«Ապահովագրությունը պետք է լիարժեք փաթեթ լինի». ի՞նչ ռիսկեր է տեսնում մասնագետը. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու հարցին։ 2023 թվականին կիրականացվեն ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Նախնական փուլում կհաստատվեն փաթեթների գները, որոնք չեն հաշվարկվելու մարդու եկամուտներից որոշակի տոկոսով, այլ ունենալու են հաստատուն արժեք, ինչպես նաև կհստակեցվի պետության կողմից ֆինանսավորման չափը։ Համակարգը բոլոր քաղաքացիների համար պարտադիր կդառնա 2027 թվականից։

«Առողջապահական համապարփակ ապահովագրության համակագը, իհարկե, միակ միջոցն է, որպեսզի մարդը, որը գումար չունի, երբևիցե չմերժվի բժշկական օգնության տեսանկյունից, որովհետև չգիտենք, թե որ օրը մեզ հետ ինչ կլինի: Միջին խավն ապրում է աշխատավարձով, որը կուտակելու հնարավորություն չունի: Այս տեսանկյունից որևէ խնդիր ունենալու դեպքում ապահովագրությունից օգտվելը լավ հնարավորություն է», -«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ Լամարա Մանուկյանը:

Մյուս կողմից՝ Լ. Մանուկյանը որոշակի ռիսկեր է տեսնում: «Ինձ անհանգստացնում են հատկապես տարեցները, երեխաները, ինչպես նաև անապահով խավի մարդիկ: Անգամ վիճակագրական տվյալ կա, որ սոցիալապես անապահով խավը, բնականաբար, ելնելով իր պայմաններից, ավելի շատ է հիվանդանում, նրանց շրջանում բժշկի դիմելիության ցուցանիշն ավելի մեծ է: Ու ոչ ոք չգիտի՝ եթե մենք այսօր 1 միլիոն տվեցինք ու սրտի մեկ անոթ ստենդավորեցինք, մեկ ամիս հետո մյուսը չի՞ փակվի, որովհետև տվյալ խավի բուժառուն չի կարողացել դեղեր գնել, խմել: Խոսքն այն խավի մասին է, որը դժվար կառավարելի է. այսինքն, բացի նրանից, որ տվյալ պահին օգնություն ցուցաբերեցինք, նաև պետք է հետևենք հետագա առողջ ապրելակերպին, որը չի մտնում ապահովագրության մեջ: Որևէ ձևով հետևել չենք կարող, եթե նա պարբերաբար չդիմի իր ընտանեկան բժշկին: Այսինքն, այստեղ ավելի մեծ ծախսերի խնդիր կարող է առաջանալ»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լամարա Մանուկյանն այլ խնդիր էլ է տեսնում՝ հաշվի առնելով մեր երկրում արդեն իսկ առկա բժշկական ապահովագրության համակարգը, որը կամավոր բնույթ ունի: «Ապահովագրական փաթեթով տրվող բուժումը լիարժեք և համապատասխան չափով կտրվի՞: Հիմա մենք ունենք ապահովագրական կազմակերպություններ ու բազմաթիվ քաղաքացիներ, որոնք օգտվում են բժշկական ապահովագրությունից: Վերջիններիս հաճախ ասում են, որ այս կամ այն ծառայությունը չի մտնում փաթեթի մեջ, ու այնպես է ստացվում, որ շատ դեպքերում մարդիկ, ապահովագրված լինելով, վճարում են բժշկական ծառայության համար: Օրինակ՝ վիրուսային հիվանդությունների բուժումը, ստոմատոլոգիական ծառայությունները ևս չեն մտնում ապահովագրության մեջ: Մինչդեռ ստոմատոլոգիական ծառայությունները, ինչպես նաև սրտային վիրաբուժությունն ամենաթանկ ծառայություններն են Հայաստանում: Կարծում եմ՝ այս տեսանկյունից ապահովագրությունը պետք է լիարժեք փաթեթ լինի»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ նաև պետք է ֆիքսվել հատկապես անօգնական խավի վրա, գնահատել մասնավորապես տարեցների խնդիրները:

«Ընդհանուր առմամբ, պետք է գնահատում իրականացնել, մինչդեռ այս համատեքստում, ի տարբերություն շատ երկրների, Հայաստանում նման գնահատում արված չէ: Պետք է գնահատել, որպեսզի հասկանանք, թե մեզ մոտ միայնակ տարեցների, անօգնականների, ինքնասպասարկման հնարավորությունից զրկված մարդկանց թիվը որքան է: Պետք է ուսումնասիրել տարբեր երկրների փորձը, բայց համապատասխանեցնել Հայաստանին, որովհետև մենք մեր պոպուլ յացիայով մեր առանձնահատկություններն ունենք: Օրինակ՝ հիվանդությունները նորից պետք է վերագնահատվեն, ամենակարևորը՝ պետք է ունենանք վիճակագրություն այն մասին, թե ամենաշատը որ հիվանդություններն են տարածված Հայաստանում, ինչպես են ընթանում կամ որ խմբի մոտ են առավել տարածված: Սա մեծ աշխատանք է ենթադրում: Այն կօգնի հասկանալ, թե ապահովագրական փաթեթներն ինչպես ենք ձևավորելու, որ հետո չստացվի այնպես, որ մարդը մեկերկու անգամ մերժվի, իսկ երրորդ անգամ ընդհանրապես չդիմի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով, որ ապահովագրական փաթեթը հաստատուն արժեք է ունենալու, Լամարա Մանուկյանը նշեց, որ նույն խմբի քաղաքացիներն անգամ կարող են տարբեր հիվանդություններ ունենալ. «Հենց այդ պատճառով պետք է տարբեր խմբերի համար սանդղակներ ունենալ: Նույն տարիքի, նույն սոցիալական վիճակում գտնվող մարդկանցից մեկը կարող է համեմատաբար առողջ լինել, մյուսը 7 հիվանդություն ունենալ: Իրենց ապահովագրության փաթեթի արժեքը նույնը չի կարող լինել»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով