«Սա ցինզիմ է՝ առանց սահմանների. հիմքում ազգային շահերին հակադրվելն է». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին շրջանում ընդդիմության, ինչպես նաև նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ նորից հայտնվել են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Թեպետ իրավապահ մարմինների, նաև իշխող ուժի կողմից տրված բնորոշումը քրեական հետապնդումն է, բայց ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ այստեղ ճիշտ չէ օգտագործել անգամ քաղաքական հետապնդում եզրույթը:

«Քաղաքական հետապնդման մասին կարող ենք խոսել, երբ, օրինակ՝ դեմոկրատները դեմ են լիբերալներին ու, ենթադրենք, արդյունքում նման հետապնդում է սկսվում: Երբ մեր դեպքում ասում ենք քաղաքական հետապնդում, կարծես, ավելի բարձր ենք դասում տեղի ունեցողը, ինչն այդպես չէ: Հարցն այդքան էլ անձերը չեն: Խոսքը ոչ թե զուտ քաղաքական հետապնդման մասին է, այլ նրա, որ այս իշխանություններն ամբողջովին հակառակվում են այն ամենին, ինչը վերաբերում է Արցախյան հիմնահարցին, ազգայինին, Ազգային ազատագրական պատերազմին, որտեղից հաղթանակած ենք դուրս եկել: Հիշենք նաև, թե այս իշխանությունների ներկայացուցիչներն ինչպես են հակադրվել «Ազգ-բանակ», «Պատիվ ունեմ» ծրագրերին: Խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարող է թվալ: Խոսքն ազգային շահերին հակադրվելու մասին է: Խոսքն այն իշխանության մասին է, որի պատգամավորն ասում է՝ «չպետք է 120 հազար հայի համար 3 միլիոնին ռիսկի տակ դնենք»: Սա ոչ միայն անբարոյականություն է, այլև ցինիզմ, աննախադեպ նաև աշխարհի պետությունների պատմության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը՝ ընդգծելով, որ բարձր ամբիոններից հնչող ցինիզմի, տարատեսակ հետապնդումների, նաև բանակի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ազգային շահերին հակադրվելն է:

«Այս իշխանություններն անտեսում են ազգային շահերը, սպասարկում են թուրք – ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը»,-հավելեց նա: Լարիսա Ալավերդյանը պատահական չի համարում, որ բանակում տեղի ունեցած ցավալի ողբերգությունից հետո են թիախավորվում նախկին նախարարները: «Պատկերավոր օրինակ բերեմ: Խորհրդային Միության տարիներին կային սարքեր, որոնք պարզապես խլացնում էին Ամերիկայի ձայնի, BBC-ի հաղորդումները: Մենք այդ ժամանակ ռադիոյից էինք օգտվում, փորձում էինք գտնել այդ ալիքները՝ այլ կարծիք լսելու համար, բայց գործի էին դրվում խլացնող տեխնոլոգիաներ: Այն քայլերը, որոնք արվում են ողբերգական դեպքերից հետո, իրականացվում են զուտ այն պատճառով, որ խլացնեն այս իշխանության բոլոր գործողությունները, որոնք իրենց մեջ ծանրագույն հանցագործությունների հատկանիշներ են պարունակում»,-ասաց մեր զրուցակիցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լարիսա Ալավերդյանն այս համատեքստում հիշեցրեց 2020 թվականի հուլիսը՝ տավուշյան դեպքերը: «Հիշենք, թե 2020-ի հուլիսին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ինչպես էր գովում բանակը, իր գնահատականն էր, որ բավականին ունակ բանակ է ժառանգություն ստացել: Ու եթե 44-օրյա պատերազմից առաջ բանակը վարկաբեկելը զուտ տեղեկատվական, քարոզչական բնույթ էր կրում, հետո արդեն վերածվեց հստակ գործողությունների, որոնցով փորձում են բանակը ոչ ունակ դարձնել: Այստեղ խնդիրը կրկին անձերը չեն: Թիրախում երկրի ու ազգի անվտանգությունն է: Թիրախավորվում են ոչ միայն անձինք, այլև ինստիտուտները: Ես չեմ խոսելու թիրախավորված անձանց քաղաքական և այլ սխալների մասին, որովհետև այդ մարդիկ, որոնք այսօր հայտնվել են թիրախում, ժամանակին կարողացել են պահպանել, պաշտպանել նյութական ստատուս քվեն, այն սահմանները, որոնք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունն էին պաշտպանում: Բայց այս իշխանությունը, որը խոսում է 3 մլն հայի շահերի պաշտպանության մասին, փաստորեն հրաժարվում է նաև 3 մլն հայերից: Հիշենք, թե ադրբեջանական բանակը ՀՀ տարածքից քանի բարձունք է վերցրել այս ընթացքում: Այդ ամենն այս իշխանությունների անգործության պայմաններում է եղել: Այս իշխանությունները ոտնահարում են նույն 3 միլիոնի իրավունքները, անվտանգությունը, կյանքի իրավունքը»,-շեշտեց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Նրա խոսքով, այս իշխանությունը չի սահմանափակվելու նշված գործողություններով: «Մարդու իրավունքները ոտնահարելուց զատ, պարզապես զրոյացվում են թե՛ ՀՀ պետական անվտանգությունը, թե՛ հանրային անվտանգությունը: Սա իրականացնում են՝ շարունակելով բաժանել մարդկանց յուրայինների, ոչ յուրայինների, 120 հազարի ու 3 միլիոնի: Ցինիզմն էլ սահմաններ պետք է ունենա, բայց սա ցինզիմ է՝ առանց սահմանների: Բայց իրենք ոչ միայն թուրք-ադրբեջանական շահերն են սպասարկում, այլև հայատյաց են ու վախենում են սեփական ժողովրդից: Սա է պատճառը, որ ամենաամոթալի, դատապարտելի վարքագիծն են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ժամանակին շատ ավելի ծանր վիճակում հաղթող են դուրս եկել: Այս իշխանություններն օրեցօր ավելի կոպիտ ու գռեհիկ ձևերով են հետապնդելու բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն այլ ազգերի շահերը սպասարկող քաղաքականության հետ»,-եզրափակեց Լ. Ալավերդյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով