Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.Հենակետ

Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասիններկայացնում  է  Հենակետ  վերլուծական կենտրոնը:
Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե նոր ուսումնական շրջանի շրջանակներում ադրբեջանական բանակի զորամասերում և զորքերում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Ադրբեջանական բանակը նաև զորավարժություններ է անցկացրել միաժամանակ ավիացիայի, նավատորմի և հրետանու մասնակցությամբ։
Ադրբեջանում անցկացվել են ՆԱՏՕ-ի «Օպերատիվ մակարդակում ՆԱՏՕ-ի գործողությունների գնահատում» դասընթացները: Ադրբեջանական բանակի ԳՇ պետ Քերիմ Վելիևը և ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիևն այցելել են զորամասեր և ստուգել ինտենսիվ պարապմունքների ընթացքը նոր զորավարժությունների շրջանում։
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե իբր «ՀՀ-ն և Իրանը պատրաստվում են հարձակման անցնել Լաչինի և Սանասարի (Ղուբաթլի) ուղղությամբ»։ ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են ադրբեջանական ապատեղեկատվությունը։
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) համատեղ նախագիծ են սկսել՝ «Աջակցել Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) կարողությունների ընդլայնմանը՝ նախկին հարկադիր վերաբնակների անվտանգ վերադարձի համար»:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի Կարս նահանգ կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը 2023 թ․-ին 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն:
Ադրբեջանի ՊՆ-ում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ այդ գերատեսչության ղեկավար Հասանովը նոր հանձնարարականներ է տվել երկրի զինված ուժերին։ Հանդիպման ընթացքում մանրամասն վերլուծվել է օպերատիվ իրավիճակը սահմանին։
Հասանովը հանձնարարականներ է տվել հնարավոր սպառնալիքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար և նշել, որ ադրբեջանական բանակը միշտ Թուրքիայի հետ է։ Իսկ AZTV-ին տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ թուրքական բանակն աշխարհում ամենաուժեղներից մեկն է, և ադրբեջանական բանակը, մասնակցելով համատեղ զորավարժություններին, ուսումնասիրում է այդ փորձը և ներմուծում իր մարտական պատրաստության մեջ։
Հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է բանակցային գործընթացն իբր արգելակելու փորձի մեջ։ Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանները կբացվեն, երբ ապահովվեն Ադրբեջանի իրավունքները:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որ նրան մեկնել են Ալիևը և Էրդողանը։ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրիչ Ռադմանը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը չի երաշխավորում ստատուս քվոն։
ԵԽ-ն զեկույց է ընդունել, որում նշվում է, որ արդյունավետ լինելու համար խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, ԼՂում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ: ԵԽ զեկույցում Ադրբեջանին կոչ է արվել դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե Հայաստանի խնդրանքով Ադրբեջանի հետ սահմանին ռուս զինվորականների թիվն ավելացել է։ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը նշել է, թե արդեն խոսվում է, որ ֆրանսիացի ժանդարմներ են ընդգրկվելու Հայաստան ժամանող ԵՄ առաքելության կազմում։ ԵՄ գործողություններն ուղղված են Ռուսաստանին Ադրբեջան – Հայաստան գործընթացից հեռացնելուն։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը Ռուսաստանին մեղադրել է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խափանելու մեջ:
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, և տուժածներ չկան։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե միջազգային ճանապարհորդների խումբը Լաչինում ծանոթացել է վերականգնման և վերակառուցման աշխատանքների ընթացքին։
«Ղարաբաղի վերածնունդ» հիմնադրամը հայտնել է, թե սկսել է Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանում նոր զբոսայգու ստեղծման նախապատրաստական աշխատանքները։ Փետրվարի 7-ին Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանում Վիետնամի դեսպան Դանգ Մին Հոյի հավատարմագրերը։ Ադրբեջանի նախագահը վիետնամական ընկերություններին հրավիրել է մասնակցել Արցախից գրավված տարածքներում իրականացվող նախագծերին։
Լաչինի միջանցքի փակման մասին
Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է փակ պահել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը նշել է, թե պետք է անհապաղ Լաչինի միջանցքն ապաշրջափակի։ «Amnesty International»-ն Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Մարդու իրավունքների միջազգային ընկերությունը հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը։ Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև։
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի, իսկ Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա։
Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Կարին Դոնֆրիդի հետ ունեցած հեռախոսազրույցոեւմ օրինական է անվանել Լաչինի ճանապարհը փակած ադրբեջանցիների գործողությունները։
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բռունո Ռետայոն նշել է, թե անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ ընդհուպ մինչև ակտիվների կալանք եւ նավթի ու գազի էմբարգո։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոալիցիան՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ, Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացրել։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հեռախոսով բանակցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ քննարկելով նաև իրավիճակն Արցախում։ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդգծել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ ապահովելու անհրաժեշտությունը։
Ավստրալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ կոչ անելով Ադրբեջանին անմիջապես բացել միջանցքը:
Տարածաշրջանային ծրագրերի մասին
Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, թե Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծվի։ Իտալիայի արդյունաբերության նախարար Ադոլֆո Ուրսոն հայտարարել է, թե Իտալիան մտադիր է Ադրբեջանին չորս գազային տուրբինների վաճառքի նոր պայմանագիր կնքել։
ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն դժգոհել է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի աջակցության բացակայությունից: Նա նաև նշել է, թե Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը հանգեցրեց ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման։
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՌԴ-ն կողջունի Բաքու-Երևան-Թբիլիսի եռակողմ քննարկումը, եթե դրա հետևում կանգնած չեն Բրյուսելը կամ Վաշինգտոնը։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Թբիլիսին կարող է դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների անցկացման վայր։
Թուրքիայի երկրաշարժի մասին
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում ավերիչ երկու երկրաշարժերը խնդիրներ են առաջացրել Ադրբեջանի նավթի արտահանման հետ կապված: Հում նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով և Թուրքիայի գլխավոր նավթային տերմինալով՝ «Ջեյհան»-ով, դադարեցվել են:
«BP Azerbaijan» ընկերությունը երկրաշարժերից հետո թուրքական Ջեյհան նավահանգստից ադրբեջանական նավթն արտահանելու ֆորս-մաժորային իրավիճակ է հայտարարել։ Նշենք, որ «BP Azerbaijan»-ը կառավարում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարի ադրբեջանական եւ վրացական տեղամասերը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է, թե տեղյակ է Ադրբեջանից ուղարկված օգնության մասին։ Նա նշել է, թե ինչպես Ղարաբաղում Թուրքիան Ադրբեջանի հետ միասին էր, այնպես էլ հիմա Ադրբեջանը Թուրքիային դժվար վիճակում միայնակ չի թողնում։ «Մեր կարգախոսն է՝ Մի ազգ, երկու պետություն»,– ասել է Էրդողանը։
Իլհամ Ալիևը Թուրքիա է ուղարկել ԱԻՆ արագ արձագանքման ուժերը։ Ադրբեջանցի ռազմաբժիշկների խումբը ևս մեկնել է Թուրքիա։ Ադրբեջանի ՊՆ-ն բժշկական պարագաներ է ուղարկել Թուրքիա:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Ադրբեջանից Թուրքիա է ուղարկվել 7 ինքնաթիռ և ավտոմեքենաների քարավան։ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանն, ինչպես միշտ, Թուրքիայի կողքին է։ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատուն և գրառում կատարել սգո մատյանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով