոգի շնորհանդես՝ Քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետների պալատի համատեղ նախաձեռնությամբ: Կատալոգում ամփոփված են 33 ճարտարապետի մոտ 150 գեղանկարչական և դեկորատիվ աշխատանքներ, որոնք ներկայացվել էին Ճարտարապետության միջազգային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետների պալատի կազմակերպած ցուցահանդեսին:

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանն ալբոմի մեկական օրինակ և ցուցահանդեսի մասնակցության դիպլոմ հանձնեցին աշխատանքների հեղինակներին: Արմեն Ղուլարյանը, շնորհավորելով մասնակիցներին, հույս հայտնեց, որ ճարտարապետներին մասնագիտական գործունեության դաշտից բացի արվեստի շուրջ համախմբող միջոցառումներն ավանդույթ կդառնան։ Միաժամանակ ընդգծեց ճարտարապետների համար հարազատ տուն հանդիսացող պալատում նաև մասնագիտական քննարկումներ հաճախակի կազմակերպելու կարևորությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իր ելույթում Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը նկատեց, որ ճարտարապետները մասնագիտական գործունեությանը զուգահեռ նույնքան հաջողությամբ դրսևորում են իրենց ունակությունները արվեստի տարբեր ճյուղերում: Տպագրված կատալոգը կծառայի որպես դրա վկայություն սերունդներին: Նա շնորհակալություն հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանին աշխատանքների հավաքագրման և տպագրության կազմակերպման համար։ Ի դեպ, Նունե Պետրոսյանի և Ալեքսանդր Բադալյանի գեղանկարչական աշխատանքները նույնպես զետեղված են կատալոգում։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով