Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին շաբաթվա կարևոր իրադարձությունները.Հենակետ

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին շաբաթվա
կարևոր իրադարձությունները հակիրճ ներկայացնում  է  Հենակետ  վերլուծական կենտրոնը:
Ռազմական իրադրություն
• Ռուս զինվորականներն Ուկրաինայում օգտագործում են նորագույն հակատանկային «PTM-1 R» ականներ: Երբ թիրախը մոտենում է ականի տեղադրման վայրից 50 մ հեռավորության վրա, թիրախի սեյսմիկ սենսորը հրաման է տալիս կրակել, մարտական տարրը շարժվում է բալիստիկ ուղու երկայնքով, մինչդեռ մարտական տարրի սենսորները ջերմային և ռադարային, սկանավորում են երկրի մակերեսը: Թիրախը հայտնաբերելուց հետո մարտական մասը պայթում է և վերևից հարվածում թիրախին:
• Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մտադրություն ունի գրոհային գվարդիական բրիգադ ստեղծել, որոնք կազմված կլինեն կամավորներից, որի նպատակը Ղրիմի և Դոնբասի գրավումն է։
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր չէ ոչ միայն հանձնել Բախմութը (Արտյոմովսկ), այլ նաև դուրս բերել զորքերը:
• Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-22 ինքնաթիռը Ուկրաինայի օդային տարածքում մարտական առաջադրանքի կատարման ընթացքում խոցվել է Ուկրաինայի զինուժի երկու «Բուկ» զենիթային հրթիռներով, բայց անձնակազմի մասնագիտական գործողությունների շնորհիվ ինքնաթիռը վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում:
• Ուկրաինայի Չեռնիգովի մարզի թիրախներին երկու հարված է հասցվել օդային հրթիռներով։ Սա առաջին հարվածն է տարածաշրջանի տարածքում գտնվող օբյեկտներին երկար ժամանակ անց։
• Ուկրաինայի տարածքում նշանակված թիրախների վրա ռուսական «Geran» շարքի կամիկաձե ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է կազմակերպվել: Մասնավորապես՝ թիրախներ են խոցվում Կրամատորսկում, Զապորոժիեում, Դնեպրոպետրովսկում (Դնեպր) և Ուկրաինայի մի շարք այլ շրջաններում: Հաղորդվում է նաև Տու-22Մ3 հեռահար հրթիռակիրների ակտիվության և թևավոր հրթիռների արձակման մասին:
• Հունվարի 9-ի գիշերը հարվածներ են հասցվել Զապորոժյեի, Խմելնիցկի շրջանի և Ուկրաինայի այլ շրջաններում։
• Ռուսաստանի օդատիեզերական ուժերի առնվազն հինգ ռազմավարական հրթիռակիր է ներգրավված Ուկրաինայի տարածքում օբյեկտների վրա հարվածների առաջին ալիքում։ Առնվազն 40 «Կալիբր» և «Х-101» թևավոր հրթիռներ արդեն հասել են իրենց թիրախներին։ Որոշ տվյալներով «Герань» ԱԹՍ-ի գիշերային ակտիվությունը նպատակ է ունեցել հիմնական հարվածից առաջ բացել հակառակորդի ՀՕՊ-ը։
• ՌԴ ՊՆ-ի տվյալներով Ուկրաինայում ողջ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 384 ինքնաթիռ, 206 ուղղաթիռ, 3057 ԱԹՍ, 403 ԶՀՀ, 7798 տանկեր և այլ զրահամեքենաներ, 1012 ՀԿՌՀ, 4034 հրետանային միջոցներ, 8302 հատուկ զինվորական մեքենաներ։
• Ուկրաինայի ԶՈւ ԳՇ տարածած հաղորդագրության համաձայն ռուսական կողմը պատերազմի սկզբից մինչև օրս կրել է հետևյալ կորուստները՝ մոտ 135740 մարդ, տանկ 3258, զրահապատ մեքենաներ 6471, հրետանային համակարգեր 2251, ՀԿՌՀ 463, ինքնաթիռներ 295, ուղղաթիռներ 286, օպերատիվ-մարտավարական մակարդակի ԱԹՍ 1970, թևավոր հրթիռներ 796, ռազմանավեր 18, ավտոմոբիլային տեխնիկա և ավտոցիստեռն 5126, հատուկ տեխնիկա 211։
• Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ փետրվարի 10-ին խոցվել է 5 «Geran» կամիկաձե ԱԹՍ և 5 միավոր «Կալիբր» հրթիռ։ Ժամը 8.30-ի սահմաններում թևավոր հրթիռներ են արձակվել Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչներից։ Ուկրաինական պաշտպանական գերատեսչությունը բնակիչներին խորհուրդ է տվել մնալ ապաստարանում:
Ռազմական աջակցություն Ուկրաինային շահագրգիռ երկրների կողմից
• Իսպանիան Ուկրաինային 20 M113 զրահամեքենա կուղարկի։
• Իտալիայի ԱԳՆ-ն հայտնել է, «SAMP-T» զենիթահրթիռային համալիրներ է շտապ մատակարարել Ուկրաինային, որոնք մարտական հերթապահության կանցնեն 7-8 շաբաթից։
• Գերմանիան Շվեդիայի հետ բանակցություններ է վարում Ուկրաինային IRIST զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև դրանց հրթիռներ մատակարարելու շուրջ:
• Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարել է Ուկրաինային 2,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, որում կներառվեն HIMARS ՀՕՊ համակարգերի համար զինամթերք, ներառյալ 150 կմ հեռավորության վրա գտնվող GLSDB հրթիռները, 181 միավոր MRAP դասի զրահամեքենա, 2 միավոր «Mim-23 Hawk» զենիթահրթիռային համակարգ, Ուկրաինայի ՀՕՊ համակարգերում ներառված արևմտյան երկրների կողմից մատակարարված արձակիչների սարքավորումների, հրթիռների ու ռադիոտեղորոշիչների սարքավորումներ, զինամթերք և ֆինանսավորում:
• Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել F-16 կործանիչներ՝ ՆԱՏՕ-ի երկրների համատեղ որոշման պայմանով՝ «տանկային կոալիցիայի» նմանությամբ։
• Պորտուգալիայի վարչապետը խոստացել է Ուկրաինային փոխանցել Leopard 2 տանկերի անանուն խմբաքանակ, սակայն Պորտուգալիայի ՊՆ-ն այլ կարծիք ունի այդ կապակցությամբ՝ «Պորտուգալիան կարող էր չորս կամ հինգ տանկ առաջարկել, բայց մենք նույնիսկ զինամթերք չունենք։ Դրանք շատ թանկ են: Ամենաէժանն արժե յուրաքանչյուրը 10.000 եվրո: Ուկրաինայում մարտական տանկը օրական 60 կրակոց է արձակում։ Հիմա պատկերացրեք, որ 300 տանկը 60-ական համազարկ է անում։ Ով է արտադրում զինամթերք: Եթե 300 տանկ օրական առնվազն 40 արկ է կրակում, ապա դա արդեն արժե 120 միլիոն եվրո»։
• Կանադայի ՊՆ-ն արդեն հրապարակել է կադրեր առաջին «Leopard 2» տանկը Լեհաստանի միջոցով Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ:
• Չեխիայի ձեռնարկություններից մեկում վերականգնում և արդիականացնում են «T-72M1» տանկերը Ուկրաինայի համար։
• Պենտագոնը հրապարակել է Bradley ՀՄՄ-ների բեռնման կադրերը բեռնատար նավի վրա՝ Ուկրաինա մեկնելուց առաջ։
• Դանիան Ուկրաինային կմատակարարի 1987 թվականի «Leopard 1a5» նմուշի տանկեր։
• Բունդեսվերում հայտարարել են, որ առաջին «Leopard 2a6» տանկերն Ուկրաինա կժամանեն Գերմանիայից մարտի վերջին։
• Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին հանձնարարված է ուսումնասիրել, թե ինչ տեսակի ռազմական ինքնաթիռներ կարելի է տրամադրել Ուկրաինային։ Ուկրաինացի օդաչուների ուսուցումը կսկսվի գարնանը։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը, որին հանձնարարվել է պարզել Ուկրաինային կործանիչների փոխանցման հնարավորությունը, հայտարարել է, որ մոտ ապագայում նման սցենարի իրականացումն անհնարին է։
• Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում Ուկրաինային է փոխանցում երկու Gepard զենիթային թնդանոթի համալիր և 6000 զինամթերք։
• Շվեդիան Ույկրաինային կփոխանցի հակատանկային զենք, ականազերծման սարքավորումներ և CV90 հետևակային թեթև մարտական մեքենաներ:
• Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Վարշավան պատրաստ է կործանիչներ հանձնել Կիևին, եթե Ուկրաինայի մյուս դաշնակիցները դա անեն մինչև Լեհաստան:
• Սլովակիան խոստացել է Ուկրաինային փոխանցել անհայտ քանակությամբ (ենթադրաբար՝ մինչև 12 միավոր) ՄիԳ-29 կործանիչներ:
Բանակցային գործընթաց
• Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանին բավականին պարզ 4 պահանջ է ներկայացնում բանակցությունների համար։ Այն է՝ ազատագրել բոլոր ուկրաինական տարածքները, որոնք այժմ ժամանակավորապես օկուպացված են, պատասխանատվություն ռազմական տրիբունալի միջոցով այն մարդկանց, ովքեր պատերազմ են սկսել, ովքեր սպանում են երեխաներին, տարեցներին, կանանց, ովքեր ոչ մի կապ չունեն ռազմական գործի հետ, պետք է Ուկրաինային տրվեն անվտանգության երաշխիքներ։
• ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան, իբր, դիտարկում է Ռուսաստանի հետ պատերազմում «կորեական սցենարի» հնարավորությունը՝ ձգտելով դառնալ Հարավային Կորեայի նման և հույս ունենալով ազատագրել գրավյալ տարածքները։ Սակայն, Մեդվեդևի խոսքով, «կորեական սցենարն» անհնար է, քանի որ Ռուսաստանը «լիակատար ինքնիշխան պետություն է և ունի ամենասարսափելի զենքը»: Նա նաև սպառնացել է, որ Ուկրաինային սպասվում է «մասնատում»։
• Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կարգավորելու համար հարկավոր է խաղաղ համաժողով անցկացնել։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձևը կարող է ամուր հիմք հանդիսանալ դրա համար։
Արտաքին քաղաքական իրադրություն
• ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ հաջորդ 6 ամիսները կրիտիկական կլինեն Ուկրաինայի համար։
• ԱՄՆ-ում հայտարարել են, որ ՌԴ-ից բռնագրաված և ռուս գործարար Մալոֆեևին պատկանող ակտիվները պատրաստվում են փոխանցել Ուկրաինային, որը առաջին նախադեպն է։
• ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտավախություն է հայտնել, որ աշխարհը մոտենում է «ավելի լայնամասշտաբ պատերազմի», քան Ուկրաինայի հակամարտությունն է։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը իր հերթին հայտարարել է, որ իրավիճակը մոտ է երրորդ համաշխարհային պատերազմին։
• Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ փետրվարի 17-19-ին կայանալիք Մյունխենի խորհրդաժողովում Ուկրաինան խոսելու է հրթիռների, ինքնաթիռների և ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին:
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փետրվարի 8-ին ժամանել է Անգլիա, որտեղ հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին և ուկրաինացի զինվորականների հետ: Քննարկվել են Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարումների անհապաղ ավելացումը և համաձայնեցվել է հեռահար համակարգերի տրամադրումը:
• Լոնդոնից հետո Փարիզ կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցություններ կվարի իր ֆրանսիացի գործընկեր Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ:
• Վլադիմիր Զելենսկին մտադիր է այցելել նաև Իսրայել, սակայն այցի ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
• ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Կիևը վերադարձնի իր կորցրած տարածքները։ Ուկրաինային ռազմական մատակարարումների անվանացանկը կփոխվի։
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ խոստովանել է, որ ինքն է դադարեցրել Մինսկի համաձայնագրերի կատարումը։
Ներքին զարգացումներ
• Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ հեռահար հրթիռներ ստանալու դեպքում Կիևը երաշխավորում է հարվածներ չհասցնել Ռուսաստանի տարածքին։ Ընդ որում, ուկրաինական իշխանությունները Դոնբասն ու Ղրիմը չեն համարում ռուսական տարածքներ։
• Ուկրաինայի գրադարանները մակուլատուրայի համար 11 մլն գիրք են ուղարկել ռուսերենով ռազմական գործողության մեկնարկից ի վեր:
• Ուկրաինայի անվտանգության ծառայությունը միգրացիոն ոստիկանության ղեկավարության կողմից մարմնավաճառության տարածման մասշտաբային սխեմա է բացահայտել։ Ապօրինի բիզնեսից ամսական եկամուտը կազմել է 50 մլն գրիվնի։
• Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հրաժարական է տվել։ Նրա տեղը կզբաղեցնի հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը։ Ուկրաինայի կառավարությունը հաստատել է կադրային փոփոխության այս որոշումները։ Ավելի ուշ Ուկրաինայի Գերագույն Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ այս շաբաթ պաշտպանության ոլորտում կադրային փոփոխություններ տեղի չեն ունենա: Որպեսզի հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը գլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, անհրաժեշտ են օրենսդրության փոփոխություններ, քանի որ օրենքով պաշտպանության նախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն քաղաքացիական անձը:
• Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կգլխավորի Վասիլի Մալյուկը։
• Հունվարի 9-ի գիշերը և 10-ի ցերեկը հրթիռային զանգվածաբար հարվածի արդյունքում Ուկրաինայի մի քանի մարզերում խափանվել է ինտերնետ կապը։
Միջազգային մեդիայի անդրադարձ
• «Politico» պարբերականը, վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան աղբյուրին, հայտնում է, որ ԱՄՆ-ն կարող է թույլ տալ այլ երկրներին F-16 կործանիչներ փոխանցել Ուկրաինային, սակայն հենց իրենք դժվար թե դա իրականացնեն:
• Ամերիկացիների թիվը, որոնք դժգոհ են Կիևի իշխանությունների չափից ավելի աջակցությունից, անընդհատ աճում է։ Այս մասին հայտնում է «The Hill» պարբերականը՝ վկայակոչելով հարցումների տվյալները։ ԱՄՆ քաղաքացիները, ներառյալ պաշտոնյաներն ու կոնգրեսականը, դժգոհում են, որ հարկատուների փողերը գնում են Ուկրաինա։
• Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Կիև կատարած այցի նպատակներից մեկը եղել է Մոսկվայի հետ բանակցություններին Ուկրաինայի պատրաստակամության և հնարավոր տարածքային զիջումների հարցում «տրամադրության շոշափելը»: Ուիլյամ Բերնսը նաև այցելել է Մոսկվա, ինչի մասին ԶԼՄ-ները լռում են։
• «Süddeutsche Zeitung» պարբերականը գրել է, որ Գերմանիան հավանություն է տվել Ուկրաինային 88 միավոր հնացած «Leopard 1» տանկերի փոխանցմանը, սակայն զինամթերքի հետ կապված խնդիրներ կան։
• «Der Spiegel» պարբերականը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին, գրել է, որ Գերմանիայի 14 միավոր «Leopard» տանկերն այն ամենն են, ինչի վրա Ուկրաինան կարող է հույս դնել մոտ ապագայում։
• «Financial Times» պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ-ը դժվար թե Ուկրաինային փոխանցի Abrams տանկերը՝ նրանց մարտական պատրաստության պահպանման տեխնիկապես բարդ գործընթացի պատճառով: Այդ մեքենաների մատակարարման մասին Վաշինգտոնի հայտարարություններն արվել են միայն այն բանի համար, որ Գերմանիայի կանցլեր Շոլցին դրդեն «Leopard»-ները հանձնելու որոշմանը և այլ երկրների կողմից դրանց վերաարտահանման հաստատմանը։
• «Business Insider»-ը գրել է, որ գերմանական երկու կոնցեռններ, Գերմանիայի կառավարության հետ համաձայնեցմամբ, Ուկրաինային կմատակարարեն 1980-ականների արտադրության 187 միավոր Leopard 1 մարտական տանկ։ Առաջին տանկերն Ուկրաինայում կհայտնվեն տարվա կեսից ոչ շուտ։ Մարտական մեքենաների մի մասը կփոխանցվի որպես պահեստամաս։
• «Financial Times» պարբերականը գրել է, որ գերմանական «Rheinmetall» կոնցեռնը ծրագրում է Հունգարիայում հրետանային զինամթերքի արտադրության նոր գործարան կառուցել։ Պատճառները Եվրոպայում զինամթերքի սուր պակասն են՝ կապված Ուկրաինային մատակարարումների հետ, ինչպես նաև բանակային զինանոցների սպառման հետ։
• «The Washington Post» պարբերականը գրել է, որ Ամերիկյան Կոնգրեսում հանրապետական կուսակցության անդամների մոտ կեսը կարծում է, որ Ուկրաինայի տարածքի մի մասը կարող է փոխանցվել Ռուսաստանի վերահսկողությանը՝ խաղաղության համաձայնագրի դիմաց: Կոնգրեսականների կարծիքով՝ ԱՄՆ-ն առանց այդ էլ չափազանց շատ բան է անում Կիևի համար։
• «Bloomberg» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Բեռլինը եվրոպացի գործընկերներին կոչ է արել մինչև շաբաթվա վերջ որոշում ընդունել Ուկրաինային «Leopard 2» մարտական տանկերի փոխանցման կոնկրետ ժամկետների վերաբերյալ։
• «Foreign Affairs» պարբերականը գրել է, որ Ուկրաինան պատրաստվում է Դոնբասում ռուսական սարսափելի հարձակմանը։ Մոսկվան հարյուր հազարավոր զինծառայողներ է կենտրոնացրել երկրի արևելքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով