Ահաբեկչական պետության ղեկավարի արյունոտ պատասխանը Փաշինյանի «օրակարգին», Շոլցին, Հաագային, Լավրովին. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախում՝ Շուշիի ու Ստեփանակերտի միջակայքում, հայկական վերահսկողության տակ մնացած հատվածում ադրբեջանական կողմը անցած կիրակի դիվերսիոն գործողության է դիմել, ինչի հետևանքով զոհվել է արցախցի 3 հայ ոստիկան: Պատասխան գործողությունների, մասնավորապես, հայկական դիրքերից կրակի արդյունքում ադրբեջանական դիվերսանտները նույնպես կորուստներ են ունեցել: Հատկանշական է, որ ամեն ինչ կատարվել է «օրը ցերեկով», իսկ դեպքերի ընթացքն էլ գործնականում տեսագրվել է ու արդեն ներկայացվել հանրությանը: Կատարվածից գրեթե անմիջապես հետո ադրբեջանական կողմը, իր սովորության համաձայն, մի շարք ապատեղեկատվական կաղապարներ է դրել շրջանառության մեջ, որոնք հերքվում են միանգամից:

Մասնավորապես, ադրբեջանական կողմը տարածել է, թե ավտոմեքենայով, որի մեջ սպանվել են հայ ոստիկանները, Հայաստանից զենք էր տեղափոխվում: Սակայն տարածված տեսանյութում երևում է, որ նախ՝ ավտոմեքենային մոտեցած ադրբեջանական դիվերսանտներն այնտեղից ոչ մի զենք-զինամթերք չեն հանում (թեկուզ վերը նշվածը հետո ապացուցելու համար): Երկրորդ՝ ավտոմեքենան շարժվում էր ոչ թե Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ, այլ հակառակ ուղղությամբ: Թե ինչու է ադրբեջանական կողմը ակնհայտ ապատեղեկատվություն տարածում, լիովին հասկանալի է՝ իրենց հարձակումն արդարացնելու համար: Դա ո՛չ նորություն է, ո՛չ էլ առաջին անգամն է, ո՛չ էլ վերջինն է լինելու: Փոխարենը հարցեր են ծագում, թե ինչու հիմա Իլհամ Ալիևը դիմեց նման քայլի:

Չէ՞ որ հասկանալի է, որ նման կարգի գործողությունը ոչ մի դեպքում չէր կարող լինել, ասենք, նշված վայրում տեղակայված ադրբեջանական զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ: Հասկանալի է, որ դա Բաքվի հրահանգով իրականացված հարձակում է: Կարելի է համարել, որ այդպիսով Ալիևը միանգամից մի քանի նպատակ էր հետապնդում: Օրինակ՝ դա կարելի է համարել նրա պատասխանը Գերմանիայի կանցլեր Շոլցի հայտարարությանը, որը, ճիշտ է, հետո պաշտոնական կայքէջում «խմբագրվեց»: Դա կարելի է համարել Ալիևի պատասխանը ՌԴ ԱԳ նախարար Լավրովին: Կարելի է համարել Ալիևի պատասխանը Բերձորի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշմանը: Դա կարելի է համարել Արցախի հայության դեմ ահաբեկչությունը սաստկացնելու քայլ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլոր տարբերակներն էլ կարող են գործել միաժամանակ: Բայց, մեծ հաշվով ու առաջին հերթին, սա պատասխան էր Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմից անդադար, անընդմեջ «խաղաղության օրակարգից» չշեղվելու մասին հայտարարություններին: Ի դեպ, բառացիորեն օրերս մի ոչ անհայտ գործիչ, կհիշեք, ինչ-որ ակնկալիքներ էր բարձրաձայնում Արցախում ադրբեջանական ներդրումների թեմայով: Միաժամանակ, նույն օրերին ռուսական խաղաղապահների հրամանատարի միջնորդությամբ հանդիպել էին Արցախի ու ադրբեջանական կողմի ներկայացուցիչները: Իսկ դրանից մի քանի օր առաջ էլ Արցախի նախագահը կատարեց Ալիևի կոշտ պահանջն ու պաշտոնից հեռացրեց պետնախարարին: Եվ ահա՝ այդ ամենի ընդհանուր կամ հանրագումարային արդյունքը: Ալիևը դիվերսիոն «ներդրում» կատարեց՝ ևս 3 հայ մարդու կյանք ընդհատելով, և ցույց տվեց, թե ինքն ու ադրբեջանցիներն ինչ են հասկանում, երբ խոսում են հայերի հետ խաղաղ ապրելու մասին:

Գայլերի պատկերացրած «խաղաղությունը» հոտն իրենցով անելն է նախապես հովվին մեջտեղից հանելուց, հովվաշներին չեզոքացնելուց հետո: Ընթերցե՛ք: Այս դեպքում՝ Այգեկցի: Կարելի էր ասել՝ «Այծերն ու գայլերը» առակը, բայց վերջին տարիներին Արցախում, առհասարակ Հայաստանում ծավալվող իրադարձությունների խորապատկերում դա ոչ թե առակ է, այլ ամենադիպուկ վարլուծություն-կանխատեսում-զգուշացումը. այնքան բնութագրական և համադրելի են դարեր առաջ Այգեկցու գրածն ու տեղի ունեցողը: Մեկ-երկու դիտարկում ևս: Տեղի ունեցածը, մասնավորապես հայկական կողմի հակահարվածը կամ, ավելի ճիշտ, պատասխան կրակն ու ադրբեջանական դիվերսանտներից մի քանիսին ոչնչացնելը ցույց են տալիս, որ առնվազն Արցախում մարտական ոգին չի վերացել, չնայած այդ ուղղությամբ տարբեր գործիչների ինչինչ ջանքերին ու ցանկություններին:

Թշնամուն կարելի է հարվածել, հակահարվածել և դա անել որոշակիորեն արդյունավետ: Ի վերջո, դա այն նույն թշնամին է, որը տարիներ շարունակ ընկրկում ու վախենում էր մեր զինվորականների հարվածներից: Երկրորդ. տեղի ունեցածը նաև մի լրացուցիչ անգամ փաստում է, որ ոչ մի օտարերկրյա դիտորդ, ոչ մի խաղաղապահ ուժ չի կարող մեզ ավելի լավ անվտանգության երաշխիք տալ, քան դա կարող են անել մեր իսկ զինված ուժերը: Մարտունակ և մարտական ոգի ունեցող զինված ուժերը: Ու արդեն այդ վերջինի խորապատկերում չի կարելի անուշադրության մատնել նաև այն իրողությունը, որ թշնամին միայն 2022 թվականին մեկ տասնյակից ավելի ադրբեջանաթուրքական զորավարժություններ ու վարժանքներ է արել: Իսկ քանի՞ զորավարժություն ու վարժանք են արել, օրինակ՝ Հայաստանի զինված ուժերը: Որքան հիշում ենք, պիտի ՀԱՊԿ-ի մի զորավարժություն լիներ, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեզ պետք չեն այդ զորավարժությունները, հրաժարվում ենք կամ նման մի բան…

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով