Սիսիանում նոր ընտրություններ կլինեն. ընդդիմությունը թույլ չտվեց իշխանազավթում. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում անցկացվելու են ավագանու նոր ընտրություններ: ՔՊ-ին չհաջողվեց զավթել իշխանությունը շնորհիվ ընդդիմադիր ուժերի սկզբունքային դիրքորոշման։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Սիսիանում 21 մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 8, «Աշխատանք և արդարությունը»՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Մեկ Հայաստան» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններն էլ՝ 2–ական մանդատ։

Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել քպական Արմեն Հակոբջանյանը: Ընդ որում, նրան հաջողվել էր ընդամենը 9 քվե ստանալ, և իշխանական խմբակցությունն իր թեկնածուին ընտրել էր համայնքապետ։ Սիսիանում «Ապրելու երկիր» խմբակցության՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արա Զաքարյանը հայտարարել էր, թե անթույլատրելի և անընդունելի է նման կերպ համայնքապետ ընտրել, իսկ խմբակցությունն առաջինն էր վայր դրել մանդատները։ Հոկտեմբերի 15ին և 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չէին կայացել, և Արմեն Հակոբջանյանը չէր ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:

Ի վերջո, ընդդիմադիր մյուս ուժերը ևս հետևել էին «Ապրելու երկիր» կուսակցության սկզբունքային օրինակին, հրաժարվել մանդատներից։ ՔՊ և «Հանուն հանրապետության» կուսակցություններին չէր հաջողվել քվորում ապահովել, և «համայնքապետը» հրաժարական էր տվել։ Փաստացի Սիսիանում իշխանազավթում հնարավոր չեղավ իրականացնել հենց «Ապրելու երկիր» կուսակցության ջանքերով, մյուս ուժերն էլ գիտակցեցին, թե իշխող ուժն իրենց ցանկանում է ներքաշել կեղտոտ և անպտուղ խաղի մեջ։ Արդեն մարտի 26-ին նոր ու բուռն պայքար է սպասվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով