Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը. Արցախի ԱԺ նախագահ

 

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել  նվիրված արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ղարաբաղյան շարժման35-րդ տարեդարձին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուղերձում ասվում է.

«Սիրելի´ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս արցախյան ազգային – ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյա հոբելյանի առիթով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շարժումը, հիրավի, ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակությունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու տեսանկյունից: Մեր հիշողությունների ժապավենը հետ պտտելով դեպի 1988թ. իրադարձություններ՝ մեկ անգամ ևս ոգևորվում ու հպարտանում ենք խորհրդային ժամանակների արցախյան սերնդի նախաձեռնած համազգային զարթոնքով:

Իր ազգային նկարագիրը պահպանելու և հետագա էթնիկ ուծացումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը Մայր հայրենիքին վերամիավորվելն էր:

Ղարաբաղյան շարժման  իրավաքաղաքական գագաթնակետը 35 տարի առաջ այս օրն էր: Արտահայտելով հայկական ինքնավար երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը՝ ԼՂԻՄ-ի բարձրագույն ներկայացուցչական մարմնի մարզխորհրդի պատգամավորները, 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում ԼՂԻՄ -ը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմից դուրս գալու և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հայաստանին  վերամիավորելու մասին պատմական որոշում կայացրին: Այդ որոշմամբ՝ արցախյան ազգային-ազատագրական շարժումը մտավ իրավական հարթություն:

Սակայն մեր ժողովրդի ինքնորոշման սահմանադրական իրավունքի խաղաղ իրացմանը հակառակ՝ Ադրբեջանը առաջնորդվել է  հիմնախնդիրը հանգուցալուծելու ուժի կիրառման տարբերակով:

Ադրբեջանի սանձազերծած 3 պատերազմները վերահաստատեցին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արցախն առանց հայերի նենգ մտադրությունները:

Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք ձեռքբերումների ու կորուստների միջով: Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել: Վիրավոր Արցախը այսօր շարունակում է ապրել այդ զոհողությունների գնով:

Պայքարի ոգի ներարկած փետրվարյան ազգային վերածննդի շունչը և մեր հայրենիքի, պետականության համար թափված արյունն ու քրտինքը ներկա օրերում մեզ համար նոր ոգորումների մղիչ պետք է հանդիսանան: Դա է արցախցու կենսունակության ու հարատևության բանաձևը:

Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները հետպատերազմական ժամանակաընթացքում ավելի խորացան:

Առաջնահերթությունների շարքում  է կաթվածահար տնտեսության, ենթակառուցվածքների վերականգնումը: Սակայն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ Ադրբեջանը պաշարման մեջ առավ  Արցախը, խափանվեցին այդ ծրագրերի իրականացումը: Ադրբեջանը հումանիտար աննախադեպ աղետ է առաջացրել Արցախում ՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը:

Վստահ եմ, որ այս արհեստածին դժվարությունները ևս կհաղթահարենք:

Թանկագի´ն հայրենակիցներ

Մեր ազգային հպարտությունն աներեր է: Այն ոչ ոք չի կարող խաթարել:Մենք վճռական ենք մեր պայքարում: Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով