Աղմկող ինքնախաբեության ճիրաններում-2.Ռուբեն  Հակոբյան

 

«Ակունք» կենտրոնի տնօրեն  Ռուբեն  Հակոբյանը  ֆեյսբույան  իր  էջում գրում է. 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սկիզբը՝այստեղ

Օրվա իշխանությունների կողմից թիկունքից նոր հարված, այս անգամ արդեն Հայաստանի ուղղությամբ, 95թ. ԱԺ ընտրություններն ու Սահմանադրական հանրաքվեն էր, առավել ևս՝ 96-ին աննախադեպ կեղծիքներով անցկացրած նախագահական ընտրությունները։ Նրանք չթաքցրեցին ընտրությունների արդյունքների նկատմամբ իրենց մոտեցումը, եթերից հրապարակավ հայտարարելով՝ «…եթե անգամ ընդդիմությունը հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել»։
Իշխանությունը բավական դաժան վարվեց Վազգեն Սարգսյան նկատմամբ՝ իրենց քաղաքական թիմի նշանաբանի հեղինակ կարգելով նրան։ Բանակն ամբողջությամբ ընդգրկվեց նախընտրական և հետընտրական գործընթացներում։ Այդ ընթացքում ուժային կառույցները աչքի ընկան իրենց հակաօրինական ու ագրեսիվ գործողություններով։ Ընտրակեղծիքների դեմ պայքարող ԱԺ ընդդիմադիր մի քանի պատգամավորներիս զրկվեցին անձեռնամխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորվեցին…
Միջազգային կառույցները բացասական գնահատեցին հատկապես նախագահական ընտրությունների կազմակերպման ողջ ընթացքն ու արդյունքները՝ մեզ «զրկելով» տարածաշրջանում ժողովրդավարական բաստիոն լինելու կարգավիճակից, ինչը, որպես լրացուցիչ փաստարկ, երբեմն օգտագործում էինք միջազգային հարթակներում։ Ընտրությունների միջոցով ընդդիմությանն իշխանություն չհանձնելու սկզբունքն ու կադրային քաղաքականության հարցում «…պոլի փեդ լինի՝ ՀՀՇ-ից լինի» հայտնի կարգախոսները մեկտեղվեցին՝ պետականաշինության տարածքից լուսանցք մղելով ինտելեկտը, պրոֆեսիոնալիզմը, պետական մտածողությունն ու սկզբունքայնությունը։ Արդյունքում՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նմանվեց այն նավավարին, ով հերոսաբար կարողացավ փրկել նավը փոթորկվող ծովում՝ ապահովելով արցախյան առաջին ազատամարտի փառավոր հաղթանակը, բայց խեղդվեց սեփական տարածքով հոսող գետում՝ ինչ որ միջնորդություններով ծնված Բիշքեկյան համաձայնագիրի, ինչպես նաև՝ իշխանության մնալու գայթակղությանը չդիմանալու արդյունքում։ Դրանք առաջին քայլերն էին դեպի ճչացող ինքնախաբեության նիրվանան, երբ իշխանությունը ժողովրդին համոզում էր, թե կառուցում են ազատ, անկախ ու ժողովրդավարական պետություն, բայց…
Ափսոսանքով ու ցավով եմ արձանագրում սա՝ որպես այդ իրադարձությունների ականատես և ընդդիմության ՝ներկայացուցիչ։
Ցավոք, իշխանության եկած մյուս քաղաքական ուժերը նույպես գայթակղվեցին արդեն ավանդույթի ուժ սատացած այդ կարգախոսներից՝ գնահատական չտալով և դասեր չքաղելով գործած սխալներից։ Ցավալի էր տեսնել, թե ինչպես էին փորձառու և քաղաքական հստակ ստորագրություն ունեցող կադրերն ԱԺ մեծամասնական ընտրատարածքներում պարտվում հասարակությանը բոլորովին անհայտ անձերի, որոնց թիկունքում հիմնականում օրվա իշխանությունների ներկայացուցիչներն էին՝ օլիգարխիայի ու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ ձեռք-ձեռքի տված։ Նույն պատկերին կարող էինք ականատես լինել նաև որոշ նախարարներ ու մարզպետներ, դիվանագիտական ոլորտում նշանակումներ կտարելիս։
Քաղաքական զարգացումներում ուժային կառույցներին առանցքային դերակատարություն տալն ավարտվեց խորհրդարանի երկրապահացումով (97-99թթ.), ինչն էապես նպաստեց պետության թիվ մեկ Օրենսդիր մարմնի ապաքաղաքականացմանն ու լուրջ հարված էր ԳԽ-ի կողմից սկզբնավորված հայրենական պառլամենտական մշակույթին։
Այսպիսի քայլերով սկսվեց այն ծննդատան շինարարությունը, որտեղ պետք է սաղմնավորվեր և ծնվեր Հայաստանը դեպի կործանում տանող «ապագա կա»-ի խորհրդանիշը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով