Օգնության ձեռք մեկնելը ոչինչ չի փոխելու թուրքերի մոտեցումների մեջ. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո աշխարհի տարբեր երկրներ շտապեցին օգնության հասնել այդ երկրին։ Օգնության ձեռք մեկնող պետությունների մեջ էին նաև Թուրքիայի հետ, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունեցող Հունաստանը և Հայաստանը։ Հայաստանը, փրկարարներ ուղարկելուց զատ, նաև առաջին անգամ Մարգարայի կամուրջով 100 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց Թուրքիա։ Հետո նույնն արվեց ևս մեկ անգամ: Բնական է՝ Հայաստանի նկատմամբ վարվող թշնամական քաղաքականության պայմաններում Թուրքիային տրամադրված աջակցության իրողությունը քննադատությունների առիթ դարձավ հանրության շրջանում։ Իսկ ահա ՀՀ իշխանություններն ու նրանց քարոզչական խոսափողները ուռճացնում են այդ օգնության նշանակությունը՝ այնպիսի կարծիք ձևավորելով, թե իբր այն դրական պայմաններ է ստեղծելու և խթանելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

Իրականում Հայաստանի օժանդակությունն ավելի շատ մարդասիրական ժեստ էր, ու դժվար է կարծել, թե այն կարող է լուրջ արտաքին քաղաքական հետևանքներ ունենալ։ Այդ իրողության մասին է վկայում նաև ցավակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիա կատարած այցը։ Ի դեպ, ուշագրավ է,որ Անկարայի օդանավակայանում Արարատ Միրզոյանին և նրան ուղեկցող հայ պաշտոնյաներին դիմավորեց ոչ թե Թուրքիայի արտգործնախարարը, այլ Թուրքիայի կրթության նախարարը և հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Եվ իսկույն լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց այն փաստը, որ, ի տարբերություն Հայաստանի արտգործնախարարի, Թուրքիայի իշխանությունների կողմից Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն ավելի բարձր ընդունելության արժանացավ։ Դենդիասին դիմավորեց անձամբ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն, որը նրան ուղեկցեց աղետի գոտում բոլոր կանգառների ժամանակ։ Հետաքրքրական է, որ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ ձեռք բերված, կարելի է ասել, միակ պայմանավորվածությունը վերաբերում է համատեղ ջանքերով Անիի կամուրջի վերականգնմանը, բայց այս թեման Թուրքիայի համար նորություն չէ։

Անիի կամուրջի վերակառուցման հարցը Թուրքիայում շրջանառվում է դեռևս 2010 թվականից։ Իսկ 2020 թվականին Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախկին նախարար, Կարսից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Արսլանը հայտարարել էր, թե Թուրքիան պատրաստվում է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայթուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը, ապա պետք է նշել, որ Չավուշօղլուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կրկին կապեց Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հետ։ Պատահական չեն նրա խոսքերը, որ եթե 3 երկրներն անկեղծ քայլեր անեն, Հարավային Կովկասում հաստատուն խաղաղություն կհաստատվի։ Իսկ սա նշանակում է, որ թուրքական նախապայմանները ուժի մեջ են, ոչինչ չի փոխվել, և մինչև Հայաստանը խաղաղության պայմանագիր չկնքի ու զիջումներ չանի Ադրբեջանին, ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ մի՞թե որոշ մարդիկ կարծում էին, թե «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող Չավուշօղլուն և թուրքերի հակահայկական քաղաքականությունը Հայաստանի ուղարկած օգնությունից ու Արարատ Միրզոյանի այցից հետո փոխվելու են։ Արդյոք Անկարան հրաժարվե՞լ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, իհարկե՝ ոչ, քանի որ հենց իր դրդմամբ է, որ Ադրբեջանը, զանց առնելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, միջանցք է պահանջում Հայաստանից։ Մյուս կողմից էլ՝ հարմար առիթ էր, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած հումանիտար աղետի ֆոնին այդ երկրի կառավարող շրջանակների առաջ բարձրացվեր Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացման հարցը։ Եվ Թուրքիայի կողմից մեկ զանգը կարող էր բավարար լինել, որ Ադրբեջանը որոշակիորեն վերանայման ենթարկի իր դիրքորոշումը։ Բայց դրա մասին խոսք անգամ չգնաց։ Գուցե ասեք, թե այդ դեպքում ինչի՞ համար էին Թուրքիայի կողմից Հայաստանին հայտնած շնորհակալությունները ու, այսպես ասած, «փայփայող» խոսքերը։

Դրանով Հայաստանի համար թուրքական վտանգը որևէ կերպ չի նվազում, դեռ ավելին՝ մենք պատմական փորձով համոզվել ենք, որ Թուրքիայի կողմից «սիրաշահումներն» ավելի վտանգավոր են, քան սպառնալիքները։ Թուրքիան սպառնում է այն ժամանակ, երբ զգում է, որ դիմացինն իրենից ուժ է ներկայացնում, բայց երբ տեսնում է, որ Հայաստանը պարտված և թույլ վիճակում է, ապա շողոքորթելու հետ մեկտեղ իրար հաջորդող նախապայմաններ է առաջ քաշում և զիջումներ ստանում։ Մյուս կողմից էլ հետաքրքրական էր, որ Արևմուտքի կողմից բացահայտ կերպով դրական գնահատվեց Հայաստանի արտգործնախարարի՝ Թուրքիա կատարած այցը։ Օրինակ՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Միրզոյանի այցը Թուրքիա որակեց որպես «պատմական»։ Բայց պետք է հասկանալ, որ Արևմուտքը ոչ թե շահագրգռված է նրանով, որ Հայաստանի համար ստեղծված պայմանները բարելավվեն, այլ նրանով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հնարավորությունները մեծանան։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով