Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր չեն քննարկել. ԱՀ ԱԳՆ

 

Մարտի 1-ին, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ, կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետութան ԱԳՆ-ից;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում։ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս՝ տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով։

Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր հանդիպման մասնակիցները չեն քննարկել։ Հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում։ Արցախի Հանրապետությունը պահպանում է հանձնառությունն իր ժողովրդի՝ ինքնորոշման և անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991 թ․ հանրաքվեի ժամանակ։

Անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Ելնում ենք միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունից՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության կարևոր երաշխիք։ Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի ապօրինի կիրառման արդյունքները չեն կարող մեկնակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ճանապարհին, մնում է անփոփոխ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով