Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու վերաբերյալ տեղեկություններ.Հենակետ

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալներկայացնում  է Հենակետ  վերլուծական կենտրոնը: 

Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու վերաբերյալ տեղեկություններ
Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Այսպիսով` դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:
Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ Լաչինի միջանցքը պետք է ապահովի կապ՝ ԼՂ-ի և ՀՀ-ի միջև և պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո:
ԱՀ նախագահ Ա․Հարությունյանն անդրադառնալով արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշմանը, հայտարարել է, որ այդ որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում։
Հաագայի դատարանի հրապարակված վճռին անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն՝ նշելով, որ պետդեպարտամենտը պետք է ապահովի, որ Ալիևը կատարի դատարանի որոշումը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ից էլ հայտարարել են, որ Փարիզն ուշադրությամբ հետևել և ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ կապված Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ։
Թեմայի վերաբերյալ արձագանքել են նաև ԵՄ-ից, կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և բացել Լաչինի միջանցքը։
Նշենք, որ մինչ այս պահը Լաչինի միջանցքը դեռևս շարունակում է փակ մնալ։
Փետրվարի 24-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել է հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև: Քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ:
Պաշտոնական լրահոս
Արցախյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել։
Նույն օրը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, պատգամավորներ, գերատեսչությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ԱՀ ԱԺ-ը, որում ասվում էր, որ 35 տարիների ընթացքում իրագործված ազգային ամեն մի ծրագրի գաղափարական հենքը 1988-ի իրադարձություններն էին։
ԱՀ նախագահ Ա․ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Հարությունյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ: Կառավարության նիստում Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության:
ԱՀ ԱԳՆ –ից արձագանքել են 2023 թ․ փետրվարի 18-ին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարություններին՝ նշելով, որ պաշտոնական Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը։
Փետրվարի 21-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Քննարկվել է ԱՀ նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության: Ընդ որում՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում, ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները կարող են կանչվել ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:
ԱՀ ՊԲ-ից տեղեկացրել են, որ փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմում տուժածներ չկան։
ՌԴ խաղաղապահների մասին
ՌԴ խաղաղապահները Մարտակերտում և Շուշիում արձանագրել են հրադադարի ռեժիմի 3 խախտում: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։ Նշվում է նաև, որ խաղաղապահները շարունակում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի անխափան գործունեության համար։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղի տարածք ավելի վաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հերթական տարհանումը։ Միջոցառման արդյունքներով դուրս է բերվել 49 մարդ, այդ թվում ՝ 6 երեխա։
ԼՂ հակամարտության և Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքը։
ՀՀ վարչապետն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին: Կողմերը կարևորել են միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական քայլերը:
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար ու էներգետիկ ճգնաժամին։ ՀՀ վարչապետը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը:
ՀՀ ԱԳՆ ղեկավար Միրզոյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը:
Միրզոյանը փետրվարի 23-ին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին: Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով