Ադրբեջանի հետ համագործակցիստ-ինտեգրիստները մոլորյալնե՞ր են, թե՞ մոլորեցնողներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս ինչ-որ հաճախակի են դարձել խոսակցություններն ու «զրիցները» առ այն, թե Ադրբեջանի հետ կարելի է «առուտուր անել», տնտեսական համագործակցության մեջ մտնել, ջուր տալ, հոսանք առնել և այդպես շարունակ: Նման «զրիցները» լիովին կանխատեսելի էին: Մարդիկ, ովքեր չեն կորցրել մտքի սթափությունն ու ազգային ինքնության գիտակցությունը, նման թեմաների շրջանառման հեռանկարը տեսնում էին՝ նկատելով ու հասկանալով, թե հատկապես ինչ ուղղվածության քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա հետ էլ՝ մերձնիկոլականները: Ու նաև պատահական չէ, որ ադրբեջանցիների հետ փոխշահավետ համագործակցելու մասին Գյուլնազ տատի հեքիաթներ պատմողները, կամ ավելի շուտ՝ ունկնդիրների ականջներից արիշտա կախողները փաշինյանական «գծի վրա» են, ավելին՝ վերջին տարիներին քողարկված կամ անթաքույց եղել են Նիկոլ Փաշինյանի կողքին կամ նրա իշխանության մերձակայքում: Հարց է ծագում. Ադրբեջանի հետ այդ համագործակցիստները մոլորյալնե՞ր են, թե՞ մոլորեցնողներ: Հաշվի առնելով, թե ովքեր, ինչ շրջանակներ են այդ, թույլ տվեք ասել, համագործակցիզմ քարոզողները, հարցը հռետորական կարելի է համարել, քանզի պատասխանն ակնհայտ է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ այդքան չսիրած «Կնքահայրը» գլուխգործոց-ֆիլմի դրվագներից մեկում արդեն «թոշակի անցած» դոն Կառլեոնեն որդուն՝ «ընտանիքի» կառավարումն ստանձնած Մայքլին ասում է, որ թշնամական ճամբարից, այսինքն՝ Բարզինիի կողմից ով գա հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ, ով էլ որ նա լինի, հենց նա է դավաճանը: Հիմա «Բարզինիի կողմից» եկած ու թշնամական Ադրբեջանի հետ ինտեգրում քարոզողները բավականին ակներև զուգահեռվում են այդ դիտարկմանը: Մյուս կողմից՝ հետաքրքիր է, թե է՞լ ինչ պետք է անի Ալիևը, է՞լ ինչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի բոլորին ակնհայտ դառնա, որ նրանց նպատակը հայերի հետ «առուտուր անելը» կամ համագործակցելը չէ, որ նրանց պատկերացրած «խաղաղությունը» Արցախի հայության բնաջնջումն է կամ Արցախի հայաթափումը, Հայաստանի՝ որպես պետության վերացումը, հողն ու ջուրը, տունուտեղը հայերից խլելը: Դու չես կարող ոչ միայն համագործակցել, այլևս չես կարող «խաղաղություն պայմանավորվել» մեկի հետ, որի նպատակը քեզ սպանելը, քեզ ոչնչացնելը, քեզ տնազրկելն ու անհայրենիք թափառական դարձնելն է վերջիվերջո:

Եվ մի բան էլ. «համագործակցիստները», դրա մասին երկար-բարակ խոսելով, միտումնավոր շրջանցում են թշնամու հետ փոխշահավետ «առուտուր անելու» մասին «զրիցների» հիմնական հանգամանքը, այն, որ այդ ամենը նշանակում է Արցախից մնացած բեկորներն ուղղակիորեն նետել Ադրբեջանի գիրկն ու Ալիևի ճանկը: Կարճ ասած՝ Արցախը «ոտով-գլխով» հանձնել Ադրբեջանին: Քավ լիցի, Հայաստանում թշնամու հետ համագործակցիստներից բացի, քաղաքական հարթակներում սթափ մարդիկ դեռ կան: Մոտեցումների ու գնահատականների հակադրությունը, հասկանալի է, անմիջապես աչքի է զարնում: Հատկապես ընդդիմադիր դաշտում ազգային մտածողությունը առկա է: Մասնավորապես կարելի է նշել օրերս «Համախմբում» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված և բավականին ուժեղ ներկայացուցչականություն ունեցող «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովում հրապարակված հայտարարությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմնական դրույթներից մեկը, որ ընդգծված էր այդ հայտարարության մեջ, կարծում ենք, միանգամայն լակոնիկ ու հստակ ցուցանում է առանցքային վտանգներից մեկը: Այն է. «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առավել ևս դա իրավաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից հրաժարվելը ոչ թե կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը և Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգությունը (տեղին է հավելել՝ ինչպես քարոզում են Նիկոլ Փաշինյանն ու «կոմպանիան»), այլ ճիշտ հակառակը՝ կդառնա հայոց պետականության կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը»: Մարդիկ պարզ ասում են՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելը անթույլատրելի է։

Հասկանալի է նաև, որ նշյալ սպառնալիքի ու նշյալ արձանագրումների գիտակցումն առկա է ոչ միայն հիշատակված նախաձեռնության կամ շարժման, այլև փաշինյանական իշխանությանն ընդդիմադիր քաղաքական հիմնական ուժերի մոտ, որոնք նմանապես չեն դադարում բարձրաձայնել այդ մասին: Սակայն հարցերի հարցն այն է, թե ինչ վերաբերմունք ունի և ինչ ռեակցիա է դրսևորում հանրությունն իր ամբողջության մեջ: Իսկ մյուս հարցն էլ այն է, թե ով, որ ուժը կամ ուժերի համախումբը երբ ու ինչ միջոցներով է մտադիր կենսական առանցքային խնդիրները բարձրացնել նաև քաղաքական պայքարի ավելի ակտիվ եղանակներով: Սա, թերևս, ամենադժվար հարցն է, որի քննությունը հանգեցնում է երկակի զգացողության կամ տպավորության. ակտիվ հանրությո՞ւնն է սպասում «առաջնորդող ուժերի», թե՞ հակառակը: Բայց դա արդեն այլ «պատմություն» է, թերևս՝ գրվելիք:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով