Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 6. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 7-ին «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո այլեւս չունի հնարավորություն եւ ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները եւ անվտանգությունը։ Ըստ Աղաջանյանի՝ արցախցիների անվտանգության երաշխավորը, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, միայն ռուս խաղաղապահներն են։ Նույն հարցազրույցում Աղաջանյանը կարծիք էր հայտնել նաեւ, որ առկա միակ ռեսուրսը արցախցիների իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցով միջազգային հանրության կողմից ճնշումներն են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ-ն, ըստ Աղաջանյանի, չունի որեւէ ռազմական, տնտեսական եւ քաղաքական ռեսուրս դրանց ապահովման համար։ «ՀՀ-ն որեւէ պրակտիկ, գործնական վերահսկողություն Արցախի նկատմամբ չունի նոյմեբերի 9-ից ի վեր։ Կրկնում եմ՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական նույնիսկ»,- հավելել է նա։ Էդուարդ Աղաջանյանը նշում է, որ վերոնշյալ իրավիճակը ծագել է 2020-ի նոյեմբերից։ Այս հայտարարությունները, սակայն, հակասում են պատերազմից հետո իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանն ու ներկայացրած նախընտրական ու կառավարության ծրագրերին։

Մասնավորապես, 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ ներկայացված նախընտրական ծրագրում՝ Արցախի հիմնախնդրի մասին բաժնում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային եւ ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»։

Իսկ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժնում ասվում է, որ առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը։ Այսինքն՝ ե՛ւ իշխող կուսակցության, ե՛ւ 2021-ին ընդունված կառավարության ծրագրերում կրկնվում է նախադասությունը, որ ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի «անվտանգության երաշխավորը», սակայն թե՛ Էդուարդ Աղաջանյանը, թե՛ այլ ՔՊ-ականներ շարունակաբար հայտարարում են, որ արդեն ռուսական խաղաղապահն է պատասխանատուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով