«Ծայրահեղ շտապում են. բանակցություններն իմիտացիոն բնույթի են». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյունխենյան հանդիպումից հետո առաջիկայում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում՝ կրկին «արևմտյան» միջնորդությամբ: Համադրելով զարգացումները՝ Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ իրականում գործ ունենք ոչ թե բանակցությունների, այլ բանակցությունների իմիտացիայի հետ:

«Ես գուցե մի փոքր ծայրահեղականորեն եմ մոտենում հարցին, բայց մենք ոչինչ չունեինք Մյունխենից առաջ, ոչինչ չունենք նաև բրյուսել յան հերթական հանդիպմանն ընդառաջ: Հիմնական խնդիրն այն է, որ այս ռեժիմը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը ղեկավարում է Հայաստանը, արդեն հանձնել է Արցախը: Ըստ իս, չկա որևէ խնդիր, որը կխանգարի նրանց իրագործել իրենց պլանը: Խանգարել հնարավոր է միայն արտաքին միջամտության պարագայում, որոշակի սցենարներում, ինչի մասին է վկայում քաղաքական, դիվանագիտական նաև ներկա ընթացքը»,ասել է Գ. Հարությունյանը:

Բանակցություններ, նրա խոսքով, չկան նաև այն պատճառով, քանի որ մեկ այլ խնդիր կա. ««Զանգեզուրի միջանցքն» է խնդիրը, որին, ըստ իս, դեմ է ոչ թե հայկական, այլ ռուսական կողմը: Անընդհատ խոսվում է «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին, հայկական կողմը հայտարարում է, որ դա անհնար է: Ըստ իս, սակայն, նման հայտարարություններն արվում են հնարավոր, այսպես ասած, խոստումների համատեքստում՝ տրված, գուցե, ռուսական կողմին: Նշածս այն համատեքստում է, որ խստորեն կպատժվեն, եթե համաձայնեն նման զարգացմանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետն այս փուլում պատահական չի համարում նաև արևմտյան շրջանակների ակտիվ այցերը Հայաստան՝ բրյուսել յան հանդիպմանն ընդառաջ: «Այն, որ Փաշինյանն Արևմուտքի դրածոն է, Արևմուտքի ազդեցության գործակալը, կարծում եմ, այդ հարցում այլևս կասկած չկա: Պարզապես հիմա Արևմուտքը փոքր-ինչ խուճապի մեջ է ուկրաինական զարգացումներից, որովհետև միշտ չէ, որ զարգացումներն այնտեղ ընթանում են այնպես, ինչպես իրենք կցանկանային: Ռուսական կողմի հաջողությունները նրանց խիստ անհանգստացնում են այն առումով, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որտեղ իրենց ձայնն արդեն լսելի չի լինի ցանկացած այլ իրավիճակի համար: Կարծում եմ՝ իրենք ուղղակի ծայրահեղ շտապում են, ինչի հետևանքով նաև դիվանագիտական բացթողումներ են ցուցաբերում»,ասաց նա:

Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող զարգացումներին, Գագիկ Հարությունյանը նկատեց. «Դեպքերի զարգացման տրամաբանությունը, մեծ հաշվով, հուշում է, որ ադրբեջանցիները բավականին հետևողականորեն կարողանում են ստանալ այն, ինչ ներկայումս պահանջում են Փաշինյանից: Վերջինս պարզապես փորձում է ցույց տալ, թե իբրև համառում էր, պայքարում էր, որպեսզի այս կամ այն քայլը չաներ, բայց ստիպված էին: Այսինքն, այդ բանակցությունները բավականին իմիտացիոն բնույթ են կրում, ես չեմ կարողանում դրանք լուրջ ընդունել, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար ամենալուրջ խնդիրն արդեն լուծված է»:

Հաշվի առնելով, որ մի կողմից իշխանություններն ասում են, որ «խաղաղության» պայմանագրում ֆիքսվում են «տեսանելի մեխանիզմներ Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների համար», մյուս կողմից՝ բացառում են, որ Արցախի մասով այնտեղ որևէ կետ կարող է լինել, Գ. Հարությունյանը նշեց. «Նման հայտարարությունները ևս հնարավոր չէ լուրջ ընդունել, որովհետև ակնհայտ է, որ գործ ունենք հերթական մանիպուլ յացիաների հետ: Այս մանիպուլ յացիաներն ինչ-որ քայլեր իրականացնելու նպատակ ունեն, ոչ ավելին: Այլ հարց է, որ Արցախը չի հանձնվելու. ոչ թե Արցախը չեն հանձնելու, այլ Արցախն ինքը չի հանձնվելու»:

Գագիկ Հարությունյանի խոսքով, ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում լինելն ի սկզբանե ռուսական կողմի որոշակի շահագրգռվածությունների մասին էր վկայում. «Ես չեմ բացառում, որ այդ շահագրգռվածությունները հիմա էլ շարունակում են գոյություն ունենալ: Միևնույն ժամանակ, ամենավատ սցենարների համար մեր պարագայում մեծ երևակայություն պետք չէ: Խոսքն առաջին հերթին Արցախի հայաթափման վտանգի մասին է, բայց, լիահույս եմ, որ Արցախի ժողովուրդը դեռ կարող է պայքարել: Մեր ժողովուրդը, մեծ հաշվով, դեռ կարող է պայքարել, եթե, իհարկե, մի փոքր արթնանա»: Նրա խոսքով, այսօր դժվար է խոսել հնարավոր հանգուցալուծումների մասին:«Բաքվում Լավրով-Ալիև բանակցությունները որոշակի փակագծեր բացեցին: Բանակցությունները մի կողմից ցույց տվեցին ռուսական կողմի անդրդվելիությունը, մյուս կողմից՝ չբացառեցին որոշակի զիջումների հնարավորությունը: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ ռենտգեն մեթոդներով կարող են հետևել՝ ինչ են տանում, ինչ են բերում Լաչինով: Ընդհանուր առմամբ, պետք է հասկանալ ընթացքը, քանի որ այսօր ամբողջ աշխարհն է խառնված, անորոշությունների մեջ է, և միանշանակ ոչինչ չենք կարող ասել»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությանը՝ նա այս փուլի համար մի քանի հանգամանք առանձնացրեց: «Իմանալով այդ անձնավորությունների հոգեբանական և մտավոր կարողությունները, հնարավորությունները՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենց վարքագծում մի փոքր խուճապի էլեմենտներ են հայտնվել: Այսինքն, չկա այն համոզվածությունը և հավատը դեպի իրենց պատկերացրած «ապագան», տեսնում ենք նաև, թե ինչի է վերածվում այդ ապագան նաև իրենց համար: Այս հանգամանքը հաշվի առնելով են, իմ կարծիքով, ավելի շտապողական դարձել: Իհարկե, դժվար է որևէ տրամաբանական քայլ հիշել իրենց կողմից, միշտ են նման վարքագիծ դրսևորել, բայց հիմա՝ այս փուլում, անտրամաբանության չափերն, անշուշտ, մեծացել են»,-ընդգծեց Գ. Հարությունյանը:

Վերջինս կարծում է, սակայն, որ վերոնշյալ շտապողականությունն ավելի շատ արտաքին աշխարհի թելադրանքն է: «Աշխարհում տեկտոնիկ փոփոխություններ են սպասվում, որոնք կարող են և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունենալ նաև մեզ համար: Բոլոր դեպքերում պայքարի բոլոր դաշտերում շարունակականություն է լինելու: Այս իրավիճակը, անշուշտ, տուրբուլենտ վիճակ է ստեղծում, ուր դասական օրենքները չեն գործում: Թե ինչ կարող է մեզ սպառնալ որոշակի զարգացումների դեպքում, դժվար չէ պատկերացնել: Առաջին վտանգը Արցախից հայկական տարրի բնաջնջումն է, ինչը հետո կարող է սպառնալ ՀՀ այլ տարածաշրջաններին, եթե արթնացում չլինի: Մեր պատմության մեջ մենք, որպես պետություն, որպես սուբյեկտ, ջնջվել ենք: Չի կարելի բացառել նաև նման զարգացումները, մանավանդ, որ կան ավելի սարսափելի սցենարներ: Հիմա գրեթե բոլոր ուղեղային կենտրոնները, որոնք զարգացումների սցենարներ են ստեղծում, առաջին պլանում գրում են միջուկային պատերազմի մասին, որն ամբողջ աշխարհի համար ընդհանրապես այլ իրավիճակ կստեղծի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով